Հայաստանի ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս մանդատներից հրաժարվելը և նման դեպքերի համար սահմանում է համապատասխան կարգավորում, համաձայն որի եթե թեկնածուները հրաժարվում են մանդատից կամ ինքնաբացարկ են ներկայացնում, ապա տվյալ մանդատները մնում են թափուր։ Սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակում այս սցենարը կարող է չգործել։ Նման կարծիքի է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն, եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերից մեկը կամ մի քանիսը հրաժարվեն մանդատներից, իսկ նրանց ցուցակներում ընդգրկված թեկնածուները նույնպես ինքնաբացարկ ներկայացնեն, ապա կարող է ստեղծվել իրավիճակ, երբ խորհրդարանում ներկայացված կլինի միայն մեկ քաղաքական ուժ։ «Եթե մյուս երեք ընդդիմադիր ուժերը ամբողջությամբ հրաժարվում են մանդատից, ստացվում է, որ Ազգային ժողովը այդ պարագայում ունենալու է ընդամենը 60 պատգամավոր»,- ասել է նա։
Պողոսյանի խոսքով՝ իրավաբանորեն վիճելի է այն հարցը, թե նման խորհրդարանն ինչպիսի լեգիտիմություն կունենա, սակայն, ըստ նրա, առավել կարևոր է մեկ այլ հանգամանք։ Նրա կանխատեսմամբ՝ նման իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է գնալ Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար․ իսկ ⅗-ը ստանալու պարագայում պարզապես ԸՕ փոփոխության ճանապարհով, և խորհրդարան բերել այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցել են ընտրություններին և կարող են դիտարկվել որպես իրեն սատարող ուժեր։ «Ես կարծում եմ, որ չի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մենք ունենանք մի պառլամենտ, որը մինչև 2031 թվականը բաղկացած լինի միայն 60 պատգամավորից»,- նշել է նա։
Սահմանադրագետի կարծիքով՝ հենց այս պատճառով մանդատներից հրաժարվելու կոչը, որը հնչում է տարբեր հասարակական գործիչների կողմից, խնդրահարույց է։ «Ես չեմ կարծում, որ դա որևէ ձևով օգնելու է ընդդիմության ընդհանուր գործին»,- ասել է Պողոսյանը։ Նա նշել է, որ նույնիսկ այն դեպքում, եթե իշխանությունը չգնա օրենքների փոփոխության ճանապարհով, «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է շարունակել կառավարել, իսկ հետագայում, ըստ նրա, ամենայն հավանականությամբ կձեռնարկվեն քայլեր խորհրդարանի կազմը համալրելու ուղղությամբ։
Պողոսյանի խոսքով՝ եթե ընդդիմադիր ուժերը վերցնեն իրենց մանդատները, ապա խորհրդարանում կձևավորվի այնպիսի հարաբերակցություն, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 60 մանդատ, իսկ ընդդիմադիր ուժերը միասին՝ 45 մանդատ, ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում։ Նա ընդգծել է, որ այդ դեպքում իշխանությունը չի ունենա ոչ երեք հինգերորդ, ոչ էլ երկու երրորդ մեծամասնություն։ «Եթե Փաշինյանը չունի երեք հինգերորդ մեծամասնություն, ապա որևէ սահմանադրական օրենքում որևէ փոփոխություն հնարավոր չի մտցնել»,- նշել է սահմանադրագետը։
Պողոսյանի խոսքով՝ երեք հինգերորդ մեծամասնությունը անհրաժեշտ է ոչ միայն սահմանադրական օրենքների ընդունման կամ փոփոխության համար, այլև մի շարք կարևոր պաշտոնների ընտրության դեպքում։ Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորները, Վճռաբեկ դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ընտրվում են Ազգային ժողովի կողմից երեք հինգերորդ ձայներով։ «Եթե այդտեղ թափուր տեղեր են ավելանում, ՔՊ-ն միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել։ Ինքը պետք է ստիպված լինի առաջադրել այնպիսի թեկնածու, որը ընդունելի լինի նաև ընդդիմադիր խմբակցությունների համար»,- նշել է նա։ Սահմանադրագետը հավելել է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունն այն էր, որ երեք հինգերորդ շեմը կառավարող ուժին ստիպի գնալ փոխզիջումների և համագործակցության ընդդիմության հետ։
Անդրադառնալով երկու երրորդ մեծամասնության հարցին՝ Պողոսյանը նշել է, որ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։ «Քանի որ այդ երկու երրորդը չկա, ապա այս նոր ձևավորվելիք պառլամենտում Փաշինյանը չի կարող իր հիմնական խնդիրը լուծել»,- ասել է նա։Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, ապա իշխանությունը կարող է խորհրդարանը համալրել իրեն աջակցող ուժերով, ինչի արդյունքում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ մեծամասնությունները։
«Եթե ընդդիմությունը դնի իր մանդատները, ապա Փաշինյանը ամենայն հավանականությամբ իր պրոքսի ուժերով լցնելու է այդ պառլամենտը»,- եզրափակել է Պողոսյանը։

