Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ հավանություն տալու Սաուդյան Արաբիայի հետ «խաղաղ ատոմի» ոլորտում համագործակցության 30-ամյա համաձայնագրին, կարող է դառնալ վերջին տարիների ամերիկյան միջուկային քաղաքականության ամենանշանակալի փոփոխություններից մեկը: Փաստաթուղթը Էր-Ռիադի առջև ուղի է բացում սեփական միջուկային ծրագրի զարգացման համար և թույլատրում է թագավորության տարածքում ուրանի հարստացման օբյեկտների ստեղծման հնարավորությունը, ինչը միջուկային չտարածման ռեժիմի տեսանկյունից ավանդաբար համարվում է ամենազգայուն տեխնոլոգիաներից մեկը:
Քաղաքագետ Վահե Դավթյանի խոսքով՝ խոսքը ԱՄՆ Ատոմային էներգիայի մասին օրենքի 123-րդ հոդվածի շրջանակներում կնքվող համաձայնագրի մասին է, որը հայտնի է որպես «123 Agreement»: Սա իրավական հիմք է, որը Վաշինգտոնին թույլ է տալիս օտարերկրյա պետություններին փոխանցել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ, սարքավորումներ և նյութեր:
Վարչակազմի կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է անցնի ԱՄՆ Կոնգրեսում քննարկման ընթացակարգ: Օրենսդիրներն ունեն սահմանված ժամկետ, որի ընթացքում կարող են արգելափակել դրա ուժի մեջ մտնելը: Այսպիսով, քաղաքական որոշումն արդեն ընդունվել է Սպիտակ տան կողմից, սակայն համաձայնագրի վերջնական իրականացումը կախված է ամերիկյան օրենսդիր համակարգում հետագա գործընթացից:
Ինչպես նշում է Դավթյանը, նման համաձայնագրերն նշանակություն ունեն էներգետիկայի սահմաններից շատ ավելի հեռու: Դրանք ԱՄՆ արտաքին քաղաքականության երկարաժամկետ գործիք են, որոնք Վաշինգտոնին թույլ են տալիս ձևավորել տեխնոլոգիական դաշինքներ, ամրապնդել կարգավորման սեփական չափանիշները և ստեղծել գործընկերների կայուն կախվածություն ամերիկյան տեխնոլոգիաներից, սարքավորումներից և սպասարկումից:
«Ատոմային էներգետիկայում ազդեցությունը չափվում է ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով», — նշում է քաղաքագետը:
Հենց այդ պատճառով այս ոլորտում համաձայնագրերը դառնում են ավելի լայն աշխարհաքաղաքական ճարտարապետության մաս: Տարիներ շարունակ ԱՄՆ-ն կոշտ դիրքորոշում ուներ իր գործընկերներին ուրանի հարստացման տեխնոլոգիաների փոխանցման հարցում: Վաշինգտոնը նման հզորությունները դիտարկում էր որպես ռազմական միջուկային ցիկլի պոտենցիալ տարր և ձգտում էր սահմանափակել դրանց տարածումը: Ամենացայտուն օրինակներից մեկը դարձավ 2009 թվականին Միացյալ Արաբական Էմիրությունների հետ կնքված պայմանագիրը: Այն ժամանակ Աբու Դաբին կամավոր հրաժարվեց ուրանի հարստացման իրավունքից, և համաձայնագիրը հայտնի դարձավ որպես միջուկային չտարածման ամերիկյան մոտեցման «ոսկե ստանդարտ»:
Սակայն Սաուդյան Արաբիայի պարագայում ԱՄՆ-ն փաստացիորեն ցույց է տալիս շեղում նախկին գծից: Դավթյանի կարծիքով՝ Վաշինգտոնն այսօր առաջնորդվում է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև Պարսից ծոցի ատոմային էներգետիկայի ռազմավարական կարևոր շուկայում ազդեցությունը պահպանելու ձգտումով:
«Խոսքը ամերիկյան ատոմային արդյունաբերությունից Էր Ռիադի երկարաժամկետ տեխնոլոգիական կախվածության ձևավորման և միաժամանակ տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքերի ուժեղացումը թույլ չտալու մասին է», — հավելում է քաղաքագետը:
Համաձայնագրի ամենավիճահարույց կետը մնում է Սաուդյան Արաբիայում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ ուրանի հարստացման ձեռնարկությունների կառուցման հնարավորությունը: Հենց այս հատվածն է ամենաշատ հարցերն առաջացնում միջուկային անվտանգության մասնագետների շրջանում, քանի որ հարստացման տեխնոլոգիան ամբողջական միջուկային վառելիքային ցիկլի առանցքային տարրերից է: Առաջանում է նաև ակնհայտ քաղաքական հակասություն. ԱՄՆ-ն շարունակում է Իրանից պահանջել առավելագույն սահմանափակումներ ուրանի հարստացման հարցերում՝ միաժամանակ թույլատրելով նմանատիպ տեխնոլոգիաների զարգացումը Սաուդյան Արաբիայում, որը Թեհրանի գլխավոր տարածաշրջանային մրցակիցներից է:
Դավթյանի խոսքով՝ նման իրավիճակն արտացոլում է մերձավորարևելյան քաղաքականության նոր իրականությունը, որտեղ միջուկային էներգետիկան դառնում է ոչ միայն էներգետիկ անվտանգության հարց, այլև ռազմավարական ազդեցության գործիք:
«Մենք ականատես ենք լինում աշխարհատնտեսական մրցակցության նոր փուլի մեկնարկին: Պայքարն ընթանում է արդեն ոչ թե պարզապես ռեակտորների արտահանման, այլ համապարփակ միջուկային վառելիքային ցիկլի վերահսկողության համար՝ արտադրության տեխնոլոգիաներից մինչև երկարաժամկետ սպասարկում: Հենց այս վերահսկողությունն է դառնում քաղաքական ազդեցության գործիք տասնամյակներ ընդառաջ», — եզրափակում է քաղաքագետը:

