ԱՄՆ-Իրան շարունակվող հակամարտությունը կարող է զարգանալ երկու հնարավոր սցենարներով, սակայն դրանցից յուրաքանչյուրն իր հետևանքներն է ունենալու ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Նման կարծիքի է փորձագետ Վարդան Խաչատրյանը։
Փորձագետի խոսքով՝ առաջին սցենարի դեպքում Միացյալ Նահանգները կարող է հայտարարել, որ իր առջև դրված խնդիրներն արդեն իրականացրել է և հեռանալ հակամարտության ակտիվ փուլից։ «ԱՄՆ-ը կարող է հայտարարել, որ մենք արդեն հաղթել ենք և դուրս ենք գալիս այդ տարածաշրջանից, իսկ մնացած խնդիրները թող լուծեն միջազգային կառույցները։ Կասեն, որ Պարսից ծոց մտնող և այնտեղից դուրս եկող նավերից որևէ վճար չպետք է գանձվի, Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում որևէ խոչընդոտ չպետք է լինի։ Այդ ամենը կներկայացվի որպես ամերիկյան հաղթանակ, իսկ ԱՄՆ-ում դրա շուրջ կձևավորվի քաղաքական շոու»,- ասաց նա։
Սակայն, ըստ Խաչատրյանի, նույնիսկ նման հայտարարությունից հետո մի շարք հիմնարար հարցեր բաց կմնան՝ արդյոք ամբողջությամբ կբացվի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, ինչպես կգործի Պարսից ծոցը և ինչ զարգացումներ կլինեն Իսրայելի անվտանգության շուրջ։ Այս բոլոր խնդիրների լուծումը կծանրացվի միջազգային կառույցների վրա։
«Եթե այս տարբերակը չաշխատի, ապա ԱՄՆ-ը կփորձի հավաքել բոլոր այն ուժերին, որոնք կարող են կիրառվել Իրանի դեմ պրոքսի պատերազմի շրջանակում»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ նման սցենարում կարևոր դեր կարող են ունենալ Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջան պետությունը, որն ունի սերտ հարաբերություններ Իսրայելի հետ։
«Մենք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեսանք այդ համագործակցության բնույթը և լավ տեղեկացված ենք, թե ինչ գործընթացներ էին տեղի ունենում։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր բանակի վերափոխումը։ Իրենք հայտարարում են, որ բանակը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն հարց է առաջանում՝ ինչի՞ համար։ Իմ խորին համոզմամբ՝ դա արվում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում ադրբեջանական և թուրքական բանակները կարողանան գործել մեկ միասնական համակարգով Իրանի դեմ»,- ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց նաև Թուրքիայի նախկին ռազմական ատաշե, գնդապետ Իհսան Սեպայի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիային փորձում են ներքաշել ՆԱՏՕ-ի և Իրանի հնարավոր հակամարտության մեջ։ Խաչատրյանի խոսքով՝ այդ հայտարարությունը պատահական չէ, քանի որ այն հնչեցրեց մարդ, որը երկար տարիներ ծառայել է ՆԱՏՕ-ի համակարգում և տեղյակ է այնտեղ ընդունվող որոշումների տրամաբանությանը։ «Նա փաստացի ահազանգում է, որ բոլորը պետք է զգոն լինեն, որովհետև Թուրքիային կարող են ներքաշել այդ պատերազմի մեջ։ Եթե նման գնահատական է տալիս ՆԱՏՕ-ի հետ երկար տարիներ աշխատող անձ, դա չի կարելի անտեսել»,- ընդգծեց նա։
Փորձագետը նաև կապեց այդ հայտարարությունը վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական գործընթացների՝ Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ։ Նրա կարծիքով՝ չի բացառվում, որ այդ հանդիպումների ընթացքում թուրքական իշխանությունները ստանձնել են որոշակի պարտավորություններ, որոնց մասին առայժմ հրապարակային չի խոսվում։ Որպես նման սցենարի հնարավոր նախապատրաստման ցուցիչ փորձագետը մատնանշեց Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները։ «Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ է վաճառել Ս-400-ները և փոխարենը ձեռք բերել Patriot համակարգեր։ Սա նշանակում է, որ Անկարան արդեն ենթարկվել է լուրջ ճնշման։ Ս-400-ները Թուրքիան մեծ պայքարով էր ձեռք բերել։ Եթե հիմա հրաժարվում է այդ համակարգերից, ապա դա մ լուրջ ազդանշան է»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայի հնարավոր ներգրավման դեպքում պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ռազմական ներուժը։ «Ադրբեջանը հայտարարում է, որ ունի 150-հազարանոց բանակ և շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է ձեռք բերել։ Եթե այս ամենը գումարում ենք Թուրքիայի հնարավոր մասնակցությանը, ապա ստացվում է, որ Իրանը պետք է սպասի հնարավոր ռազմական հարվածի»,- ասաց նա։
Փորձագետի գնահատմամբ՝ Թուրքիայի և Իրանի միջև հակասությունները միայն կրոնական հողի վրա չեն ձևավորվել։ «Խոսքը միայն սուննի-շիա հակադրության մասին չէ։ Այս երկու երկրները պատմականորեն մրցակից են եղել տարածաշրջանում ազդեցության համար։ Եթե Իրանը կարողանում է բարձրացնել իր միջազգային դիրքերը, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող անտարբեր մնալ դրան, քանի որ դա վերաբերում է նաև իր ռազմավարական շահերին»,- նշեց նա։

