Բաքվի հռչակած «ազգային նոր նպատակը» ուղիղ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը

Ադրբեջանը տարիներ շարունակ հետևողականորեն փորձում է միջազգային և ներքին տեղեկատվական դաշտում առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ այն ներկայացնելով որպես պատմական արդարության վերականգնման կամ «վերադարձի իրավունքի» հարց։ Սակայն մասնագետները զգուշացնում են, որ նման ձևակերպումները ոչ միայն իրավական հիմք չունեն, այլև հանդիսանում են քաղաքական գործիք՝ ուղղված Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների լեգիտիմացմանը։ 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը համոզված է, որ «ադրբեջանցիների վերադարձ» եզրույթի կիրառումն անընդունելի է, իսկ այն նույն հարթության մեջ դնելը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ՝ վտանգավոր մանիպուլյացիա։ Հայրապետյանը նշում է, որ երկար տարիներ հետևողականորեն պայքարում է ադրբեջանական քարոզչական տերմինաբանության կիրառման դեմ և մշտապես կոչ է անում Ադրբեջանի սպառնալիքներին տալ հստակ քաղաքական գնահատական։

«Եթե մեր երկրի տարածքը արդեն չորս տարի է բնութագրվում պատմության մեջ գոյություն չունեցող տերմինով, այն հռչակվում է «ազգային նոր նպատակ», դրա վրա ծախսվում են հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, այն ներառվում է կրթական ծրագրերում, ապա դա վաղուց դարձել է Հայաստանի ազգային անվտանգության խնդիր։ Պարզապես մենք դեռևս դրան համապատասխան գնահատական չենք տվել»,– ընդգծում է նա։

Անդրադառնալով այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»՝ փորձագետը հիշեցնում է, որ նախընտրական շրջանում ուշադրություն էր դարձրել «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությանը, ըստ որի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանցիների համար Հայաստանի Հանրապետության տարածք «վերադարձի» թեման փակված է։ Հայրապետյանը պատմում է, որ հետազոտության շրջանակում դիմել է նախկին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ներկայացնել այդ պնդման իրավական հիմքերը։ Ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ներկայումս միջազգային որևէ դատական ատյանում ադրբեջանցիները չեն կարող բարձրացնել իրենց ենթադրյալ «վերադարձի իրավունքի» հարցը։ Նրա խոսքով՝ պատճառը ժամանակային սահմանափակումներն են, որոնք հստակ արձանագրվել են միջազգային երկու հեղինակավոր դատարանների որոշումներում։

Առաջին օրինակն, ըստ նրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործն է։ Դատարանը 2021 թվականին անընդունելի է ճանաչել Քարվաճառում բնակված ադրբեջանցի դիմումատուի հայցը՝ արձանագրելով, որ Հայաստանը Եվրոպական կոնվենցիային միացել է 2002 թվականին, մինչդեռ դիմողը միայն 2008 թվականին է ներկայացրել գանգատը՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու է սպասել ենթադրյալ խախտումից ավելի քան 15 տարի, իսկ Հայաստանի անդամակցությունից՝ վեց տարի։

Հայրապետյանի գնահատմամբ՝ այս որոշումը կարևոր նշանակություն ունի նաև այն պատճառով, որ նույն՝ 2021 թվականին Ադրբեջանը Հայաստանի դեմ ներկայացրած միջպետական գանգատում բարձրացրել էր 1990-ականներին Արցախից և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սեփականության իրավունքի պաշտպանության հարցը։ Նրա համոզմամբ՝ «Սամադովի» գործով կայացված որոշումն արդեն իսկ կանխորոշել է այդ պահանջների ճակատագիրը, քանի որ դրանք ևս ենթակա են անընդունելի ճանաչվելու՝ ժամկետների խախտման հիմքով։

Փորձագետն առանձնացնում է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով դատարանը արձանագրել է, որ իրավազորություն չունի քննելու Ադրբեջանի այն պահանջները, որոնք վերաբերում են 1993-1996 թվականների իրադարձություններին, այդ թվում՝ ադրբեջանցիների ենթադրյալ տեղահանություններին։ «Այսպիսով, ակնհայտ է, որ ներկայում որևէ ադրբեջանցի որևէ միջազգային ատյանում չի կարող բարձրացնել սեփականության կամ վերադարձի իրավունքի հետ կապված հարցեր։ Ցանկացած նման փորձ ձախողվելու է՝ հաշվի առնելով միջազգային երկու հեղինակավոր դատարանների ձևավորված դիրքորոշումները»,– նշում է Հայրապետյանը։

Միաժամանակ նա ընդգծում է, որ իրավիճակը սկզբունքորեն տարբեր է արցախահայերի դեպքում։ «Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախահայերը շարունակում են ունենալ նման պահանջ ներկայացնելու իրավունք, որն արդեն ամրագրված է միջազգային դատարանների որոշումներով։ Այս թեմային կանդրադառնամ առանձին»,– գրում է նա։

Ամփոփելով՝ ադրբեջանագետը պնդում է, որ փաստերի և միջազգային իրավունքի տեսանկյունից գոյություն ունեն բոլոր հիմքերը «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը գնահատելու որպես զավթողական քաղաքականություն, այլ ոչ թե «վերադարձի իրավունքի» իրացում։ «Սա որևէ առնչություն չունի «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» հետ։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս զավթողական ծրագիրը նույն հարթության մեջ են դնում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ, փաստացի փաստաբանություն են անում Ադրբեջանի օգտին՝ «նորմալացնելով» ադրբեջանական զավթողականությունը»,– եզրափակում է Տաթևիկ Հայրապետյանը։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top