ԱՄՆ-ը կարող է Հայաստանին տրամադրել հատուկ դաշնակցային կարգավիճակ, բայց․․․ 

Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այս պահին շարունակում են զարգանալ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված փաստաթղթի տրամաբանությամբ, սակայն ապագայում չի բացառվում համագործակցության ավելի բարձր մակարդակի անցումը այդ թվում նար ռազմական ոլորտում։ 

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը այս համատեքստում անդրադարձավ ԱՄՆ-ում  ընդունված օրենսդրական փաթեթին, որով նախատեսվում է հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնում, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Ամերիկագետի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը պատահական չէ և արտացոլում է Թրամփի վարչակազմի ընդհանուր քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս փուլը բացառիկ է, և Միացյալ Նահանգները փորձում են հնարավորինս արագ խորացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլև անվտանգության, պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Սարգսյանի գնահատմամբ՝ տեսականորեն Վաշինգտոնը կարող է Հայաստանին տրամադրել ԱՄՆ-ի «ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակից» հատուկ կարգավիճակը։ Նրա  խոսքով՝ ԱՄՆ-ն անվտանգության ոլորտում տարբեր երկրների հետ ունի մի քանի մակարդակի հարաբերություններ։ Դրանք ներառում են ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներին, ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակիցներին, ինչպես նաև առանձնահատուկ նշանակություն ունեցող գործընկերներին։ Սարգսյանը հիշեցրեց, որ նման կարգավիճակ ունեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան և Նոր Զելանդիան, իսկ ԱՄՆ-ի անվտանգային համակարգում առանձնահատուկ դեր ունեն նաև Իսրայելը և Ճապոնիան։

Ամերիկագետը նշում է, որ տեսականորեն Հայաստանը նույնպես կարող է ստանալ նման կարգավիճակ, սակայն չի կարծում, որ Վաշինգտոնը նման որոշում կկայացնի միայն Հայաստանի նկատմամբ։  Նրա համոզմամբ՝ նույն կարգավիճակը կարող է տրամադրվել նաև Ադրբեջանին, որպեսզի Միացյալ Նահանգները երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնի նույն տրամաբանությամբ։  Սարգսյանի գնահատմամբ՝ նման կարգավիճակի շնորհումը խորհրդանշական քայլ չէ։ Այն հնարավորություն է տալիս հարաբերությունները տեղափոխել որակապես նոր մակարդակ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում։

Միևնույն ժամանակ՝ ամերիկագետը նշում է, որ հարաբերությունների առավել բարձր մակարդակի անցումը կարող է ունենալ իր «գինը»։ Սակայն, ըստ նրա, խոսքը ոչ այնքան ֆինանսական, որքան քաղաքական գնի մասին է։ Սարգսյանի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ-ն երբևէ Հայաստանին առաջարկի ավելի բարձր դաշնակցային կարգավիճակ, հնարավոր է դրա դիմաց առաջադրվեն քաղաքական պահանջներ։ Այդպիսի պահանջների շարքում նա չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու, Եվրասիական տնտեսական միությունից հրաժարվելու կամ Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցերը։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ հնարավոր քաղաքական պայմանները կախված կլինեն ոչ միայն Վաշինգտոնի առաջնահերթություններից, այլև միջազգային ընդհանուր իրավիճակից։ Նրա խոսքով՝ որոշիչ նշանակություն կունենան ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումը, Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ, ինչպես նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունների ընթացքը։

Սարգսյանի գնահատմամբ՝ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը դուրս գան առկա փակուղուց և անցնեն ավելի կառուցողական երկխոսության, իսկ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը շարունակեն բանակցային գործընթացը, ապա ամբողջ տարածաշրջանային իրադրությունը կարող է էապես փոխվել։ Այդ պայմաններում, նրա խոսքով, հնարավոր կլինի ավելի հստակ գնահատել, թե ինչ քաղաքական պայմաններով և ինչ ձևաչափով կարող են զարգանալ հայ-ամերիկյան հարաբերությունները։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top