Իշխանության կողմից եկեղեցու դեմ սկսած արշավը՝ նախընտրական բնույթ է կրում։ Այն ունի բաղադրիչ՝ ստանալ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող կամ եկեղեցականների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող որոշակի զանգվածի աջակցությունը, որը շատ մեծ չէ Հայաստանում, և չեզոքացնել Հայ Առաքելական Եկեղեցին, որպես գործոն: Նման կարծիքի է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Սա բացարձակ իշխանության՝ բռնապետության, հաստատման ճանապարհ է։ Հաճախ խոսվում է նրա մասին, որ եթե Հայաստանում բռնապետություն լիներ, ապա հնարավորություն չէր լինի արտահայտելու ձեր տեսակետը։ Բայց այստեղ շատ նուրբ հարց կա․ ինչո՞վ են, օրինակ, տարբերվում ավտորիտար և տոտալիտար վարչակարգերը։ Ավտորիտար ռեժիմների պարագայում կա ձևական խոսքի ազատություն, բայց այն պահին, երբ դուք իրական վտանգ կներկայացնեք տվյալ ռեժիմի գոյության համար, վրա կհասնի ռեժիմի մամլիչ ուժը: «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի օրինակը ամենացայտուն օրինակն էր՝ ընդամենը հարելով շարժմանը և քննադատելով իշխանություններին նա ուղղակի ծիծաղելի հանգամանքներում ձերբակալվեց և ապա նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ: Սա մինչ այժմ եղած բոլոր շարժումների պատմության մեջ եզակի դեպքն է․ մարդը ընդամենը հանդարտության կոչ է անում, և դրա համար իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում: Ահա այստեղ մենք գալիս ենք արդեն ավտորիտար ռեժիմի գործիքակազմին», — նշել է նա:
Ըստ Պողոսյանի՝ ավտորիտար ռեժիմը, որը այսօր փորձ է արվում հաստատել Հայաստանում, ունի նաև տոտալիտար ռեժիմին բնորոշ հատկանիշներ․ իշխանության մերձակա շրջանակները, հայհոյանքով և այլ ճանապարհներով, փորձում են լռեցնել ցանկացած ընդդիմադիր խոսք:
«Հովհաննավանքում հենց դա տեղի ունեցավ, երբ քաղաքացին պարզապես հայտարարեց, որ այսինչ մարդը իրավունք չունի ծես կատարել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցում, և մենք տեսանք, ինչպես այդ մարդուն, բերանը փակելով, դուրս հանեցին եկեղեցուց՝ Աստծո տնից», — նշեց քաղաքագետը:
Հայաստանում ավտորիտար ռեժիմի հաստատման համատեքստում է Պողոսյանը դիտարկում նաև եկեղեցու դեմ արվող քայլերը։
«Նպատակն է՝ եկեղեցին ենթարկել իշխանության վերահսկողությանը։ «Այն խոսքը, որը հնչում է եկեղեցուց իշխանության հասցեին, իշխանությունը ընկալում է որպես իր կառավարման և լեգիտիմության համար վտանգ։ Հետևաբար՝ իշխանությունը ձգտում է տարբեր կոմպրոմատային մեթոդներ կիրառելով լռեցնել եկեղեցին և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ եկեղեցական ինստիտուտը կլինի իշխանությունների նկատմամբ լոյալ և կանխատեսելի», — պնդում է քաղաքագետը։
Եկեղեցին ի դեպ առաջին ինստիտուտը չէ Հայաստանում, որի դերն ու նշանակությունը փորձում են չեզոքացնել։
«Նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինեց մի նախագահ, որի անունը մեր հասարակությանը գրեթե անծանոթ էր։ Մինչ այդ մենք ականատես ենք եղել նախագահի և վարչապետի ինստիտուտների միջև որոշակի հակակշռի գոյությանը, դիմադրությունը սահմանափակ էր, բայց առկա էր։ Այժմ այդ դիմադրությունը վերացել է, և նախագահի ինստիտուտը վերածվել է ընդամենը ստորագրող, հրամաններ իրականացնող մարմնի։ Գործնական առումով նույնիսկ դրա անհրաժեշտությունն է նվազել», — նշել է Պողոսյանը։
Ըստ նրա՝ պետության կառուցվածքում ձևականորեն պահպանվել է նախագահի պաշտոնը, սակայն այն զրկված է բովանդակությունից։
«Խորհրդարանական երկրներում նույնիսկ խորհրդանշական նախագահի ինստիտուտը կոչված է իրականացնելու հասարակության և կառավարության միջև հաշտարարի դեր՝ հանդես գալով որպես համերաշխության խորհրդանիշ։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում նախագահական ինստիտուտը չի կատարում այդ դերակատարությունը․ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները երբեք չեն վստահի այս հաստատությանը, քանի որ այն ընկալվում է որպես կառավարության կցորդ, ոչ թե անկախ մարմին», — բացատրում է Պողոսյանը։
Հենց այս համատեքստում, երբ խոսվում է ավտորիտար ռեժիմի մասին, որը զուգորդված է տոտալիտարիզմի տարրերով, նկատի է առնվում այն իրավիճակը, երբ ամբողջական իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի ձեռքում, ընդգծում է նա։
«Գոյություն ունեն ձևական ինստիտուտներ, որոնք ըստ էության պետք է ապահովեն հասարակական կայունություն, սակայն դրանք գործում են միայն ձևական՝ առանց իրական բովանդակության, անկախության և վերահսկողության մեխանիզմների», — եզրափակեց նա։

