ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաբանկ չի գնում, քանի որ չունի նման խաղադրույք կատարելու բավարար սուբյեկտություն: Իրականում Փաշինյանը մեծ կախվածություն ունի արտաքին միջավայրից: Նման կարծիքի է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ քաղաքագետի՝ խաղադրույքի աստիճանը որոշում են արտաքին խոշոր խաղացողները, իսկ պատկերը բազմաթիվ շերտեր ունի: Այդուհանդերձ, Փաշինյանը անում է առավելագույնը իշխանությունը պահելու համար:
Ադրբեջանը էլ իր հերթին փորձում է տեղավորվել ընթացոխ խոշոր աշխարհաքաղաքական պրոցեսներում:
«Գործողությունների ակունքները ավելի հեռու են, քան Ադրբեջանը: Սակայն Ալիևը վերջին տարիներին կարողացել է հարմարվել միջազգային հոսանքներին և լուծել Հայաստանի հետ կապված հարցերը: Հիմա էլ նա տեղավորվում է այդ հոսանքում՝ քաղելով իր շահը», — նշում է նա:
Հենց այս համատեքստում էլ փորձագետը դիտարկում է Ալիևի հայտարարությունը դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը հանելու մասին․
«Իմ գնահատմամբ սա առավելապես քարոզչական տրամաբանության մեջ կազմակերպված ակցիա է։ Առաջիկայում կլինեն նման պրակտիկ որոշումներ, որոնց հիմնական նպատակը քարոզչական էֆեկտն է Փաշինյանի նախընտրական գործընթացների համար: Համաձայնագիրը Փաշինյանին տվել է խաղաթուղթ՝ խաղաղություն բերելու մասին խոսելու համար, իսկ դրա դիմաց նա զիջումներ է կատարել, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցում», — ասում է նա:
Բադալյանը նշում է, որ փաստաթուղթը միջանցքային տրամաբանություն ունի, և Հայաստանը որպես պետություն ստացել է միայն ժամանակավոր կայունություն, որը ավելի շատ պայմանավորված է աշխարհաքաղաքական միջավայրով:
«Նիկոլ Փաշինյանը շահել է հենց այդ քարոզչական խաղաթուղթը, որովհետև եթե դա չլիներ, եթե չլիներ ասելու հնարավորությունը, որ ահա ես բերել եմ խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չուներ էլեկտորատին ներկայացնելու որևէ այլ առարկայական ձեռքբերում», — ընդգծում է քաղաքագետը:
2021 թվականի նախընտրական ծրագրում խաղաղությունը այլ կառուցվածք ուներ՝ Արցախի հեռանկարներով, Շուշիի և Հադրութի դեօկուպացիայով: Հինգ տարի անց խաղաղությունը հակառակ բովանդակություն ունի, բայց առանց այդ խոսելու հնարավորության Փաշինյանը ոչինչ չուներ ներկայացնելու: Այդ հնարավորությունը տրվել է օգոստոսի 8-ին՝ բխելով Ադրբեջանի և խոշոր խաղացողների շահերից, որպեսզի պահպանվի Հայաստանի պետական քաղաքականության գործող տրամաբանությունը:

