Թուրքիայի հետ սահմանի բացումը չի նվազեցնի բեռնափոխադրումների ինքնարժեքը

Բյուջեն շարունակում է կառուցվել նույն մեխանիկական տրամաբանությամբ

ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեն, թվային առումով, թվում է հավակնոտ, սակայն բյուջեն շարունակում է կառուցվել նույն մեխանիկական տրամաբանությամբ․ թվերը փոխվում են, բայց տնտեսական մոդելը՝ ոչ։ Նման կարծիքի է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։  

«Թվային առումով, թվում է հավակնոտ՝ նախատեսվում է պետական եկամուտների շուրջ 8.9 տոկոս աճ, կապիտալ ծախսերի ընդլայնում՝ ՀՆԱ-ի 3.4 տոկոսի սահմաններում, ինչպես նաև ընդհանուր տնտեսական աճ՝ մոտ 4.5–5 տոկոս տեմպով։ Թվերը ներկայացվում են որպես հաջողության ցուցանիշ, սակայն դրանց ետևում բացակայում է ամենակարևորը՝ տնտեսական քաղաքականության իմաստը», — նշում է նա։

Ըստ  Անանյանի՝  բյուջեն շարունակում է կառուցվել նույն մեխանիկական տրամաբանությամբ․  

«Չկա պատասխան այն հարցին, թե ինչպես են այս ծախսերը վերափոխելու երկրի արտադրական կառուցվածքը, խթանելու արտահանումը կամ ձևավորելու նոր տնտեսական ուղղություններ։ Թվերը չեն բացատրում, թե ինչն է փոխվելու պետության տնտեսագիտական կեցվածքում»։

Նա նշում է, որ կապիտալ ծախսերի կատարողականը մնում է ամենաթույլ օղակը։ Այս տարվա ընթացքում դրանց իրականացումն էականորեն հետ է մնացել՝ կազմելով ընդամենը 32–35 տոկոս, ինչը փաստում է ծրագրային կառավարման անկատարությունը և ինստիտուցիոնալ պասիվությունը, ասում է Անանյանը։ Այս իրավիճակում, շարունակում է նա, կապիտալ բյուջեի աճի մասին խոսելն ավելի շատ հաշվառման նշանակություն ունի, քան թե՝ տնտեսական արդյունք ապահովելու միտում։

Բյուջետային հատկացումների կառուցվածքը ևս վկայում է անհամաչափ առաջնահերթությունների մասին, կարծում է Անանյանը։ 

«Արդարադատության նախարարության ֆինանսավորումը աճում է՝ հասնելով 24 մլրդ դրամի, դատախազության բյուջեն ևս աճում է՝ հասնելով 10.6 մլրդ դրամի, իսկ Էկոնոմիկայի նախարարության հատկացումները, ընդհակառակը, նվազում են շուրջ 5 մլրդ դրամով՝ սահմանվելով 74.5 մլրդ դրամ։ Այս միտումը ցույց է տալիս, որ վարչարարական համակարգերը համալրվում են, մինչդեռ տնտեսական զարգացման կառույցները մնում են երկրորդ պլանում», — նշում է նա։

Բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող 37.3 մլրդ դրամը, թեև դիտվում է որպես առաջընթաց, սակայն նույնպես զերծ է հստակ արդյունքային չափորոշիչներից, պնդում է Անանյանը․ 

«Առանց արդյունքային ցուցանիշների (KPI-ների), այսինքն՝ արդյունքների մոնիտորինգի և իրական ազդեցության չափման մեխանիզմների՝ ցանկացած թիվ մնում է գրեթե ձևական»։

Ամենամեծ բացը, նշում է նա,  շարունակում է մնալ հանրային ֆինանսների կառավարման որակը։ 

«Այս բյուջեն ներկայացվում է որպես զուտ փաստաթուղթ, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք։ Այն հաշվետվական է, բայց ոչ ռազմավարական։ Ծրագրերը շարունակում են մնալ ձևակերպումների մակարդակում՝ առանց համակարգային վերափոխման, առանց տնտեսական արդյունքի պարտադրանքի», — համոզված է Անանյանը։

Այս իրավիճակում 2026 թվականի բյուջեն չի կարող ընկալվել որպես նոր տնտեսական շրջադարձի սկիզբ, պնդում է նա։ 

«Այն արտահայտում է ընթացիկ պահպանման տրամաբանությունը՝ առանց կառուցվածքային փոփոխության հստակ ուղեգծի։ Թվերը մեծ են, խոստումները՝ հնչեղ, բայց դրանց ետևում պետությունը դեռ չի ձևակերպել իր տնտեսական նպատակը։ Եզրակացությունը պարզ է․ այս բյուջեն խոսում է գումարների մասին, բայց ոչ՝ քաղաքականության մասին։ Իսկ երբ բյուջեն կորցնում է իր քաղաքական բովանդակությունը, այն դադարում է լինել զարգացման փաստաթուղթ և վեր է ածվում սովորական հաշվետվության», — նշում է նա։

Հայաստանի տնտեսությանը պետք են ոչ թե նկարած մեծ թվեր, այլ մեծ մտադրություն՝ վերափոխման, արդիականացման և ինստիտուցիոնալ հզորացման ուղղությամբ։ Առանց դրա՝ յուրաքանչյուր հաջորդ բյուջե պարզապես կրկնում է նախորդի սխալները՝ նոր թվերով,  եզրափակում է նա։ 

Scroll to Top