ԵՄ բարձր մակարդակի այցերն ու գագաթնաժողովները՝ հստակ նախընտրական ուղերձ

ԵՄ բարձր մակարդակի այցերն ու գագաթնաժողովները՝ հստակ նախընտրական ուղերձ

Երևանում  Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ու Հայաստան–ԵՄ բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ կրում են հստակ քաղաքական ուղերձներ։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը երբևէ իր պատմության մեջ այս չափի միջոցառում չի կազմակերպել։ «Միակ համեմատելի օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն էր, սակայն այդ ժամանակ միջազգային ուշադրության մակարդակը զգալիորեն ավելի ցածր էր։ Այս անգամ իրավիճակը բոլորովին այլ էր, «մեծ հաշվով Եվրոպայի բոլոր առաջատար երկրների առաջնորդները գտնվում էին Հայաստանում», — նշեց նա։ Գրիգորյանի գնահատմամբ՝ նման մասշտաբի միջոցառման հաջող կազմակերպումը ինքնին արդեն դրական հանգամանք է Հայաստանի համար։

Ընտրություններից մեկ ամիս առաջ՝ հստակ քաղաքական մեսիջներ

Գրիգորյանը հատուկ ուշադրություն է հրավիրում ժամանակային համընկման վրա՝ ընդգծելով, որ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ նման ծավալի միջոցառումների անցկացումը դժվար է դիտարկել որպես զուտ տեխնիկական կամ պատահական գործընթաց։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի բովանդակության վրա՝ նշելով, որ այն, ըստ էության, չի բերել նոր գործընթացների կամ նոր պայմանավորվածությունների։

Նրա խոսքով՝ նույնիսկ եզրափակիչ հայտարարության մեջ նոր օրակարգի կամ նոր համաձայնությունների մասին հիշատակում չկա, և փաստաթուղթը հիմնականում ամփոփում է արդեն հայտնի և ընթացող գործընթացները։

Այս հանգամանքը՝ Հայաստան–Եվրամիություն գագաթնաժողովի անցկացումը և գործընթացների հիշատակումը, ըստ էության պետք է դիտարկել նույն ներքաղաքական համատեքստում։

Մակրոնի այցն ու Գյումրիի միջոցառումը՝ նույն տրամաբանության մեջ

Գրիգորյանի գնահատմամբ՝ նախընտրական շրջանում  Ֆրանսիայի նախագահի պետական  այցը և Գյումրիում կազմակերպված միջոցառումները՝ ներառյալ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած ջերմ շփումները, նույնպես պետք է դիտարկվեն քաղաքական նույն տրամաբանության շրջանակում։

Քաղաքագետը ուշադրությունը հրավիրում է նաև այն հանգամանքին, որ թեև Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթը պլանավորվում էր վաղուց ստորագրել և դրա մասին երկար ժամանակ քննարկումներ կային տարբեր մակարդակներում, փաստաթուղթը ստորագրվեց հենց ընտրությունների նախաշեմին։ Նրա գնահատմամբ՝ սա նույնպես աջակցության ազդակ էր։

ԵՄ հետաքրքրության աճը և Հայաստանի տարածաշրջանային դերը

Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ գոյություն ունի նաև երկրորդ գործոն՝ Հայաստանի նկատմամբ Եվրամիության աճող հետաքրքրությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դարձել է Հարավային Կովկասում Եվրամիության համար ամենակարևոր և գրեթե միակ գործընկերը, որը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Բրյուսելի հետ։ Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, ըստ նրա, ուղղակի ազդեցություն են ունեցել այս գործընթացների վրա, իսկ Ադրբեջանը սահմանափակ հետաքրքրվածություն ունի քաղաքական համագործակցության խորացման հարցում։

Գրիգորյանը ընդգծում է, որ Հայաստանի նշանակությունը զգալիորեն աճել է Բրյուսելում, և այս գագաթնաժողովը նաև այդ փոփոխության արտացոլումն է․ Հայաստանը արդեն գտնվում է Եվրամիության օրակարգում։

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը դիտարկվում է որպես ԵՄ-ի համար տարածաշրջանում «վերջին հենարաններից մեկը»։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top