Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցության «սառեցման» քաղաքականությունը ոչ միայն անարդյունավետ է, այլև վտանգավոր՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակներում։ Նման կարծիքի է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Երևանը փորձում է այդ ձևաչափով մոլորեցնել ներքին լսարանին, սակայն միջազգային հարթակում նման մոտեցումը չի աշխատում և բերում է ավելի լուրջ հետևանքների։
«Սառեցումը»՝ պատասխանատվությունից խուսափելու միջոց
Մարտիրոսյանը նշում է, որ ՀԱՊԿ-ը որպես համակարգ չի գործում և արդեն իսկ «դավաճանել է» Հայաստանին։ Սակայն, նրա կարծիքով, կազմակերպությունից ամբողջությամբ դուրս չգալը և միայն անդամակցությունը «սառեցնելը» հակասական իրավիճակ է ստեղծում։
Նրա ձևակերպմամբ՝ «սառեցումը» կիսատ քայլ է, սակայն դա արվել է գիտակցված։ Քաղաքագետը համոզված է, որ այս մոտեցումը թույլ է տալիս Հայաստանի անդամակցության ձևական պահպանմամբ օգնել ՀԱՊԿ երկրներին, այդ թվում Ռուսաստանին, խուսափել ՀՀ պաշտպանելու հստակ պատասխանատվությունից՝ հղում անելով անդամակցության սառեցմանը։ Նման վիճակում երկիրը փաստացի մնում է առանց իրական անվտանգության երաշխիքների, քանի որ չունի այլ ռազմական դաշինքներ, իսկ ՀԱՊԿ-ում մնալը սահմանափակում է դրանց ձևավորման հնարավորությունը։
Մարտիրոսյանը պնդում է, որ այս սառեցումը «բարոյապես հանցավոր» քայլ է։ Այս համատեքստում Մարտիրոսյանը եզրակացնում է, որ «սառեցումը» ոչ թե լուծում է, այլ խորացնում է անվտանգության ճգնաժամը՝ Հայաստանը թողնելով անորոշության մեջ։
Այլընտրանքային դաշինքներ՝ ՆԱՏՕ-ից դուրս
Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ոչ թե պահպանի այս անորոշ վիճակը, այլ ամբողջությամբ դուրս գա ՀԱՊԿ-ից և սկսի նոր ռազմական համագործակցությունների ձևավորում։ Անիրատեսական համարելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ Թուրքիայի վետոյի պատճառով, քաղաքագետը առաջարկում է դիտարկել այլ ձևաչափեր։
Մասնավորապես՝ նա խոսում է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման հնարավորության մասին՝ ընդգծելով «ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակցի» կարգավիճակի հեռանկարը։ Նրա խոսքով՝ նման մոդելները կարող են դառնալ անվտանգության ապահովման այլընտրանքային ուղիներ։
Բացի այդ, Մարտիրոսյանը կարևորում է երկկողմ ռազմական դաշինքների ստեղծումը տարբեր երկրների հետ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարող է նման համագործակցություն ձևավորել, օրինակ, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի հետ։ Նա նշում է, որ այս հնարավորությունները հաճախ չեն դիտարկվում քաղաքական մտածողության սահմանափակության պատճառով, մինչդեռ այդ երկրները, որոնք Հայաստանի թշնամին չեն և չունեն հակասական շահեր, կարող են պատրաստ լինել նման գործընկերության։
Առանձնահատուկ շեշտադրում է արվում Իսրայելի հետ հնարավոր ռազմավարական և ռազմական մերձեցման վրա, որը, ըստ քաղաքագետի, կարող է դառնալ առանցքային ուղղություններից մեկը Հայաստանի անվտանգության նոր համակարգում։

