Հայաստանը կամա թե ակամա վերածվել է աշխարհաքաղաքական բախումների տարածք։ Այս մասին նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Նրա գնահատմամբ՝ այն, ինչ այսօր ներկայացվում է իբրև արտաքին կապերի դիվերսիֆիկացում, իրականում Հայաստանի ներգրավվումն է գերտերությունների հակադրությունների դաշտ։
Բալասանյանի խոսքով՝ ներկայում մեծ աշխարհաքաղաքական խաղ է ընթանում, որի բաղադրիչներից է նաև Թուրքիան։ Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ ԵՔՀ վերջին՝ ութերորդ գագաթնաժողովում Թուրքիան նույնպես մասնակցություն է ունեցել։ «Յուրաքանչյուր կողմ փորձում է խաղալ իր դերը ընդհանուր գործընթացում», — նշում է նա։ Սակայն Թուրքիան, oգտվելով իրեն վերապահած դերից, փորձում է առաջին հերթին առաջ մղել իր սեփական շահերը։
Սահմանների բացման հեռանկարը՝ չափազանց կասկածելի
Այս համատեքստում է միջազգայնագետը դիտարկում նաև խոսակցությունները հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ «Խոսվում է, որ Թուրքիան կարող է իր տարածքով ապահովել տարածաշրջանային ուղիների բացումը, ինչը ենթադրում է արևմուտք–արևելք կապերի ընդլայնում։ Սակայն, ես համոզված եմ, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացումը կա՛մ մոտ ապագայում չի լինի, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենա», — ասաց նա։
Բալասանյանի կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված չեն Հայաստանի իրական ապաշրջափակմամբ, քանի որ սահմանների բացման թեման պահելով օրակարգում՝ նրանք հնարավորություն են ստանում առավելագույն զիջումներ կորզել Հայաստանից։
Հայաստանը կարող էր ավելի կոշտ բանակցային դիրք ունենալ
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը շուրջ 30 տարի ապրել է փակ սահմանների պայմաններում, սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով չի զիջել հարևան պետություններին։
Բալասանյանը կարծում է, որ սահմանների բացման գործընթացը Հայաստանի համար պարտադիր կամ միանշանակ անհրաժեշտ քայլ չէր, և Հայաստանը կարող է զարգանալ նաև փակ սահմանների պայմաններում։
Ավելին՝ միջազգայնագետը նշում է, որ Հայաստանը պետք է չշտապեր առաջինը սկսել գործընթացը, այլ ավելի զգուշավոր և հաշվարկված մոտեցում ցուցաբերեր՝ այս գործընթացը դարձնելով ավելի «թանկ բանակցային առարկա» Թուրքիայի համար և այդ միջոցով ստեղծելով կախվածություններ տարբեր ոլորտներում։

