Ալիևը բաց տեքստով ասաց՝ ես եմ որոշողը, եվրոպացիները համաձայնեցի՞ն

Ալիևը բաց տեքստով ասաց՝ ես եմ որոշողը, եվրոպացիները համաձայնեցին

Երևանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցրած հայտարարությունները, բացահայտեցին եվրոպացիների իրական դիրքորոշումը՝ Բաքվին հակազդելու տեսանկյունից։ Նման կարծիքի է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ 

Եկավ, հայհոյեց եվրոպացիներին՝ ու իրենք ծափահարեցին

Հայրապետյանը կտրուկ է արձագանքում Իլհամ Ալիևի օնլայն ելույթին՝ նշելով, որ այն ամբողջությամբ կառուցված էր հակահայկական և հակաեվրոպական շեշտադրումների վրա։

Նրա խոսքով՝ Ալիևը բառացիորեն մեղադրում էր եվրոպական կառույցներին հակաադրբեջանական դիրքորոշման մեջ, արցախցիներին անվանում «սեպարատիստ», և ընդհանուր առմամբ իր վարած քաղաքականությունը ներկայացնում որպես արդարացված ու ճիշտ։

Նրա գնահատմամբ՝ առավել անհասկանալի էր եվրոպացիների արձագանքը․ «Ալիևը խոսում էր իրենց դեմ, բայց դահլիճը ծափահարում էր»։ Միակ արձագանքը, ըստ նրա, հնչեց եվրոպական խորհրդի նախագահի կողմից, որը հիշեցրեց, որ Ալիևը ներկայացնում է բռնապետական համակարգ։ Սակայն դրանով ամեն ինչ ավարտվեց։

Հայրապետյանի խոսքով՝ Ալիևը իր ելույթում միաժամանակ մի քանի նպատակ էր հետապնդում․  նա ոչ միայն հակահայկական քարոզ էր անում, այլ նաև փորձում էր պատերազմով ձևավորված իրողությունները և Արցախում էթնիկ զտումը ներկայացնել որպես «խաղաղություն» և «հաղթանակ»։

Ավելին՝ նա փորձեց նույնիսկ գերիների առկայությունը ներկայացնել որպես ձեռքբերում։

«Սա ուղիղ հեգնանք է եվրոպական արժեհամակարգի նկատմամբ»,– նշում է նա՝ ընդգծելով, որ այդ արժեքների հիմքում պետք է լինեն բանակցությունները, ոչ թե պատերազմն ու բռնությունը։

«Փաշինյանը ոչինչ չէր ասելու. ի՞նչ պետք է ասեր»

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի արձագանքին՝ Հայրապետյանը նշում է, որ որևէ հակադարձում ակնկալելն անիմաստ էր։

Հայրապետյանի խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանը ունեցել է միջազգային միջնորդության լայն հնարավորություններ, մասնավորապես՝ ԱՄՆ կողմից, սակայն դրանք չեն օգտագործվել։

Նրա գնահատմամբ՝ ձեռք բերված միակ արդյունքը պայմանական «չհարձակումն» է, որը ժամանակավոր դադար է, ոչ թե լուծում։

«Որպեսզի դա դառնա երկարաժամկետ, պետք է աշխատել, բայց ոչինչ չի արվել»,– ասում է նա։

Նա նաև քննադատում է, որ անգամ բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում հայկական կողմը չի օգտագործում հարթակը՝ գերիների կամ այլ հումանիտար խնդիրներ բարձրաձայնելու համար։

Փաշինյանը նրանց համար հարմար է, որովհետև ոչինչ չի պահանջում

Հայրապետյանը զգուշացնում է՝ սխալ է այս ամենը ներկայացնել որպես Փաշինյանի «քաղաքական կապիտալ»։

Նրա խոսքով՝ արտաքին դերակատարների համար կարևոր չէ անձը, այլ այն, թե որքանով է նա հարմար։

«Եթե կա մեկը, ով ոչինչ չի պահանջում, ոչ մի հարց չի բարձրացնում, պատրաստ է անել այն, ինչ ուզում են, բնական է՝ նրան ասում են՝ հիանալի մարդ է, թող մնա»,– ասում է նա՝ բերելով պարզ մարդկային օրինակ։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ նույն ուժերը հանգիստ կաշխատեն Հայաստանի ցանկացած հաջորդ ղեկավարի հետ, եթե դա բխի իրենց շահերից։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top