2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայում գտնվում է ակտիվ քննարկման փուլում՝ ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում։ Այն ներկայացվել է որպես տնտեսական կայունության և զարգացման վրա ուղղված փաստաթուղթ, սակայն միաժամանակ առաջ է բերում մի շարք հարցեր՝ կապված իրատեսական կանխատեսումների, եկամուտների հավաքագրման և հնարավոր ռիսկերի հետ։
Որքանով են բյուջեի եկամտային և մակրոտնտեսական կանխատեսումները հիմնավորված, և ինչ գործոններ կարող են համարվել ռիսկային մեկնաբանեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Անկեղծ ասած, դեռ 2025 թվականին ես կարծում էի, որ եկամուտների հավաքագրումը բավականին բարդ է լինելու, քանի որ սահմանվել էր բավական բարձր նշաձող», — ասաց Արամյանը՝ անդրադառնալով բյուջետային ցուցանիշների իրատեսականությանը։
Նրա խոսքով՝ Պետեկամուտների կոմիտեն առայժմ կարողացել է ապահովել ծրագրային ցուցանիշների կատարումը. ինը ամսվա արդյունքներով հավաքագրումները կազմել են շուրջ 2 տրիլիոն 12 միլիարդ դրամ, ինչը մոտ 1–1.1 տոկոսով գերազանցում է ճշգրտված պլանը։ «Թեև տարբերությունը մեծ չէ, այնուամենայնիվ, ծրագրային ցուցանիշները կատարվել են։ Եթե տարվա վերջը գնահատենք էքստրապոլացիայի միջոցով, կարելի է ակնկալել հարկային մուտքերի բարելավում ևս մեկ տոկոսային կետի սահմաններում», — նշեց նա։
Արամյանի խոսքով՝ հարկային հավաքագրումների բարելավումը հիմնականում պայմանավորված է վարչարարական գործընթացների կատարելագործմամբ, ոչ թե օրենսդրական փոփոխություններով։
«2026 թվականի համար կանխատեսվում է ևս 0.4 տոկոսային կետով բարելավում, սակայն օրենսդրական էական նորամուծություններ չեմ նկատել։ Այս առումով որոշակի ռիսկեր կան, որովհետև հարկային վարչարարությունն էլ անսահման գործիք չէ», — ընդգծեց նա։
Արամյանի գնահատմամբ՝ մի պահ գալիս է, երբ վարչարարական լրացուցիչ խստացումները այլևս չեն ապահովում համարժեք արդյունք.
«Այդ դեպքում պետությունը ավելի շատ ծախսեր է կատարում, քան լրացուցիչ եկամուտներ է ստանում։ Ստվերը միշտ լինելու է, բայց հարցն այն է, թե ինչ գնով ես այն կառավարում։ Եթե, օրինակ, 100 հազար դրամ ես ծախսում՝ 50 հազար դրամ լրացուցիչ հավաքագրելու համար, դա արդեն անարդյունավետ մոտեցում է։ Զարգացած երկրներում սովորաբար այս հարցում զգուշավոր են, հատկապես միկրոբիզնեսների նկատմամբ, որոնք ոչ միայն հարկային, այլև սոցիալական խնդիրներ են լուծում՝ ինքնազբաղվածություն և աղքատության նվազեցում»։
Նրա խոսքով՝ հարկային մարմինների գործունեության արդյունավետությունը հնարավոր չէ ապահովել միայն նոր նշաձողեր սահմանելով․ առանց քաղաքականության և գործիքակազմի փոփոխության դա կարող է վտանգավոր լինել։
«Հարկային մարմինները տեսչական կառույցներ են, ոչ թե քաղաքականություն մշակողներ։ Եթե նրանց առաջ դրվեն չափազանց բարձր ցուցանիշներ, որոնք տնտեսությունն ի վիճակի չէ ապահովել, նրանց վարքագիծը կարող է փոխվել՝ գնալով չափազանց կոշտ վարչարարության։ Դա կվնասի նաև բիզնես միջավայրին», — նշեց Արամյանը։
Փորձագետը շեշտեց, որ բյուջետային ռիսկերը մեծապես բխում են տնտեսության կառուցվածքից։ Նրա խոսքով՝ 2026 թվականի տնտեսական արդյունքների իրատեսական գնահատման համար անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք տնտեսությունը կարող է գեներացնել նախատեսված եկամուտները։
«Ինձ միշտ մտահոգել է ոչ արտահանելի հատվածի գերիշխող դերը տնտեսական աճում։ Սա վտանգավոր միտում է, որովհետև նման կառուցվածքը չի ապահովում երկարաժամկետ, որակական աճ», — ասաց նա։
Արամյանը հիշեցրեց, որ 2000-ականների առաջին կեսին Հայաստանը նույնպես ունեցել է բարձր տնտեսական աճի ցուցանիշներ, սակայն դրանց զգալի մասը պայմանավորված էր վիճակագրական աղմուկով և ոչ թե իրական արտադրողականության աճով։
«Այդ ժամանակ մենք կարծում էինք, թե մեր տնտեսական պոտենցիալը հասել է 7–8 տոկոսի, բայց 2009 թվականի ճգնաժամը ցույց տվեց իրական պատկերը։ Եթե 2010 թվականից սկսած միջին աճը կազմել է մոտ 3.5%, նշանակում է, որ մեր իրական հնարավորությունները էապես ավելի սահմանափակ են», — նշեց նա։
Արամյանի խոսքով՝ տնտեսական աճի պոտենցիալը հնարավոր է բարձրացնել միայն ներդրումների միջոցով, հատկապես՝ արտահանելի հատվածում։ Նա հավելեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականները սովորաբար մեծապես չեն տարբերվում կառավարության կանխատեսումներից․
«Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կանխատեսումները տարբեր ժամանակաշրջաններում հիմնականում նույն ուղղությամբ են եղել՝ առավելագույնը կես տոկոսային կետի տարբերությամբ։ Դա ևս վկայում է, որ ընդհանուր մոտեցումները համընկնում են, և մեր տնտեսական աճի պոտենցիալը դեռևս չափավոր է»։

