Ներկայիս քաղաքական տրամադրությունների պայմաններում ընդդիմությունը Երևանում շարունակում է ունենալ առավելություն, իսկ գործող իշխանությունը մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում բախվում է լուրջ խնդիրների։ Այս մասին հայտնեց սոցիոլոբ Արթուր Պարոնյանը։
Նրա խոսքով՝ այն վարչական շրջաններում, որտեղ իշխանությանը դեռ պահպանել համեմատաբար կայուն դիրքեր, դրան հաջողվում է հասնել բացառապես ցածր ընտրական ակտիվությունը հաշվին։ Փորձագետը գը առանձնացրել է հատկապես Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանը՝ նշելով, որ դա Երևանի միակ հատվածներից է, որտեղ իշխանությունը դեռ «ամբողջությամբ չի ջախջախվում» ընտրողների ցածր ակտիվության հաշվին։
«Մալաթիա–Սեբաստիայում է արձանագրվում մայրաքաղաքի ամենացածր ընտրական ակտիվությունը, ինչի հետևանքով իշխանության տոկոսային ցուցանիշը համեմատաբար բարձր է երևում ընդհանուր պատկերի ֆոնին», բացատրեց Պարոնյանը։
Պարոնյանի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ընդդիմությունը Երևանում «շատ ուժեղ» դիրքեր ունի, իսկ իշխանության նկատմամբ դժգոհությունը հատկապես ակնհայտ է Կենտրոն վարչական շրջանում։ Նրա խոսքով՝ Երևանի այս վարչական շրջանում ընդդիմությունը հաղթում է մեծ տարբերությամբ։ Ամենամեծ անակնկալներից մեկը դարձել է Էրեբունին, որտեղ, ըստ փորձագետի, գործող իշխանությունը նույնպես կարող է «խայտառակ պարտություն» կրել։ Այս ընտրություններն առաջին դեպքն են, երբ Էրեբունիում իշխանությունները պարտվում են ձայների այսքան մեծ տարբերությամբ, սովորաբար նման օատկեր նկատվում էր Կերտրոնում և Արաբկիրում։
Սակայն այս անգամ, ըստ Պարոնյանի, Արաբկիրը դարձել է ձայների փոշիացման կենտրոն։ Նրա խոսքով՝ Արաբկիրը դարձել է այն տարածքը, որտեղ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր 19 քաղաքական ուժերը կարողանում են ձայներ հավաքել, ինչի հետևանքով ընդդիմադիր էլեկտորատը մասնատվում է։ «Դա այս ընտրությունների ֆենոմենն է։ Արաբկիրը դարձել է ընտրական «փոշու հանք»», — նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ ընտրություններին մոտենալուն զուգահեռ Արաբկիրում իրավիճակը կարող է փոխվել, քանի որ Հայաստանում գործում է так կոչված «վերջին շաբաթվա կոնսոլիդացիայի» երևույթը, երբ ընդդիմադիր ընտրողները վերջնական փուլում համախմբվում են առավել մրցունակ ուժերի շուրջ։
Դրա հետ մեկտեղ Պարոնյանը նշել է, որ Հայաստանում ընդդիմադիր ընտրողների մի մասը նախընտրում է մինչև վերջին պահը բացահայտ չարտահայտել իր քաղաքական դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության ընտրազանգվածը սոցիոլոգիական հարցումների ժամանակ ավելի հեշտ է հաշվարկվում, քանի որ այդ ընտրողները չեն խուսափում հրապարակային աջակցությունից, մինչդեռ ընդդիմադիր ձայների մի մասը մնում է «թաքնված» մինչև ընտրությունների վերջնական փուլը։
Սոցիոլոգը անդրադարձել է նաև մարզային պատկերին՝ նշելով, որ գործող իշխանությունը, ընդհանուր գնահատմամբ, 2021 թվականի համեմատ կորցրել է մոտ 20-25 տոկոս աջակցություն։
Նրա գնահատմամբ՝ Կոտայքը արդեն կարելի է համարել ընդդիմադիր մարզ, Շիրակում ընդդիմադիր տրամադրությունները հիմնականում ձևավորվում են Գյումրիի հաշվին, իսկ Լոռիում նույնպես մեծ քաղաքների գործոնը էական ազդեցություն ունի։
Պարոնյանի խոսքով՝ Գեղարքունիքում, որը նախկինում համարվում էր իշխանության ամենաուժեղ հենարաններից մեկը, այժմ ընդդիմությունը կարող է առավելություն ստանալ, մինչդեռ Արմավիրում իրավիճակը շարունակում է մնալ հավասարակշռված։
Նա նշել է նաև, որ Սյունիքի մի շարք հատվածներում, մասնավորապես Կապանում, ընդդիմադիր տրամադրությունները բավական ուժեղ են, իսկ Տավուշում պատկերը ավելի խառը է՝ առանձին համայնքներում իշխանությունը պահպանում է դիրքերը, մյուսներում՝ ընդդիմությունը կարող է անակնկալ մատուցել։
Պարոնյանի գնահատմամբ՝ գործող իշխանության հիմնական հենարանը շարունակում է մնալ գյուղական բնակավայրերը, որտեղ ընտրական վարքագիծը էապես տարբերվում է Երևանի և խոշոր քաղաքների տրամադրություններից։

