Երբ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում. հայ հասարակության խորքային ճգնաժամը

Բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում. հայ հասարակության խորքային ճգնաժամը

Անցյալի և ներկայի միջև ձգվող հակադրությունը կարծես դարձվել է մեր ժամանակի ամենաողբերգական իրողություններից մեկը։ Մի կողմից՝ կորցրած Արցախն է՝ իր ցավով, իր զոհված հերոսներով, Բաքվում բանտարկված ռազմաքաղաքական ղեկավարությամբ   և պետության չիրականացած երազանքով։  Մյուս կողմից՝ հացահատիկի մասին «հաղթական» լուրերը, որոնք ներկայացվում են որպես պատմական ձեռքբերում։ Արդյո՞ք մենք հաշտվել ենք մտքի հետ, որ կարելի է փոխանակել արժանապատվությունը հացահատիկով։  

«Քաոտիկ աղմուկ»՝ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում

Պատմաբան, խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝  Հայաստանում ձևավորված հասարակական ընկալումների նման ասիմետրիկ պատկերը հետևանք է երեք հիմնական գործոնների։ Դրանցից առաջինը երկրի տեղեկատվական դաշտում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունն է։ «Մենք ապրում ենք տեղեկատվական հեղափոխության ժամանակներում»,– ընդգծում է նա՝ հավելելով, որ տեղեկատվական հոսքերն ու օրակարգը արմատապես փոխվել են։

Նրա խոսքով՝ եթե նախկինում հանրային քննարկումների կենտրոնում կանգնած էին հեղինակություններ ու մասնագետներ, ապա այսօր, սմարթֆոնների և սոցիալական ցանցերի ազդեցությամբ, բոլորը խոսում են ամեն ինչի մասին և ունեն իրենց կարծիքը։

«Ժամանակաշրջանն այնպիսին է, որ վերացել են հեղինակությունները։ Եթե 20 տարի առաջ դուք, լրագրողներդ, նման հարցով կդիմեիք, օրինակ, Բաբկեն Հարությունյանին, կլսեիք նրա մասնագիտական կարծիքը, և դա կդառնար ճշմարտություն, ապա այսօր այդ տեսակ կարծիքը պարզապես պահանջարկ չունի»,– նշում է Ֆարմանյանը։

Նա ընդգծում է, որ այդ իրավիճակի հետևանքով հանրային դաշտում ձևավորվում է «քաոտիկ աղմուկ», որտեղ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում։ Այս տեղեկատվական աղմուկի պայմաններում հասարակությունը կորցնում է կողմնորոշման ունակությունը և այլևս չի հասկանում, որն է իրական ճշմարտությունը։

Նպատակային ձևավորված ինքնության խորագույն ճգնաժամ

Ֆարմանյանի գնահատմամբ՝ Արցախի պատերազմում կրած ծանր պարտությունն ու դրան հաջորդած կապիտուլյացիան խորապես ազդել են ազգային ինքնագիտակցության վրա։ Նրա խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը ապրում է ինքնության խորագույն ճգնաժամ, ինչը դրսևորվում է վստահության կորստով սեփական ուժերի նկատմամբ։

«Մենք այլևս չենք հավատում մեզ։ Մենք կասկածի տակ ենք դնում մեր անցյալը, մեր պատմական գիտակցությունը, հերոսի ու հակահերոսի, բարիի ու չարի միջև ունեցած պատկերացումները»,– ասեց Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ սա ոչ միայն հոգեբանական, այլև ազգային վտանգ է։

Նրա համոզմամբ՝ հենց այս ճգնաժամն է բանալին այն հարցի, թե ինչու պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ դադարեցնել ռազմական գործողությունները։

 «Ես գրեթե վստահ եմ, որ դա արվել է մի պատճառով․ անհրաժեշտ էր ոչ թե պարզապես պարտություն, այլ ջախջախիչ պարտություն, որը կհանգեցներ ժողովրդի ինքնության խորը ճգնաժամի։ Միայն այդպիսի կոտրված հասարակության հետ հնարավոր էր անել բառացիորեն այն, ինչ հիմա արվում է»,– նշեց նա։

Ֆարմանյանի խոսքով՝ այս ամենի հետևանքը եղավ ժողովրդի մեջ առաջացած խորքային դեպրեսիան՝ ինքնության կորուստ, հավատքի պակաս և անտարբերություն ազգային օրակարգի նկատմամբ։ Սա, ըստ նրա, երկրորդ հիմնական պատճառն է, թե ինչու հայկական հասարակությունը հայտնվել է նման վիճակում։

Տեղեկատվական դաշտի վերահսկում

Երրորդ պատճառը, ըստ նրա․  կապված է տեղեկատվական դաշտի վերահսկման հետ։ Նա ընդգծում է, որ այսօր լրատվական և հանրային կարծիքի ձևավորման ամենամեծ նյութատեխնիկական ռեսուրսները գտնվում են գործող իշխանության ձեռքում։

«Այս իշխանությունն ունի այն բոլոր հնարավորությունները, որպեսզի տեղեկատվական հոսքերը ձևավորի իր օգտին։ Եվ, ցավոք, այն շահագրգռված է օգտագործել այս իրավիճակը՝ առաջին երկու գործոնները ծառայեցնելով սեփական ծրագրերի առաջխաղացմանը»,– նշեց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանության ղեկին լինեին մարդիկ, որոնք ունեն պետական մտածողություն և ազգային նպատակներ, նրանք կփորձեին գտնել մեխանիզմներ, թե ինչպես օգնել ժողովրդին դուրս գալ ինքնության ճգնաժամից կամ ինչպես տեղեկատվական հեղափոխությունը ծառայեցնել ազգային շահերին։

«Իրենց մոտ ամեն ինչ հակառակն է․ նրանք մենաշնորհել են դաշտը և օգտագործում են այն հակառակ նպատակով»,– հավելեց նա։

Ընդդիմության անզորություն

Ֆարմանյանը նաև նկատեց, որ այս իրավիճակին գումարվում է ընդդիմության անզորությունը, որը չի կարողանում ձայն տալ հասարակական դժգոհությանը։ Արդյունքում՝ ստեղծվել է մի միջավայր, որտեղ աղմուկի տակ թաքնված է քաոսը, քաոսի տակ՝ կործանումը, իսկ դրա տակ՝ դատարկությունը։

«Հասարակության հակաիշխանական հատվածը, որը մեծամասնություն է, նայում է, լսում է, հիասթափվում և վերջում պարզապես փակվում ինքն իր մեջ՝ հեռանալով հանրային գործընթացներից։ Մենք նրանց անվանում ենք անտարբերներ, բայց իրականում դա հիասթափության հետևանք է։ Իսկ այդ ֆոնին իշխանությունը շարունակում է անել այն, ինչ ուզում է»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ չի կիսում այն կարծիքը, թե հայ ժողովուրդը Արցախը փոխանակել է մի վագոն ցորենով։ 

Ըստ Ֆարմանյանի՝ նման տպավորությունը պարզապես հետևանք է այդ երեք հիմնարար պատճառների միացության։

Scroll to Top