Հայաստանում այս օրերին ողջ իշխանական ռեսուրսը՝ սկսած դատականներից ու դատախազությունից վերջացրած իշխանամետ լրատվամիջոցներով, կենտրոնացված է հարցի շուրջ՝ պե՞տք է Հայոց Առաքելական Եկեղեցու գլուխը մնա, եթե նա խախտել է կուսակցության մասին օրենքը։ Այս մասին նշեց պատմաբան Վարդան Խաչատրյանը։
Այսինքն՝ ողջ իշխանական ռեսուրսը կենտրոնացված է մի խնդրի շուրջ, որը ըստ էության գոյություն չունի։«Հարցի էությունն այն է, որ եկեղեցու տրադիցիոնալ ընթացքը՝ որպես դարերով ձևավորված համակարգ, չի կարող խախտվել։ Դա անխուսափելի բնույթ ունի ցանկացած եկեղեցու դեպքում, առավել ևս՝ այնպիսի հնագույն կառույցի, ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցին։ Եթե Գրիգոր Լուսավորիչը եղել է ամուսնացած, իսկ մեր բազմաթիվ եպիսկոպոսներ դարեր շարունակ ապրել են ընտանիքներով, ապա անհիմն է այսօր նման խնդիր բարձրացնել և փորձել գտնել որևէ իրավական կամ կանոնական հիմնավորում՝ լինի դա եկեղեցու կանոնագրքում, թե Մխիթար Գոշի դատաստանագրքում։ Այդպիսի դրույթ պարզապես գոյություն չունի», — պնդում է պատմաբանը։ Նրա խոսքով՝ խնդրո առարկա դրույթները վերաբերում են ոչ թե կուսակրոնությանը, այլ շնացմանը։
Այսօր, շարունակում է Խաչատրյանը, մոնք իրականում կանգնած ենք շատ ավելի խորքային վտանգի առաջ՝ շարժվում ենք դեպի համակարգային ճգնաժամ՝ մի գործընթաց, որը այլևս գրեթե անշրջելի բնույթ է ստանում։
«Խնդիրը միայն քաղաքական կամ կառավարման դաշտում չէ․ մենք դիպչում ենք հասարակության սակրալ առանցքին՝ այն հոգևոր և ինքնության հիմքերին, որոնք դարերի ընթացքում կրել են հայ ժողովրդի պատմական ընթացքը, փոխանցվել սերունդներին և հասել մինչև մեր օրերը։ Դա մեր ազգային ինքնության արքետիպային առանցքն է, որի խախտումը ոչ միայն անթույլատրելի է, այլև, ըստ էության, հակապետական», — նշեց նա։
Երբ փորձ է կատարվում տատնել այդ սակրալ հիմքը, պետք է լինի այն գիտակցումը, որ յուրաքանչյուր նման քայլ անխուսափելիորեն առաջ է բերում հասարակական կտրուկ արձագանք, պնդում է նա։ «Պարզ ասած՝ եթե մենք հասցնում ենք պարսատիկի քարով հարված այդ սակրալ առանցքին, հասարակական զանգվածի կողմից սպասեք ատոմային ռումբով պատասխան։ Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե որ ճանապարհն է մեր ժողովրդին անդունդի եզրից հետ բերելու, և որն է՝ հակառակը՝ դեպի կործանում տանելու», — ասաց նա։
Ամենից անհանգստացնողն այն է, շարունակեց պատմաբանը, որ այս գործընթացը կարծես թե միտումնավոր է արագացվում, չ են երևում այն «արգելակները», որոնք պետք է կանխեին նման վտանգավոր ընթացքը։ Այս միտումը կարող է ունենալ խորքային և երկարաժամկետ հետևանքներ՝ թե՛ ազգային ինքնության, թե՛ պետական կայունության համար, նշեց նա։

