ՀՀ նավթամթերքի շուկայի նոր իրականությունը․ ինչո՞ւ է Հայաստանը փոխում մատակարարին

ՀՀ նավթամթերքի շուկայի նոր իրականությունը․ ինչո՞ւ է Հայաստանը փոխում մատակարարին

Հայաստանի նավթամթերքների շուկան վերջին տարիներին ապրում է արմատական փոփոխություններ։ Եթե երկար ժամանակ շուկայի շուրջ 80%-ը ներկրվում էր Ռուսաստանից, ապա այսօր պատկերը գրեթե հակառակն է դարձել․ ներկրման ծավալների զգալի մասը տեղափոխվել է երրորդ երկրներ։ Հայաստանյան շուկայում տիրող իրավիճակը մանրամասնում է  «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը։

Նավթամթերքի ծագումը՝ գնի հիմնական գործոնը

Բեգլարյանի խոսքով՝ գների վրա ազդող ամենակարևոր տնտեսական գործոնը ապրանքի ծագումն է․ որքան հեռու է մատակարարը, այնքան բարձր են դառնում վերջնական գներն՝ ավելացող լոգիստիկ ծախսերի պատճառով։ Միաժամանակ Հայաստանը գործում է ԵԱՏՄ ստանդարտներով, որոնք սահմանում են որակի բարձր պահանջներ, ինչը նույնոպես բարձրացնում է ներմուծվող վառելիքի ինքնարժեքը։

Վերջին մեկ-երկու տարում Հայաստանը զգալիորեն մեծացրել է ներմուծումները երրորդ երկրներից՝ հիմնականում Հունաստանից, Բուլղարիայից ու Ռումինիայից։ Այդ փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանում ստեղծված իրավիճակով և մատակարարման դժվարություններով։

Ռուսական շուկայի կախվածությունից դեպի բազմազանություն

Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի նավթամթերքի շուկայի մոտ 80 տոկոսը կազմվում էր Ռուսաստանից ներմուծված վառելիքով։ Սակայն վերջին երկու տարիներին ստացվել է հակառակ պատկեր․ ռուսական ներմուծումները իջել են  նվազագույն մակարդակի, և Հայաստանը այժմ վառելիքի մեծ մասը ստիպված հայթայթում է այլ երկրներից, ինչը անդրադառնում է գնի վրա։

Բեգլարյանը նշում է․ սա «հագուստի շուկա» չէ, որտեղ մատակարարը կարելի է փոխել ըստ ցանկության. նավթամթերքի ոլորտը պահանջում է մեկ տարով առաջ պլանավորում, և ցանկացած շեղում այդ պլանից անմիջապես անդրադառնում է ներքին գնային քաղաքականության վրա։

Ինչո՞ւ Իրանը չի կարող դառնալ Հայաստանի կայուն մատակարարը

Ըստ Բեգլարյանի՝ Իրանը, թեև սահմանակից երկիր է, բայց չի կարող ապահովել Հայաստանի համար կուլունակ, շարունակական և որակական տեսանկյունից համապատասխան մատակարարումներ։ Պատճառները բազմաթիվ են։ Նախ Իրանի նավթամթերքի ստանդարտները զգալիորեն ցածր են ԵԱՏՄ պահանջներից, ասաց նա; Բացի դրանից, շարունակեց ձեռներեցը, իրանական գործարանները բավարար հզորություն չունեն, հաճախ չեն բավարարում նույնիսկ ներքին պահանջարկը։ Ավելին՝ Հայաստան հասնող «իրանական» վառելիքի մի մասը իրականում ռուսական ծագում ունի։

Արդյո՞ք եվրոպական վառելիքը որակով զգալիորեն գերազանցում է ռուսականին

Վարորդների շրջանում տարածված կարծիքը, թե եվրոպական վառելիքը էականորեն բարձր որակի է, Բեգլարյանը միանշանակ չի հաստատում։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական տարբերություններ իհարկե կան, սակայն դրանք այնքան մեծ չեն, որքան ներկայացվում է․

«Դա հաճախ լեգենդների շարքից է։ Ռուսական արտադրության վառելիքը նույնպես բարձր տեխնոլոգիական է, և այն աստիճանի տարբերություն, ինչի մասին երբեմն խոսում են, իրականում չկա»։

Լոգիստիկ խոչընդոտները շարունակում են թանկացնել շուկան

Հայաստանի դեպի ծով ելք չունենալը ը շարունակում է լինել գների բարձրացման հիմնական գործոններից․ նավթամթերքը անցնում է երկար և ծախսատար ուղի՝ ծովային բեռնափոխադրում,  անընդհատ բեռնափոխումներ տարբեր տրանսպորտային հանգույցներում, պահեստավորում, նորից բեռնում և միայն հետո՝ Հայաստան։
Այս ամբողջ գործընթացը բազմապատկում է գնային բեռը, հատկապես երբ ապրանքը ձեռք է բերվում քվոտավորվող շուկայից, որտեղ յուրաքանչյուր շեղում պլանից ազդում է գնի վրա։

Scroll to Top