Պետական համակարգի աշխատակիցների մասնակցությամբ կառավարությունում կայացած համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ մեկ ժամ տևած ելույթը պարունակում էր մի շարք քաջ ծանոթ շեշտադրումներ, սակայն մի քանի դրույթներ արժանի էին առանձնահատուկ վերլուծության։ Դրանցից հիմնականը վերաբերում էր սպառազինության ձեռք բերման գործընթացներին և այն քաղաքական ենթատեքստին, որը վարչապետը պատկերացնում է այս ոլորտում։ Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը վարչապետի պնդումները վերլուծեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Փաշինյանը խոսում է կիսաճշմարտությունների լեզվով
«Ինչպես միշտ վարչապետ Փաշինյանը խոսում է կիսաճշմարտությունների լեզվով», — ասաց նա։ և սա հասկանալու համար ես առաջարկում եմ այս հայտարարությունը երկու մասի բաժանել: Վարչապետի առաջին պնդումն այն է, որ ՀՀ-ին սպառազինություն չէին վաճառում, որովհետև կար մտավախություն, որ դա Հայաստանը դրանք կօգտագործի իր տարածքից դուրս, այսինքն Լեռնային Ղարաբաղում: Սակայն, ըստ քաղաքագետի, եթե խնդիրը միայն «տարածքից դուրս օգտագործելը» լիներ, ապա նույն սահմանափակումները չէին կիրառվի Ադրբեջանի նկատմամբ։ Իրականում էմբարգոն կապված էր հենց հակամարտության գոյության, ոչ թե դրա աշխարհագրության հետ։ Բացի այդ, Միացյալ Նահանգները, օրինակ, 907-րդ չփոփոխվող հոդվածի շրջանակում սահմանափակումներ էր կիրառել հենց Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինիս գործողությունների պատճառով, հավելեց Գրիգորյանը։
Այսպիսով՝ Հայաստանը, թեև սահմանափակումներով, բայց կարողացել է ոչ ռուսական սպառազինություն ձեռք բերել։ Դրա օրինակներից են 2018–19 թթ․ իրականացված առաջին գնումները Հնդկաստանից, որոնց մասին հնդկական կողմը բաց տեքստով հաղորդում էր դեռ այն ժամանակ, նշում է փորձագետը։ Իսկ սպառազինության վերջին ձեռքբերումները, ըստ նրա, պայմանավորված են ոչ թե Ղարաբաղի հարցի «փակմամբ», այլ Ռուսաստանի՝ մատակարարումների վերաբերյալ չկատարված պարտավորություններով։ 2022-ից հետո, երբ Երևանը հասկացավ, որ Մոսկվայի կողմից անվտանգության երաշխիքները եւ սպառազինության մատակարարումները այլևս չեն գործում, սկսվեց դիվերսիֆիկացիայի արագացված փուլի իրականացումը, բացատրեց Գրիգորյանը։
Ֆրանսիական զենք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների լույսի տակ
Փաշինյանի ակնարկը, թե «Ղարաբաղի թեմայի փակվելուց» հետո սահմանափակումները վերացել են, իրականում ավելի շատ առնչվում է Հայաստանի փոխհարաբերություններին Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանին ժամանակակից համակարգեր վաճառելու, դիտարկվում է Երևան-Մոսկվա հարաբերությունների որոշակի սառեցման համատեքստում։ Արևմուտքի իրական մտահոգությունը եղել է ոչ թե այն, որ Հայաստանը կարող է զենք օգտագործել «տարածքից դուրս», այլ այն, որ տեխնոլոգիաները կարող են հասու դառնալ Ռուսաստանին, պնդում է Գրիգորյանը։
Բացի դրանից, սահմանափակումները երբեք ամբողջական չեն եղել. օրինակ, մինչ 2020 թ․ պատերազմը Ֆրանսիան Ադրբեջանին փոխանցում էր որոշակի արբանյակային տեխնոլոգիաներ, ասաց նա։
Փորձագետը ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը կարողացավ մարտական տեխնիկայի այլընտրանքային շուկաներ գտնել՝ Իսրայել, Թուրքիա, եվրոպական մի շարք արտադրողներ։ Հայաստանը նույնպես նման հնարավորություն ունեցել է, և այս գործընթացի առաջխաղացման հարցում Հայաստանի խնդիրը ոչ թե Ղարաբաղն էր, այլ քաղաքական կամքի, ռազմավարության և աշխատող համակարգի բացակայությունը։ Արդյունքում՝ մինչ Ադրբեջանը գնում էր ամենաժամանակակից զինատեսակները, Հայաստանին հիմնականում մատակարարվում էր հնացած ռուսական սպառազինություն։
«Լեգիտիմության» շուրջ ելույթը հակասում է իրականությանը
Վարչապետը կրկին շեշտում էր «լեգիտիմության», «միջազգային իրավական շրջանակի» և «միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս չգործելու» թեման։ Սակայն այս շեշտադրումը համահունչ չէ ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացներին, ընդգծեց Գրիգորյանը։
«Միացյալ Նահանգների 28 կետանոց պլանի և Եվրոպական միության նախաձեռնությունների շրջանակում քննարկվում է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը՝ փաստացի ճանաչելով Ռուսաստանի վերահսկողությունը առնվազն արդեն գրավված տարածքների վրա։ Ավելին՝ Արևմուտքը պահանջում է, որ Ուկրաինան նույնիսկ չփորձի ռազմական ճանապարհով վերադարձնել այդ տարածքները։
Այս իրականության ֆոնին Փաշինյանի հայտարարությունը՝ թե «լեգիտիմությունը մեր անվտանգության հիմնական պայմանն է» չափազանց անլուրջ է», — նշեց նա։ Աշխարհը գնում է կոշտ անվտանգության դարաշրջանի ուղղությունով, որտեղ ռազմական և տեխնոլոգիական ինքնաբավությունն է որոշիչը, ոչ թե հայտարարությունների «լեգիտիմությունը»։

