Հավաքական Արևմուտքը հեռանալու՞ է տարածաշրջանից. Անդրկովկասը՝ մեծ առևտրի առարկա

Հայաստանը կարող է վերածվել ուժային կենտրոնների մրցակցության տարածքի 

Հայաստանը գտնվում է հետխորհրդային տարածքի ամենազգայուն աշխարհաքաղաքական դիրքերից մեկում՝ բալանսավորելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բախվելով Թուրքիայի և Իրանի գործոններին, ինչպես նաև Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտությանը: Այս ֆոնին ռուս-ամերիկյան մրցակցության սրումն էլ ավելի է բարդացրել երկրի շուրջ ձևավորված ռազմավարական միջավայրը: Այս մասին նշել է քաղաքագետ Արսեն Գասպարյանը՝ ընդգծելով, որ ներկայիս միջազգային դինամիկան Երևանի համար ձևավորում է սկզբունքորեն ավելի խիստ արտաքին քաղաքական պայմաններ:

Ճնշումների ուժեղացումը և սուբյեկտայնության կորստի ռիսկը

Գասպարյանի գնահատմամբ՝ առաջին առանցքային միտումը Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական ճնշումների ուժեղացումն է և անվտանգության ոլորտում անորոշության աճը: Նա ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքին, որ Հայաստանում իրականացվող արևմտյան նախաձեռնությունների և աջակցվող բարեփոխումների մի մասն ընկալվում է որպես ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեցող, ինչը լրացուցիչ լարվածություն է հաղորդում տարածաշրջանային կոնֆիգուրացիային:

Գասպարյանը  նշում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության խորացման ֆոնին, Երևանի կողմից հստակ ձևակերպված և հետևողական արտաքին քաղաքական ռազմավարության բացակայությունը  կարող է բերել լուրջ հետրանքների՝ երկիրը աստիճանաբար կկորցնի իր սուբյեկտայնությունը և կվերածվիլ «աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի»: 

Անվտանգության ոլորտի անորոշությունը

Երկրորդ առանցքային խնդիրը, փորձագետի կարծիքով, կապված է անվտանգության ճարտարապետության հետ: Գասպարյանը պնդում է, որ այսօր Հայաստանը բախվում է կայուն և կանխատեսելի անվտանգության համակարգի բացակայությանը, ինչը ձևավորում է երկրի հետխորհրդային պատմության մեջ «աննախադեպ ռազմավարական անորոշության շրջան»: 

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ ձևականորեն Հայաստանի և Ռուսաստանի միջև պահպանվում է համագործակցության զգալի իրավական բազա՝ 1997 թվականի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը, որը երկարաձգվել է մինչև 2044 թվականը, ՀՕՊ համատեղ համակարգը, ինչպես նաև ռազմատեխնիկական փոխգործակցության տարրեր: 

Գասպարյանը նշում է, որ պայմանագրային բազայի առկայությունը չի նշանակում հարաբերություններում ճգնաժամի բացակայություն: Ընդհակառակը, հենց գոյություն ունեցող համաձայնագրերի ֆոնին էլ ի հայտ են գալիս քաղաքական լարվածությունն ու դաշնակցային հարաբերությունների ընկալման տարընթերցումները:

Դաշնակցային հարաբերությունների ճգնաժամը և փոխադարձ պահանջները

Գասպարյանը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ հայ-ռուսական հարաբերություններում ձևավորվել է ճգնաժամային ընկալում, որի պատճառները տարբեր կերպ են մեկնաբանվում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մի կողմից՝ փորձագիտական համայնքի մի մասը դա կապում է տարածաշրջանում Ռուսաստանի դերի փոփոխության և նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբաշխման հետ: 

Մյուս կողմից՝ այնպիսի սպասումների հետ, որոնք, քննադատների կարծիքով, միշտ չէ, որ հաշվի են առնում դաշնակցային հարաբերությունների փոխադարձ բնույթը: Այս համատեքստում նա ընդգծում է, որ դաշնակցային հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի. պահանջվում է երկուստեք շահերի հաշվառում: Նրա խոսքով՝ հենց սպասումների և մեկնաբանությունների անհավասարակշռությունն է խորացնում վստահության ճգնաժամը։

Հայաստանը՝ որպես առանց այլընտրանքի ընտրության տարածք

Քաղաքագետն արձանագրում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և իրավական պարտավորությունների ձևավորված համակարգը մնում է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության առանցքային տարրը: Նա պնդում է, որ տվյալ պահին լիարժեք այլընտրանք չի տեսնում գոյություն ունեցող պայմանագրիրաիրավական բազային, որը սահմանում է հայ-ռուսական փոխգործակցության հիմքը:

Այս ֆոնին, նրա կարծիքով, Հայաստանի գլխավոր խնդիրը կայանում է ոչ միայն արտաքին ճնշումների, այլև երկարաժամկետ ու ամբողջական արտաքին քաղաքական հայեցակարգի բացակայության մեջ, որն ընդունակ կլիներ կայունացնել երկրի դիրքերը խորացող միջազգային մրցակցության պայմաններում:


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top