Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ, որոնց արդյունքների հետ շատերը կապում են երկրի հետագա աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական ճակատագիրը։ Ընդ որում, կանխատեսումները բավականին միանշանակ են՝ կա՛մ ինտեգրում ԵՄ-ին, կա՛մ վերադարձ լիակատար կախվածությանը Ռուսաստանից։
Հայաստանին չի հաջողվի «նստել երկու աթոռի վրա»
Ներկա պայմաններում եվրոպական և եվրասիական ուղղությունների միջև հավասարակշռություն պահպանելը գնալով ավելի է դժվարանում։ Հավանաբար այդ պատճառով հայաստանյան քաղաքական բառապաշարից դուրս եկավ «կոմպլեմենտար քաղաքականություն» տերմինը, որի վարպետն էր համարվում նախագահ Սերժ Սարգսյանը։
Արդարության համար պետք է նշել, որ երկարաժամկետ հեռանկարում կոմպլեմենտարիզմի կենսունակությանը չէին հավատում ո՛չ ԵՄ-ում, ո՛չ էլ Ռուսաստանում։ 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը Վարշավա կատարած պաշտոնական այցի ժամանակ վերահաստատեց թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու իր ցանկությունը, թեև արևմտյան փորձագետների մեկնաբանությունները միանշանակ էին. այս սկզբունքի հիման վրա տնտեսական ինտեգրացիոն գործընթացները շարունակելն անհնար է։
Չանցած երկու ամիս՝ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը, որը գտնվում էր ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շեմին, կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ։
Այսօր ՌԴ-ի և Եվրամիության միջև հավասարակշռություն պահպանելու անհնարինության մասին զգուշացրնում է արդեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հայտարարելով, որ Հայաստանին չի հաջողվի «նստել երկու աթոռի վրա»։ Հարցն այն է՝ արդյո՞ք գործող իշխանությունը ցանկանում է շարունակել նստել երկու աթոռի վրա։
Դիվերսիֆիկացում եվրոպական թեքումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը երբեք ճիշտ որոշում չի համարել։ Լինելով ընդդիմադիր՝ նա դեմ է քվեարկել Հայաստանի համար եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, սակայն դառնալով վարչապետ՝ ելել է արդեն իսկ գոյություն ունեցող փաստից։
«Եթե մենք ժամանակին ինչ-որ բան սխալ որոշում ենք համարել, դա չի նշանակում, որ այդ սխալն ուղղելու համար պետք է անել ճիշտ հակառակը», — ասել է նա 2019 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ — «Այսօր Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և չեմ կարծում, որ միջազգային գործերում կտրուկ շրջադարձերը ճիշտ են… Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը լինի ավելի արդյունավետ, օգտակար և հեռանկարային»։
Պետք է խոստովանել, որ վարչապետ Փաշինյանը հավատարիմ մնաց կտրուկ շրջադարձեր չանելու իր հայտարարությանը։ Որպեսզի այդ շրջադարձը դառնա նկատելի, պահանջվեց երկար 7 տարի, որոնց ընթացքում տեղի ունեցան առանցքային իրադարձություններ՝ Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի կողմից այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության կորուստը, հայ բնակչության արտահոսքը, իսկ հավելյալ նաև՝ հակամարտությունը Ուկրաինայում։
Այսօր մենք արդեն գործ ունենք ոչ թե կոմպլեմենտար կամ հավասարակշռման քաղաքականության, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հետ, որտեղ առանցքային գործոնը Եվրոպական միության հետ առավել սերտ կապերն են։
Սահմանափակ «շրջանակներում». անդամակցությունն անիրատեսական է
Եվրոպացի վերլուծաբաններն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ Հայաստանում ԵՄ-ի համատեքստում օգտագործվող հռետորաբանությունը երբեմն կարող է տպավորություն ստեղծել, թե երկկողմ հարաբերությունների ընդլայնման վերջնական նպատակը Երևանի համար՝ Հայաստանի անդամակցությունն է ԵՄ-ին։ Դա հատկապես արդիական է այն ֆոնին, որ ՀՀ խորհրդարանն ընդունեցէ «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց նախաձեռնելու մասին» օրենքը։
ԵՄ-ում երբեմն Հայաստանը ներկայացնում են որպես եվրոպական ինտեգրման նոր տարածաշրջանային առաջնորդ. սա մի ձևակերպում է, որը նախկինում օգտագործվում էր Վրաստանի նկատմամբ, սակայն նույնիսկ այն ժամանակ մի շարք հարցեր էր առաջացնում։ Այսօր ևս ԵՄ-Հայաստան հարաբերություններում խոսքը գնում է ավելի շուտ համագործակցության ընդլայնման մասին, և անդամակցության կոնկրետ հարցեր չեն շոշափվում։
Միջազգային հարցերի լեհական ինստիտուտի (PISM) վերլուծական նյութում նշվում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը վկայում է տվյալ պետությունում և, ավելի լայն՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման մասին։ Համեմատաբար փոքր շուկայի և ոչ բարենպաստ ներդրումային միջավայրի պատճառով Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր տնտեսական գործընկեր չէ, սակայն Միությունը կարող է նրա համար առանցքային հենարան դառնալ Ռուսաստանից հետագա անջատման, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցում։ ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը կախված է ընտրություններից, ընդ որում՝ արդեն իսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ճամբարի որոշ գործողություններ կարող են վերապահումներ առաջացնել ԵՄ-ի մոտ, օրինակ՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ ի վնաս ընդդիմության։
PISM-ի վերլուծաբան Վոյցեխ Վոյտասևիչը միևնույն ժամանակ ընդգծում է, որ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է։
«Իշխող թիմի հաղթանակը չի հանգեցնի Ռուսաստանից Հայաստանի լիակատար անկախացմանը, այդ թվում՝ տնտեսական և անվտանգային (ներառյալ էներգետիկ) պատճառներով։ Դա կլինի երկարաժամկետ խնդիր, որը պահանջում է ավելի մեծ աջակցություն ԵՄ-ի կողմից, այդ թվում՝ ֆինանսական։ Երկկողմ հարաբերություններում բարդ թեմա կմնա Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների համակարգի խստացումը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի առանց այն էլ համեմատաբար թույլ տնտեսության համար։ Հարավային Կովկասով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային կապերի բարելավման ԵՄ նպատակների իրագործումն էլ, իր հերթին, կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից, որի վրա ԵՄ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, ներկայումս չունի ուղղակի ազդեցություն», — նշում է վերլուծաբանը։
Դիանա Ներսիսյան

