Հայաստանում քաղաքական համակարգը դեռևս չի կայացել, այն դեռ գտնվում է զարգացման փուլում, սակայն միևնույն ժամանակ արդեն նկատվում են որոշակի բյուրեղացման գործընթացներ։ Այս մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Քաղաքական մասնատվածություն = անառողջ մրցակցային միջավայր
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի դիրքավորումները աստիճանաբար ավելի հստակ են դառնում, իսկ ընտրություններին մասնակցող ուժերի թվի նվազումը կարելի է դիտարկել որպես առողջ քաղաքական գործընթաց։ Մելիքյանը հիշեցրել է, որ նախորդ ընտրություններին մասնակցել էր 25 կուսակցություն և դաշինք, մինչդեռ այս ընտրություններին դրանց թիվն արդեն 19 է։ Նա նշել է, որ Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց մեծ քաղաքական մասնատվածությունը կարող է նաև անառողջ մրցակցային միջավայր ձևավորել։
Անձ-կուսակցություն երևույթը ՀՀ-ում դեռ արդիական է
Ըստ նրա, քաղաքական համակարգի լիարժեք կայացված չլինելու մեկ այլ դրսևորումներից է, որ քաղաքական ուժերի ներսում առաջին դեմքերը շարունակում են գերիշխող դեր ունենալ։ Մելիքյանի գնահատմամբ՝ այսօր գրեթե բոլոր քաղաքական ուժերը մեծապես նույնացվում են իրենց առաջնորդների հետ, և եթե այդ առաջին դեմքերը դուրս բերվեն քաղաքական դաշտից, կարող են առաջանալ լուրջ հարցեր՝ կապված տվյալ կուսակցությունների ընտրական հնարավորությունների և անգամ քաղաքական գործընթացներին մասնակցելու պատրաստակամության հետ։ Նա նաև ընդգծել է, որ հայկական քաղաքական համակարգում դեռևս բավարար չափով չի նկատվում ներկուսակցական ժողովրդավարության զարգացումը։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերում չեն ձևավորվում երկրորդ, երրորդ կամ ավելի լայն առաջնորդական օղակներ, որոնք կարող էին ինքնուրույն առաջ շարժվել և ապահովել կուսակցությունների ինստիտուցիոնալ կայացումը։
Առանց ազատությունների երաշխավորման քաղաքական համակարգը չի կարող ձևավորվել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ Հայաստանում երկար տարիներ բացակայել են իրական ժողովրդավարության պայմանները, ինչն էլ խոչընդոտել է այդ առողջ քաղաքական համակարգի ձևավորմանը։ Իրավապաշտպանն հիշեցրել է, որ նախկինում ընդդիմադիր գործունեությունը հաճախ ուղեկցվել է ճնշումներով և հետապնդումների վտանգով։
Որպես օրինակ՝ նա նշել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններ-ից հետո ստեղծված իրավիճակը, երբ անգամ հասարակական քննարկումներ կազմակերպելու համար դժվար էր դահլիճներ գտնել, քանի որ հյուրանոցները հրաժարվում էին տրամադրել տարածքներ ընդդիմադիր միջոցառումների համար։
«Առանց ազատությունների երաշխավորման քաղաքական համակարգը չի կարող ձևավորվել ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան», — ընդգծել է Սաքունցը։
Մեկ քայլ առաջ
Սաքունցը նաև խոսել է կուսակցությունների մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին՝ դրանք գնահատելով որպես ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլեր։ Նա հիշեցրել է, որ այժմ կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն համագումարով, իսկ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն պարտադիր պետք է կին լինի։ Բացի այդ, ըստ նրա, կարևոր փոփոխություններից է նաև պետական ֆինանսավորման մեխանիզմի ներդրումը, որի համաձայն՝ ընտրություններում որոշակի շեմ հաղթահարած քաղաքական ուժերը պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում՝ իրենց ինստիտուցիոնալ գործունեությունն ապահովելու համար։
Դրա հետ մեկտեղ նա արձանագրեց, որ ՀՀ-ում բիզնեսի և քաղաքականության տարանջատման խնդրին բավարար ուշադրություն չի դարձվում։ Նրա խոսքով՝ առանձնապես կարևոր է խոշոր բիզնեսի և քաղաքական կուսակցությունների միջև հստակ սահմանազատումը, քանի որ քաղաքական կուսակցությունը չի կարող գործել բիզնես կառավարման տրամաբանությամբ։ Միևնույն ժամանակ Սաքունցը նշել է, որ շարունակում են մնալ նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ նվիրատվությունների աղբյուրների և նվիրատուների բարեխղճության խնդիրը։

