Հայաստանում մեկնարկած նախընտրական քարոզարշավի ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հարցեր առաջանում այն մասին, թե որտեղ է ավարտվում պետական լիազորությունների իրականացումը և սկսվում քաղաքական քարոզչությունը: Քննարկումների նոր ալիքի առիթ են դարձել ինչպես իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, այնպես էլ վերջին օրերի կոնկրետ դրվագները, որոնցում քննադատները վարչական ռեսուրսի կիրառման հատկանիշներ են տեսնում:
Հայաստանի օրենսդրությունը բավականին հստակ է սահմանում ընտրությունների շրջանում պաշտոնատար անձանց թույլատրելի վարքագծի շրջանակները: Խոսքը, մասնավորապես, քաղաքական ուժի կամ թեկնածուի շահերից ելնելով ծառայողական դիրքի, պետական ռեսուրսների և հանրային լիազորությունների օգտագործման արգելքի մասին է: Այս ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մի շարք դրվագներ առնվազն կասկածներ են առաջացնում։
Խոստում վարորդներին. խնդրի լուծո՞ւմ, թե՞ նախընտրական ազդակ
Մայիսի 16-ին Երևանի կենտրոնում վարորդների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունները պատրաստ են վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ վերականգնել վկայականն առանց քննություններ հանձնելու։ Ընդ որում, նա հստակեցրեց, որ խոսքը որոշակի պայմանների և մեկ տարվա սահմանափակման պահպանման մասին է։
Ինքնին կարգավորման փոփոխությունը օրենքի խախտում չէ։ Սակայն հարցեր է առաջացնում նախաձեռնության ներկայացման ձևն ու համատեքստը։
Հայտարարությունը հնչել է կոնկրետ սոցիալական խմբի՝ կանոնների մեղմացմամբ անմիջականորեն շահագրգռված վարորդների հետ հանրային հանդիպման ժամանակ: Ավելին, վարչապետը փաստացիորեն ազդարարեց խնդրի հնարավոր լուծման մասին առավելագույնս սեղմ ժամկետներում, իսկ նրա խոսքերն ուղեկցվում էին ծափահարություններով և «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Վարչապետն այս հարցով զբաղվում է՝ պաշտոնապես արձակուրդում գտնվելով։
Հարց է առաջանում՝ խոսքը բարեփոխման սովորական քննարկմա՞ն մասին է, թե՞ քաղաքականապես մոտիվացված խոստման, որն ուղղված է պոտենցիալ ընտրազանգվածին՝ քարոզարշավի թեժ պահին։ Իշխանության կողմնակիցները կարող են հակադարձել, որ վարչապետն իրավունք ունի հրապարակավ քննարկել օրենսդրական պատրաստվող փոփոխությունները և արձագանքել քաղաքացիների պահանջներին։ Բայց չէ՞ որ վարորդական իրավունքների վերականգման խնդիրն ու վարորդների դժգոհությունը սկսվել էին քարոզարշավից շատ առաջ. ինչո՞ւ իշխանությունը գերադասեց այս հարցը լուծել հենց նախընտրական արշավի ընթացքում։ Արդյո՞ք նրա համար չէր, որ այս «կասկածելի բարեփոխումն» ավելի լավ տպավորվի։ Ըստ էության, սա կոնկրետ լսարանի կոնկրետ խնդրի օպերատիվ լուծում է նախընտրական քարոզչության շրջանում։
Տրոլեյբուսները՝ որպես քարոզարշավի մաս
Նույն օրը ուշադրություն գրավեց ևս մեկ իրադարձություն՝ Երևանի համար գնված նոր տրոլեյբուսների ցուցադրությունը։
Պաշտոնական տվյալներով՝ խոսքը 45 նոր մեքենաների մասին է, որոնք ձեռք են բերվել ամբողջությամբ պետական բյուջեի, հաշվին։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և վարչապետի մասնակցությամբ։
Հասարակական տրանսպորտի արդիականացումն ինքնին քաղաքային քաղաքականության մաս է և չի կարող ավտոմատ կերպով դիտարկվել որպես քարոզչության կանոննների խախտում։ Սակայն այստեղ նույնպես առանցքային նշանակություն ունի քաղաքական համատեքստը։
- Առաջին՝ տեխնիկայի ցուցադրությունը տեղի էր ունենում հենց իշխող ուժի ակտիվ նախընտրական քարոզարշավի շրջանում։
- Երկրորդ՝ վարչապետն ուղղակիորեն ընդգծում էր կառավարության դերը գնումների ֆինանսավորման գործում՝ հայտարարելով, որ որոշումը կայացվել է առավելագույնս արագ՝ առանց բյուրոկրատական ձգձգումների։
Առանձնակի ուշադրություն գրավեց նաև քաղաքական հռետորաբանությունը։ Փաշինյանը հայտարարեց, որ գնումը հնարավոր է դարձել «պետությանը վերադարձված միջոցների» շնորհիվ՝ ներկայիս իշխանությունը հակադրելով նախկին իշխանություններին և ներկայիս մրցակիցներին, որոնք, նրա խոսքով, այդ փողերը կծախսեին «Համերների», «Ֆերարիների» ու «Պորշերի» վրա։
Այսպիսով, քաղաքային տեխնիկայի շնորհանդեսը փաստացիորեն ուղեկցվեց քաղաքական մեսիջով՝ մրցակիցների նկատմամբ գործող իշխանության առավելության մասին։ Իսկ սա արդեն ընտրողների քաղաքական ուղղորդում է պետական նախագծերի և բյուջետային ձեռքբերումների օգտագործմամբ, ինչը ամթույլատրելի է։
Սպիտակ. խնդրի լուծում՝ տեղում
Եվս մեկ դրվագ տեղի ունեցավ Սպիտակի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Կանանցից մեկը բողոքեց վարչապետին բնակարանային հարցի լուծման ձգձգումից։ Փաշինյանը հենց տեղում կապ հաստատեց պատասխանատու անձանց հետ, ճշտեց մանրամասները և հայտարարեց, որ խնդիրը կլուծվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում՝ հավելելով. «Ասում եմ երկու ամիս, բայց ավելի շուտ կլինի»։
Հանրային ընկալման տեսանկյունից նման տեսարանները մեծ քաղաքական էֆեկտ են թողնում. կառավարության ղեկավարն անձամբ է միջամտում կոնկրետ մարդու ճակատագրին և ցուցադրում արագ արդյունքի հասնելու ունակություն։
Սակայն հենց նման դրվագները ընտրությունների շրջանում վիճելի օրինականություն ունեն, քանի որ ստեխծում են նախընտրական առավելություններ, որոնք հասու չեն մրցակիցներին։ Նման հանրային խոստումներն ակնհայտորեն ձևավորում են քաղաքացու և պետության հարաբերությունների անձնավորված մոդել, որտեղ քաղաքական լոյալությունը սկսում է ընկալվել որպես օգնություն ստանալու գործիք։
Առանցքային խնդիրը՝ հստակ և նկատելի սահմանագծի բացակայությունը
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ առանցքային խնդիրը պաշտոնական գործունեության և քաղաքական խոստման միջև գործնականում հստակ ու նկատելի սահմանագծի բացակայությունն է։
Նրա գնահատմամբ՝ իրական քաղաքական պրակտիկայում հենց այդ սահմանն է դառնում լղոզված. երբ պաշտոնատար անձը, գտնվելով թեկնածուի կարգավիճակում կամ փաստացի մասնակցելով քարոզարշավին, միևնույն ժամանակ շարունակում է հանդես գալ որպես գործադիր իշխանության ղեկավար, քաղաքացիների և նույնիսկ քարոզարշավի մասնակիցների համար դժվար է դառնում տարբերակել, թե որտեղ է ավարտվում ինստիտուցիոնալ գործառույթը և սկսվում նախընտրական խոստումը։
Նա ընդգծում է, որ նման դեպքերում վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն հայտարարության ձևը, այլև դրա համատեքստը.
«Եթե պաշտոնատար անձը հանդես է գալիս իշխանության դիրքերից և տալիս է խոստումներ, որոնք ընկալվում են որպես պաշտոնական, ապա նրա վրա հավասարապես պետք է տարածվեն ընտրական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները»։
Հենց այդ պատճառով, ըստ Հովհաննիսյանի, հատկապես կարևոր է, որ իշխանության ներկայացուցիչները ծայրահեղ զգույշ ձևակերպեն իրենց հայտարարությունները քարոզարշավի շրջանում, այլապես քաղաքացիների խնդիրներին ցանկացած հանրային արձագանք կարող է ընկալվել որպես նախընտրական պարտավորություն։
Հարցերն ավելանում են
Հասկանալի է, որ դիտարկված դրվագները միայն մի փոքր մասն են այն գործողությունների ու հայտարարությունների, որոնք հարցեր են առաջացնում ինչպես իշխող ուժի գործողությունների օրինականության, այնպես էլ օրենսդրական կարգավորման հստակության տեսանկյունից։ Մի կողմից՝ իշխանության գործողություններին վերջնական գնահատական տալու իրավասություն ունեն միայն իրավապահ մարմինները, մյուս կողմից՝ կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք իրավապահ մարմինները կցանկանան նկատել խախտումներն այնպիսի պայմաններում, երբ, ըստ էության, չունեն անկախության անհրաժեշտ մակարդակ։
Արամ Հայրապետյան

