Մենք ականատես ենք ապագա երկբևեռ գլոբալ համակարգի ձևավորման հիմնաքարի տեղադրմանը։ Այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Պեկինում կայացած է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ցինպինի հանդիպմանը։
Հարությունյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված են Չինաստանի տնտեսական և աշխարհատնտեսական ազդեցության ընդլայնմամբ։ Նրա խոսքով՝ Չինաստանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, միջպետական հարաբերությունները կառուցում է ոչ թե ուժի բացահայտ կիրառման կամ ճնշման, այլ գործընկեր երկրներին շահավետ առաջարկներ ներկայացնելու միջոցով։
«Չինացիները հիմնականում առաջարկում են ենթակառուցվածքային ներդրումներ, որոնք տվյալ երկրի համար ստեղծում են նոր արժեք ձևավորելու հնարավորություն, բարձրացնում են այդ պետության աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական դերակատարումը։ Այդ գործընթացից շահում է նաև ինքը՝ Չինաստանը», — նշել է նախկին վարչապետը։ Այսինքն՝ Չինաստանը վարում է բոլորովին այլ քաղաքականություն, որն այսօր լիովին արդարացված է։
Նա ընդգծել է, որ Չինաստանի ազդեցությունը հատկապես մեծ է Գլոբալ հարավի երկրներում, որտեղ Պեկինը դիտարկվում է որպես վստահելի գործընկեր, որը գործում է փոխշահավետ համագործակցության սկզբունքով։ «Միացյալ Նահանգների մոտեցումը հիմնականում գործարքային է՝ եթե անվտանգություն եք ուզում, ապա վճարեք, և մենք կապահովենք այդ անվտանգությունը։ Սրանք երկու տարբեր քաղաքական և աշխարհաքաղաքական մոտեցումներ են», — ասել է Հարությունյանը։
Նախկին վարչապետը նշել է, որ օրինակ՝ Իրանի շուրջ զարգացումների և տարածաշրջանային լարվածության ֆոնին Պարսից ծոցի երկրների խոցելիությունն ավելի տեսանելի դարձավ։ Նրա խոսքով՝ պարզ դարձավ, որ ամերիկյան ռազմական բազաների ներկայությունը այդ երկրներին անվտանգության լիարժեք երաշխիք չի տվել։ «Չինաստանը երբեք այդ ճանապարհով չի գնացել», — ընդգծել է նա։
Հարությունյանի կարծիքով՝ այս ամենի հետևանքով այս երկու տարբեր աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական կոնցեպտները դուրս են եկել մրցակցության փուլ։ «Թե որքանով այդ մրցակցությունը կլինի առողջ, ցույց կտա ժամանակը», — նշել է նա։ Նրա խոսքով՝ Չինաստանի քաղաքական ղեկավարությունը չի առաջնորդվում կարճաժամկետ էմոցիոնալ հաշվարկներով և նախընտրում է երկարաժամկետ, համակարգված ու հետևողական քաղաքականություն՝ հատկապես տնտեսական հարաբերությունների ամուր հիմք ստեղծելու տեսանկյունից։
Հարությունյանը չի բացառել, որ ԱՄՆ-Չինաստան քննարկումների առանցքում կարող էր լինել նաև նոր միջազգային վճարային համակարգի ձևավորումը, որի հիմքում ընկած է չինական յուանը։ Նա հիշեցրել է, որ Չինաստանին արդեն հաջողվել է Պարսից ծոցի մի շարք երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել նավթի առևտուրը յուանով իրականացնելու շուրջ։ «Սա բավականին լուրջ մարտահրավեր է Միացյալ Նահանգների համար, որովհետև ամերիկյան տնտեսական հզորությունը երկար տարիներ հիմնված էր նավթադոլարի համակարգի վրա, և այսօր այդ համակարգը աստիճանաբար զիջում է իր դիրքերը», — ասել է նախկին վարչապետը։
Հարությունյանը նաև չի բացառել, որ բանակցություններում քննարկվել են ընդերքօգտագործման, նորագույն թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հարցեր։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս՝ Միացյալ Նահանգները այլևս չեն կարող անտեսել Չինաստանի գլոբալ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական դերակատարումը։ «Ելնելով այս ամենից՝ կարելի է ենթադրել, որ մենք ականատես ենք ապագա երկբևեռ գլոբալ համակարգի ձևավորման հիմնաքարի տեղադրմանը», — եզրափակել է Խոսրով Հարությունյանը։

