ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Պեկին դարձավ ամերիկա-չինական հարաբերությունների նոր բնույթի ցուցադրություն, որտեղ գաղափարական մրցակցությունն ավելի ու ավելի ակնհայտորեն տեղի է տալիս գլոբալ բիզնեսի պրագմատիզմին։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Դավթյանը՝ ամփոփելով ԱՄՆ նախագահի Չինաստան կատարած այցը։
Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թրամփի հետ միասին ՉԺՀ են ժամանել ԱՄՆ խոշորագույն կորպորացիաների ներկայացուցիչները՝ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, Boeing-ի թոփ-մենեջերները, ինչպես նաև ամերիկյան IT և արդյունաբերական հսկաների ներկայացուցիչներ։ Դավթյանն ընդգծում է, որ քննարկումների կենտրոնում հայտնվել են ոչ թե Թայվանի կամ ռազմական հակամարտության հարցերը, այլ շուկաների, արհեստական բանականության, կիսահաղորդիչների, ավիացիայի, էներգետիկայի և մատակարարման գլոբալ շղթաների թեմաները։
Քաղաքագետը հատկապես հատկանշական է համարում Իլոն Մասկի մասնակցությունը, ով ձգտում է չինական շուկայում Tesla-ի համար ստանալ «Full Self-Driving» համակարգի հաստատումը։ Ոչ պակաս կարևոր է Դավթյանն անվանում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի ներկայությունը. չնայած կիսահաղորդիչների ոլորտում ԱՄՆ արտահանման սահմանափակումներին, չինական շուկան ընկերության համար պահպանում է իր կրիտիկական նշանակությունը։
Հանդիպման գլխավոր գործնական արդյունքներից մեկը փորձագետը համարում է Չինաստանին 200 ինքնաթիռ մատակարարելու վերաբերյալ Boeing-ի համաձայնագիրը։ Դավթյանի կարծիքով՝ հենց նման գործարքներն են այսօր լավագույնս ցուցադրում միջազգային հարաբերությունների իրական ճարտարապետությունը։
Նա կարծում է, որ տեղի ունեցողը վկայում է համաշխարհային կարգի խորը տրանսֆորմացիայի մասին։ Եթե XX դարը կառուցված էր գաղափարախոսական բլոկների դիմակայության վրա, ապա XXI դարը ձևավորվում է աշխարհատնտեսական (գեոէկոնոմիկ) դետերմինիզմի տրամաբանությամբ։ Նոր համակարգում առանցքային նշանակություն են ստանում տեխնոլոգիաների, շուկաների, լոգիստիկայի, էներգետիկայի և արդյունաբերական հարթակների նկատմամբ վերահսկողությունը։
Նույնիսկ ռազմավարական մրցակցության պայմաններում ԱՄՆ-ն ու Չինաստանը, Դավթյանի գնահատմամբ, մնում են փոխկապակցված տնտեսական համակարգեր։ Հենց այս փոխկապվածությունն է, և ոչ թե միջազգային ինստիտուտները կամ հռչակված արժեքները, որ այսօր դառնում է երկու գերտերությունների միջև ուղղակի բախումը զսպող գլխավոր գործոնը։ Փողն ու գլոբալ բիզնեսը, ըստ էության, վերածվում են Վաշինգտոնի և Պեկինի միջև հավասարակշռության պահպանման հիմնական մեխանիզմի։

