Տնտեսությունը կարգախոսներով չի առաջնորդվում

Մայիսի վերջին Աստանայում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով, կարող է քննարկվել միավորման մեջ Հայաստանի կարգավիճակի հարցը: Սպասվող հանդիպման օրակարգը ձևավորվում է Հայաստանում ընթացող նախընտրական արշավի, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքական կուրսի և եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին նրա մասնակցության շուրջ ընթացող քննարկումների ֆոնին:

Երևանն իր հերթին ընդգծում է, որ շարունակում է Եվրոպական միության հետ մերձեցման կուրսը՝ այն դիտարկելով որպես ռազմավարական ուղղություն, սակայն տվյալ փուլում մտադիր չէ խզել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ: Հայաստանի պաշտոնական և քաղաքական շրջանակներում նշում են, որ Հայաստանում կա ընկալում, որ  զուգահեռ անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, և “երբ գա ժամանակը”  Հայաստանը կկատարի իր վերջնական ընտրությունը:

Այս ֆոնին պահպանվում է նաև ներքաղաքական օրակարգի գործոնը. երկրում ընթանում է նախընտրական մրցավազք, և մեծ հավանականությամբ Հայաստանի վարչապետը չի մասնակցի Աստանայի գագաթնաժողովին: Սակայն ի՞նչ սպասել Աստանայում սպասվող գործընթացներից։ 

ԵԱՏՄ տնտեսությունը և աճի կառուցվածքը

Քաղաքագետ Վահե Դավթյանը ստեղծված իրավիճակը բնութագրում է որպես մոտեցում ռազմավարական ընտրությանը, որի գինը Հայաստանի համար, նրա գնահատմամբ, կարող է չափազանց բարձր լինել:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի կարող դիտարկվել որպես քաղաքական կամ «քաղաքակրթական» մանևր, քանի որ այն ուղղակի և մասշտաբային հետևանքներ է ունենալու երկրի տնտեսության համար:

Դավթյանը նշում է, որ վերջին 10 տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումը տեղի է ունեցել եվրասիական ինտեգրացիոն մոդելի շրջանակներում։ Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունից ի վեր ՀՆԱ-ի ծավալն աճել է ավելի քան 2,5 անգամ՝ շուրջ 10 միլիարդից հասնելով 26 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 

Նա ընդգծում է, որ միությանն անդամակցությունը Հայաստանի համար ապահովել է հասանելիություն ընդհանուր շուկային, աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաշարժ, ինչպես նաև էներգետիկ արտոնյալ պայմաններ, որոնք, նրա խոսքով, կրիտիկական նշանակություն ունեն երկրի ներկայիս տնտեսական մոդելի գործունեության համար։

Էներգետիկ գործոնը և գնային ռիսկերը

Փորձագետն առանձնակի ուշադրություն է դարձնում էներգետիկ ասպեկտին։ Մասնավորապես, նա համեմատում է բնական գազի մատակարարումների արժեքը՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 177,5 դոլար գնով՝ հաշվի առնելով կալորիականության ինդեքսը, մինչդեռ եվրոպական երկրներում գինը կարող է գերազանցել 600 դոլարը։ 

Նրա կարծիքով՝ մատակարարման այլընտրանքային սցենարները սահմանափակ են. Ադրբեջանն ի վիճակի չէ ծածկել պահանջարկի ամբողջ ծավալը, իսկ իրանական ուղղությունը, թեև տեսականորեն հնարավոր է, սակայն շարունակում է կախված մնալ Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական համաձայնեցումից՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ենթակառուցվածքներն ու տարածաշրջանային պայմանավորվածությունները։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ նա հանգում է այն եզրակացության, որ մատակարարումների կառուցվածքի հնարավոր փոփոխությունն անխուսափելիորեն կհանգեցնի էներգակիրների գների աճի Հայաստանի վերջնական սպառողների և բիզնեսի համար։

Առևտուրը և տնտեսական կապերը

Խոսելով արտաքին տնտեսական կապերի մասին՝ Դավթյանը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության անկման վրա, որը, նրա գնահատմամբ, 2025 թվականին կարող է կազմել մոտ 45%։ 

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ ռուսական ուղղությունը մնում է հայկական տնտեսության առանցքային հենասյուներից մեկը՝ ապահովելով արտահանման, արդյունաբերական կոոպերացիայի, դրամական փոխանցումների, լոգիստիկ շղթաների և աշխատաշուկայի զգալի մասը։ 

Այսպիսով, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կառուցվածքի ցանկացած փոփոխություն, նրա կարծիքով, շոշափում է ոչ թե առանձին սեկտոր, այլ երկրի տնտեսական կայունության ամբողջ համակարգը։

Քաղաքականություն և տնտեսություն. տարբեր տրամաբանություններ

Ավելի լայն իմաստով Դավթյանը պնդում է, որ ներկա իրավիճակում նկատվում է տնտեսական տրամաբանությունը քաղաքական սպասումներով և խորհրդանշական կարգախոսներով փոխարինելու փորձ։ 

Նա ընդգծում է, որ տնտեսական կապերի աշխարհագրությունն ու կառուցվածքը չեն կարող փոխվել քաղաքական հայտարարություններով, իսկ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների համար արտաքին տնտեսական առանցքային ուրվագծերի կտրուկ փոփոխությունը կապված է բարձր ռիսկերի հետ։

Հնարավոր հետևանքները

Նման սցենարի պոտենցիալ հետևանքների թվում նա նշում է սակագների աճը, արտահանման կրճատումը, արդյունաբերության մրցունակության անկումը, միգրացիոն գործընթացների և սոցիալական լարվածության ուժեղացումը։ Համախմբված վերցրած՝ սա, նրա գնահատմամբ, կարող է հանգեցնել նաև քաղաքական անկայունության։

Ամփոփելով իր գնահատականը՝ քաղաքագետը պնդում է, որ խնդիրը ոչ միայն արտաքին քաղաքական ընտրության մեջ է, այլև երկարաժամկետ ռազմավարական պլանավորման բացակայության, ինչը, նրա կարծիքով, երկրի կառավարումը դարձնում է ռեակտիվ (իրավիճակային) և կողմնորոշված դեպի կարճաժամկետ քաղաքական էֆեկտներ։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top