Իշխանության «արբանյակ-կուսակցությունները» առավելագույնը մի քանի հարյուր ձայն կստանան՝ չունենալով որևէ լուրջ ազդեցություն ընտրողների ձայների բաշխման վրա։ Նման կարծիքի է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Անդրադառնալով նախընտրական գործընթացներին և երկրում ձևավորված քաղաքական իրավիճակին՝ նա նշեց, որ ընտրարշավի կեսն արդեն անցել է, և քաղաքական պատկերը դարձել է առավել հստակ։ Ըստ Աղաջանյանի՝ հանրային ընկալման և անգամ իշխանությունների ներքին հարցումների արդյունքներով արդեն առանձնացել են ընդդիմադիր դաշտի երեք առաջատար ուժերը, մինչդեռ իշխանական ճամբարում փաստացի միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է իրական դերակատարություն ունենում։ Դեսպանը պնդել է, որ քաղաքական դաշտում ներկայացված մի շարք ուժեր իրականում «արբանյակային» դեր են կատարում՝ սպասարկելով գործող իշխանությունների շահերը։ Նրա գնահատմամբ՝ այդ ուժերը չեն կարողանալու լուրջ ընտրական արդյունք գրանցել և լավագույն դեպքում կհավաքեն մի քանի հարյուր ձայն։
Աղաջանյանի կարծիքով՝ վերջին ութ տարիների ընթացքում անցած «աղետալի ճանապարհը» հասարակության համար արդեն ձևավորեի է հստակ պատճառահետևանքային պատկեր։ Նա նշել է, որ մարդիկ սկսել են հասկանալ, թե ինչպիսի ճգնաժամի առաջ է կանգնել երկիրը, ովքեր են դրա պատասխանատուները և ինչ հետևանքներ կարող են լինել, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի։Նրա համոզմամբ՝ հասարակության մեջ սկսվել է «ապաքինման գործընթաց», երբ մարդիկ դուրս են գալիս տարիներով ձևավորված քարոզչական և տեղեկատվական քաոսից ու սկսում ավելի ռացիոնալ գնահատել սեփական ապագան և երկրի ճակատագիրը։
Դեսպանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ ընդգծելով, որ խոսքը սովորական քաղաքական պայքարի մասին չէ, այլ Հայաստանի պետականության, ազգային ինքնության և նույնիսկ հայ ժողովրդի գոյության հարցի։«Սա լավ ապրելու մասին չէ, սա գոյության մասին է», — ընդգծել է նա՝ հավելելով, որ գործող իշխանությունների վերարտադրության դեպքում հարցականի տակ կհայտնվի ոչ միայն երկրի անվտանգությունը, այլև պետականության պահպանման հնարավորությունը։
Աղաջանյանը նշել է, որ ընդդիմադիր առաջատար ուժերի ղեկավարները, իր գնահատմամբ, ունեն պետական կառավարման և բիզնեսի ոլորտներում ձևավորված փորձ, ինչը նրանց առաջարկած ծրագրերը դարձնում է առավել իրատեսական և գործնական։ Նրա խոսքով՝ այլ քաղաքական ուժերի առաջարկները հիմնականում մնում են տեսական քննարկումների մակարդակում՝ առանց հստակ լուծումների։ Նա նաև կարևորել է այն հանգամանքը, որ ապագա իշխանությունը, ամենայն հավանականությամբ, կլինի կոալիցիոն, քանի որ որևէ ուժ միանձնյա հաղթանակ չի կարող տանել։ Նա այս հանգամանքը շատ դրական է համարում՝ նշելով, որ մեկ ուժի գերիշխանությունը Հայաստանում բերել է ամենածանր հետևանքներին։ «Մենք տեսանք դրա հետևանքները՝ Հայաստանում այսօր փաստացի չեն գործում անկախ ինստիտուտներ, չկա որևէ մարմին, որը կկարողանա հակակշռել իշխանությանը», — պնդում է Աղաջանյանը։
Ըստ դեսպանի՝ նոր կոալիցիոն իշխանության ձևավորումը կարող է հիմք դնել նոր քաղաքական մշակույթի ձևավորման, որտեղ կարևոր կլինեն ոչ միայն առաջնորդների անձերը, այլև ներկայացվող ծրագրերը։ Աղաջանյանը շեշտել է, որ մինչև ընտրությունների վերջին պահը պետք է շարունակվի ակտիվ քարոզչական աշխատանքը՝ քաղաքացիներին բացատրելով ստեղծված իրավիճակի «ճակատագրականությունը» և խրախուսելով մասնակցել քվեարկությանը։

