Հայաստանում հունիսին սպասվում են երկրի պատմության մեջ «ամենաաշխարհքաղաքական» ընտրությունները: Նման կարծիքի է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Երբ խոսում ենք Հայաստանում ընթացող ընտրությունների աշխարհաքաղաքականացված բնույթի մասին, պետք է առանձնացնել երկու հիմնական հարթություն՝ ներքին և արտաքին», — նշեց փորձագետը։
Ներքին հարթություն
Նրա խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հիմնական դերակատարները՝ այն ուժերը, որոնք իրական շանս ունեն խորհրդարան անցնելու, ունեն հստակ աշխարհաքաղաքական նախապատվություն։
Իշխող ուժը, Գրիգորյանի ձևակերպմամբ վերջին տարիներին վարում է «դիվերսիֆիկացիայի քաղաքականություն», որի հիմնական նպատակը Ռուսաստանից միակողմանի կախվածության նվազեցումն է։ Ակտիվ գործընթացներ են ընթանում Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։ «Թեև արտաքին քաղաքական վեկտորը ամբողջությամբ փոխելը մոտ ապագայում իրատեսական չէ, սակայն երևում է արևմուտքի հետ հարաբերությունների խորացման հստակ շեշտադրում և Ռուսաստանի վարած քաղաքականության բավականին ակտիվ հրապարակային քննադատություն», — ասաց Գրիգորյանը։
Հիմնական ընդդիմադիր ուժերը,շարունակեց նա, հակառակը՝ հանդես են գալիս պրոռուսական դիրքորոշումներով։ Նրանք պնդում են, որ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ վերջին տարիների բոլոր խնդիրները կապում են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։ Այս ուժերը շեշտը դնում են «ուժեղ դաշնակցի» և «երաշխավորների» անհրաժեշտության վրա՝ խաղաղության գործընթացում Ռուսաստանին դիտարկելով որպես այդ երաշխավորներից մեկը, բացատրում է քաղաքագետը։
Արտաքին հարթություն
Բացի դրանից, պնդում է Գրիգորյանը, Հարավային Կովկասում առաջին անգամ բոլոր հիմնական արտաքին դերակատարները՝ Ռուսաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, շատ հստակ և ընդգծված նախապատվություններ են ցուցաբերում։
Ռուսաստանը բացահայտ թիրախավորում է Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ օգտագործելով հիբրիդային գործիքներ։ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը, ըստ Գրիգորյանի, շատ հատկանշական էր. մի կողմից հնչեցին տնտեսական սպառնալիքներ, մյուս կողմից՝ Պուտինը բացահայտ խոսեց պրոռուսական ուժերի մասին և փաստորեն պահանջեց, որ ռուսական անձնագիր ունեցող գործիչները կարողանան մասնակցել ընտրություններին։ Այսպիսով Ռուսաստանը հստակ ցույց տվեց իր նախապատվությունները։
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները նույնպես ունեն հստակ դիրքորոշում։ Բրյուսելը ուղղակի տեքստով չի հայտարարում Փաշինյանի վերընտրությանը աջակցելու մասին, սակայն իր գործողություններով ակտիվորեն օգնում է ներկայիս իշխանություններին։ Այդ աջակցությունը դրսևորվում է մասնավորապես նրանով, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Հայաստանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի պատմության մեջ առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը։ Բացի այդ, ԵՄ-ն աչք է փակում ՀՀ գործող իշխանության մի շարք իրավախախտումների և հակասահմանադրական քայլերի վրա։
Միացյալ Նահանգների դեպքում աջակցությունը ավելի բաց է հնչել։ ԱՄՆ փոխնախագահը իր այցի ընթացքում ուղղակիորեն հայտարարել է, որ ցանկանում է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Այստեղ կարևոր դեր է խաղում նաև «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) նախագիծը, որի հաջողությունը Ամերիկայի նոր վարչակազմը կապում է բացառապես Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանության հաղթանակի հետ։

