Ադրբեջանն ու Թուրքիան ներգրավվելու են Իրանի դեմ խաղի մեջ

Հարավային Կովկասում  Թուրքիայի «խաղաղասիրության» դրդապատճառները

Թուրքիայի խաղաղասիրական հռետորաբանությունը Հարավային Կովկասում իրականում պայմանավորված է սառն հաշվարկով և երկարաժամկետ ռազմավարական նպատակներով։ Այս մասին նշեց թյուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Միջին պետությունից՝ գլոբալ դերակատար

Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքիան փորձում է բարձրացնել իր տեղն ու դերը համաշխարհային քաղաքական համակարգում։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրը տնտեսական և ռազմական ցուցանիշներով շարունակում է մնալ «միջին պետություն», Անկարան ձգտում է վերադասավորվել ավելի բարձր կարգի պետությունների շարքում։

Այս նպատակն արտահայտվում է նաև այն հայեցակարգում, որը առաջ էր քաշել Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «աշխարհը հինգից մեծ է» ձևակերպմամբ։ Այն ենթադրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների շրջանակը պետք է ընդլայնվի, և Թուրքիան պետք է ներգրավվի այդ շրջանակում։

Սրա շրջանակում Անկարան ակտիվորեն փորձում է հանդես գալ որպես միջնորդ տարբեր միջազգային գործընթացներում՝ այդ կերպ բարձրացնելով իր հեղինակությունն ու ազդեցությունը։ Արդյունքում, Հարավային Կովկասը Թուրքիայի համար այլևս չունի այն առաջնային քաղաքական նշանակությունը, ինչ ուներ դեռ տաս տարի առաջ։

Տարածաշրջանը՝ որպես տնտեսական միջանցք

Միևնույն ժամանակ, փորձագետը նշում է, որ տարածաշրջանի դերը Թուրքիայի համար աճում է տնտեսական հարթությունում։ Հարավային Կովկասը աստիճանաբար ինտեգրվում է գլոբալ տնտեսական համակարգերին և դիտարկվում է որպես «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ։

Սաֆրաստյանը հիշեցնում է, որ Չինաստանի և Եվրոպական միության միջև տարեկան առևտրաշրջանառությունը հասնում է հարյուրավոր միլիարդների և միտում ունի աճելու մինչև տրիլիոն դոլար։ Թուրքիան շահագրգռված է, որ այդ առևտրի մի մասը անցնի իր տարածքով՝ ամրապնդելով իր դիրքը որպես էներգետիկ և տրանսպորտային հանգույց։

Այս համատեքստում Հարավային Կովկասը, և հատկապես Հայաստանը, ձեռք են բերում կարևոր նշանակություն, որպես տարածաշրջանային հաղորդակցությունների առանցքային օղակ։

Բաց սահմանների հարցը՝ հետաձգված հաշվարկ

Այդուհանդերձ  Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանը Հայաստանի հետ։ Սաֆրաստյանի մեկնաբանությամբ՝ դա նույնպես պայմանավորված է հաշվարկով։

Նրա խոսքով՝ Անկարան այժմ կենտրոնացած է Կարս–Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, որի ավարտից հետո միայն կարող է լիարժեք օգտագործել տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունները։ Մինչ այդ Թուրքիան չի շտապում բացել սահմանը, քանի որ իր հիմնական նպատակն է վերահսկելի և արդյունավետ կերպով ներգրավվել Չինաստան–Եվրոպա ցամաքային առևտրային ուղիներում։

Թեև արդեն գոյություն ունի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին, փորձը ցույց է տվել, որ այն լիարժեք չի բավարարում Թուրքիայի ռազմավարական պահանջներին՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ երթուղու երկարության տեսանկյունից։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top