Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և ունի դեռ չօգտագործած խաղաքարտեր

Իրանն ունի դեռ չօգտագործած խաղաքարտեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը։ Հրադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան զինուժն օգտագործել է հրադադարի ժամանակահատվածը տեխնիկայի պաշարները համալրելու համար և պատրաստ է վերսկսել Իրանի դեմ հարձակումները։ Ինչ տրամադրություններ են այսօր Իրանում և արդյոք Թեհրանը պատրաստ է ԱՄՆ նոր հարձակումներին դիմակայելու մեկնաբանեց իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին։
Թրամփի սպառնալիքները չեն ազդում Իրանի վրա

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի շարունակական սպառնալիքները գործնականում չեն ազդում Իրանի վրա։ «Թե՛ «40 օրվա պատերազմի» ընթացքում, թե՛ դրանից առաջ և հետո, Իրանը ցույց է տվել, որ ամուր կանգնած է և իր «կարմիր գծերից» չի հրաժարվում  և չի պատրաստվում ետ կանգնել իր հիմնական պահանջներից», — ասաց փորձագետը։

Հոսսեյնին նշեց, որ Թրամփը հետևողականորեն պահանջել է միակողմանի զիջումներ, մինչդեռ Իրանը մշտապես մերժել է այդ մոտեցումը՝ պնդելով, որ ցանկացած համաձայնություն կարող է լինել միայն փոխզիջումային սկզբունքների հիման վրա։ Նրա գնահատմամբ՝ եթե Վաշինգտոնի հայտարարությունները Իրանի ռազմական ներուժի լիակատար ոչնչացման մասին իրական լինեին, ապա Թեհրանը վաղուց կհամաձայներ դադարեցնել պատերազմը։ Սակայն իրականությունը, ըստ նրա, հակառակն է, ինչը վկայում է ամերիկյան հայտարարությունների ոչ ճշմարտացի լինելու մասին։

Իրանի ռազմավարական խաղաքարտը

Հոսսեյնին առանձնացնում է նաև Իրանի ունեցած ռազմավարական լծակները։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն չփոխի իր քաղաքականությունը, Թեհրանը կարող է կրկին շրջափակել կարևորագույն ծովային ուղին՝ Հորմուզի նեղուցը։ Ավելին՝ Թեհրանն ունի խաղաքարտ, որը մինչ այժմ չի օգտագործել, սակայն կարող է գնալ նաև այս քայլի։ Խոսքը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջափակման մասին է։ Այս երկու նեղուցների միաժամանակյա փակումը լուրջ տնտեսական հետևանքներ կունենալ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար։

Նա ընդգծում է, որ Իրանը պահանջում է նախևառաջ վերացնել իր շրջափակումը՝ որպես բանակցությունների մեկնարկային պայման։ Հակառակ դեպքում աշխարհը կարող է մտնել երկարաժամկետ լարվածության և բախումների փուլ, որտեղ տնտեսական ճնշումները միայն կուժեղանան։

Արևմուտքի սխալները և հավասար երկխոսության անհրաժեշտությունը

Քաղաքագետի կարծիքով՝ Արևմուտքը շարունակում է թերագնահատել Իրանի իրական ներուժը։ Տասնամյակներ շարունակ կիրառված պատժամիջոցները, ռազմական ճնշումները և նույնիսկ ահաբեկչական մեթոդները չեն հասել իրենց նպատակին՝ չեն ստիպել Իրանին հրաժարվել իր քաղաքական գծից։

Հոսսեյնին ընդգծում է, որ Իրանը պատրաստ է կառուցողական հարաբերությունների՝ եթե դրանք հիմնված լինեն հավասարության և փոխադարձ հարգանքի վրա։ Նա հիշեցնում է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված «5+1» ձևաչափի համաձայնությունը՝ որպես օրինակ, որը, նրա խոսքով, խաթարվեց հենց ԱՄՆ-ի կողմից։

Ամփոփելով՝ քաղաքագետը շեշտում է, որ սպառնալիքների և ճնշման քաղաքականությունը չի կարող արդյունք տալ։ Միակ արդյունավետ ճանապարհը Իրանի հետ հավասար և հարգալից երկխոսությունն է, որը կարող է ապահովել կայուն լուծումներ։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top