Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի համար

Թրամփը ժամանակ է ձգում․ նպատակն է մաշեցնել Իրանի ռեսուրսները 

ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին շրջանում ավելի շատ ռազմավարական հաշվարկների, քան կարճաժամկետ նպատակների արդյունք է։ Նման կարծիքի է դիվանագետ Արա Պապյանը։ 

Իրանում հասարակական լարվածության աճեցման քայլեր 

Պապյանի գնահատմամբ՝ այս շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ է ձգում՝ նպատակ ունենալով փուլ առ փուլ թուլացնել, մաշեցնել Իրանը։ Սկզբում, նրա խոսքով, հարված է հասցվել ռազմական կարողություններին, ապա՝ ռազմական արդյունաբերությանը, իսկ այժմ գործեղությունները տեղափոխվել են հասարակության ներսում դժգոհության աճեցման վրա։ Ամերիկյան պատժամիջոցների և շրջափակման հետևանքով Իրանը օրական հարյուրավոր միլիոն դոլարների կորուստ է կրում, սակայն առավել կարևոր խնդիրն այն է, որ երկիրը բախվում է կենսական նշանակության ապրանքների՝ դեղորայքի, սարքավորումների և նույնիսկ սննդի ներմուծման դժվարությունների։

Դիվանագետը նշում է, որ նման ճնշումների հիմնական նպատակը հասարակական լարվածության աճն է՝ այն աստիճանի, որ բնակչությունը սկսի դուրս գալ փողոց։ Նրա համոզմամբ՝ այս գործընթացի ժամանակային հորիզոնը ձգվում է մինչև աշուն, երբ կարող են ձևավորվել որոշակի հանգուցալուծումներ՝ զուգահեռ ընթացող ոչ հրապարակային բանակցությունների ֆոնին։

Միևնույն ժամանակ, Իրանի ներսում ուժային բևեռների դիրքորոշումները ևս կարևոր դեր են խաղում։ Պապյանը առանձնացնում է հատկապես հեղափոխության պահապաններին՝ նշելով, որ նույնիսկ նրանք կարող են փոխել դիրքորոշումը, եթե սոցիալ-տնտեսական ճնշումները հասնեն կրիտիկական մակարդակի։

Իրական թիրախը Չինաստանն է

Սակայն, ըստ նրա, այս ամբողջ գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն՝ ԱՄՆ–Չինաստան գլոբալ դիմակայության համատեքստում։ Պապյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի գործողությունները միաժամանակ ուղղված են նաև Չինաստանի զսպմանը։ Այս համատեքստում նա առանձնացնում է վերջերս   ԱՄՆ-ի և Ինդոնեզիայի միջև կնքած համաձայնագիրը, որը վերաբերում է ռազմավարական կարևորություն ունեցող Մալակայի նեղուցին։

Պապյանի խոսքով՝ այս նեղուցը գլոբալ առևտրի առանցքային հանգույցներից է, և դրա վերահսկողությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Չինաստանի տնտեսության վրա։ Եթե Հորմուզի նեղուցը հիմնականում կապված է նավթի մատակարարումների հետ, ապա Մալակայի նեղուցով անցնում է Չինաստանի ներմուծման և արտահանման շուրջ 80 տոկոսը։

Այսպիսով, ըստ դիվանագետի, Վաշինգտոնը ձևավորում է «երկակի զսպման» մեխանիզմ՝ միաժամանակ վերահսկելով երկու կարևորագույն ուղիները։ Դա նշանակում է ոչ միայն էներգետիկ, այլև առևտրային ճնշում Չինաստանի վրա, ինչը ցույց է տալիս, որ Իրանի շուրջ զարգացումները պետք է դիտարկել ավելի լայն՝ գլոբալ մրցակցության շրջանակում։

Ավելնորդը․ Ինչո՞ւ Թրամփը հարցականի տակ դրեց ՆԱՏՕ-ի ապագան 

Սակայն՝ մինչև ավելի լայնածավալ բախումների սկիզբը, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պետք է հստակեցվի ուժերի բալանսը, նշում է Պապյանը։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելը այստեղ դիտարկվում է որպես հիմնական դերակատար, որը կարող է ստանձնել տարածաշրջանային «վերահսկողի» դեր՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

Այս համատեքստում առանձնանում է նաև ՆԱՏՕ-ի ապագայի հարցը։ Պապյանի կարծիքով՝ Վաշինգտոնի կողմից եվրոպական առանձին անվտանգային համակարգ ստեղծելու մասին խոսակցությունները կարող են կապված լինել Թուրքիայի գործոնի հետ։ Քանի որ Թուրքիան իրավականորեն անհնար է դուրս բերել ՆԱՏՕ-ից, հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել կառույցի վերաձևավորումը՝ նոր ձևաչափով, որում Անկարան այլևս տեխ չի ունենա։

Դիվանագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն մտադիր է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց նախ պետք է լուծի Իրանի հարցը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի անցնել տարածաշրջանային վերադասավորությունների ձևավորմանը, որտեղ դաշնակցային կապերը կարող են էական փոփոխությունների ենթարկվել։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top