Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ Ի՞նչ հնարավորություններ սա կընձեռի Հայաստանին իր կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը։
Նա ընդգծեց, որ հիբրիդային պատերազմը չի սահմանափակվում միայն ապատեղեկատվությամբ։ Այն բազմաշերտ գործընթաց է, որտեղ միաժամանակ կիրառվում են տարբեր գործիքներ՝ սկսած տեղեկատվական մանիպուլյացիաներից մինչև կիբերհարձակումներ և տնտեսական լծակների օգտագործում։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես Հայաստանի կիբերանվտանգությունը։
Հատկապես ընտրություններին մոտ ժամանակահատվածում, ըստ Իոանիսյանի, կիբերդաշտում լարվածությունը կաճի։ Հայաստանը կարող է բախվել աշխարհի ամենահզոր կիբերհարձակողական բանակներից մեկի՝ ռուսական կիբերբանակի հետ, և այդ պայմաններում արդյունավետ պաշտպանությունը դառնում է առաջնահերթություն։ Նա վստահ է, որ միջազգային աջակցությունը արդեն գոյություն ունի և որոշ չափով թույլ կտա մեղմել հնարավոր հարձակումների հետևանքները։
Այնուամենայնիվ, Իոանիսյանը զգուշացնում է՝ ամբողջությամբ բացառել խնդիրները հնարավոր չէ։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ կամ ընթացքում որոշ կարևոր ենթակառուցվածքների կայքեր կամ հավելվածներ ժամանակավորապես դադարեն գործել՝ լինի դա պետական կայք, ընտրական համակարգ կամ այլ կարևոր ծառայություն։ Սակայն նման իրավիճակներում, նրա խոսքով, խուճապի մատնվել պետք չէ․ համակարգերը, որպես կանոն, արագ վերականգնվում են, և վտանգները կրում են ավելի շատ ժամանակավոր բնույթ։
Հիբրիդային պատերազմի լավագույն գործիքներից է նաև տնտեսական և էներգետիկ կախվածության խնդիրը, որը կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից՝ երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Իոանիսյանը օրինակ է բերում էներգետիկ ոլորտը՝ նշելով, որ եթե, օրինակ, դադարեցվի միջուկային վառելիքի մատակարարումը, անհրաժեշտ է ունենալ այլընտրանքային լուծումներ, որպեսզի ատոմակայանի աշխատանքը չխափանվի։ Նման ռիսկերը, ըստ նրա, ցույց են տալիս, թե որքան կարևոր է կախվածությունների նվազեցումը և համակարգերի դիմակայունության բարձրացումը։
Տնտեսական ոլորտում ևս իրավիճակը մտահոգիչ է. Հայաստանի արտադրանքի հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է, ինչը ձևավորում է միակողմանի կախվածություն։ Իոանիսյանը շեշտում է՝ խոսքը արտահանման դադարեցման մասին չէ, այլ այնպիսի իրավիճակի բացառում, երբ մեկ երկիր կարող է այդ կախվածությունը վերածել քաղաքական ճնշման գործիքի։ Լուծումը նա տեսնում է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի մեջ՝ հայկական արտադրանքը եվրոպական և այլ շուկաներում մրցունակ դարձնելու միջոցով։
Միևնույն ժամանակ, նա կարևորում է նաև ֆինանսական հոսքերի վերահսկողության ուժեղացումը՝ նշելով, որ այս ոլորտում արևմտյան գործընկերները կարող են էական աջակցություն ցուցաբերել։ Նույնը վերաբերում է կիբերանվտանգությանը, որտեղ Հայաստանի հնարավորությունները, ըստ մասնագետի, սահմանափակ են, իսկ սպառնալիքները՝ աճող։
Ընդհանուր առմամբ, փորձագետը կոչ է անում սթափ գնահատել ռիսկերը, ուժեղացնել պետական համակարգերի դիմակայունությունը և շարունակել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նոր սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։

