Օդային հարվածներով երբևէ հնարավոր չի եղել հասնել ռեժիմի փոփոխության

Աշխարհը դադարել է լուրջ ընդունել Թրամփին

Աշխարհն այլևս լրջորեն չի ընդունում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ինչը լուրջ խնդիր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ միջազգային համակարգի համար։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ամենահզոր գերտերությունը, սայայն դրա հետ մեկտեղ ամերիկյան գործող վարչակազմը դարձել է անկանխատեսելի՝ նույնիսկ սեփական դաշնակիցների համար։ Այս մասին նշեց  աղաքագետ Միքայել Զոլյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ եթե ի սկզբանե նպատակն այն էր, որ ԱՄՆ-ի վարքագիծը անկանխատեսելի լինի թշնամիների համար, ապա իրականում ստացվել է հակառակ արդյունքը․ ԱՄՆ-ի հակառակորդները կարծես ադապտացվել են այդ իրավիճակին, մինչդեռ դաշնակիցներն են հայտնվել անորոշության մեջ։

Ռազմական ուժը բավարար չէ

Իրանի շուրջ զարգացումները, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս, որ միայն ռազմական հզորությունը բավարար չէ հաջողության հասնելու համար։ Անհրաժեշտ են հստակ քաղաքական նպատակներ, քանի որ յուրաքանչյուր պատերազմ ի վերջո ծառայում է կոնկրետ քաղաքական նպատակների իրականացմանը։

Զոլյանը նշում է, որ ԱՄՆ-ի դեպքում, կամ առնվազն ներկայիս վարչակազմի պարագայում, պարզ չէ՝ ինչ նպատակ է հետապնդվում Իրանի դեմ գործողություններով։ Արդյոք խոսքը իշխանափոխության մասին է, կոնկրետ անձանց հեռացման, թե պարզապես Իրանի ռազմական կարողությունների չեզոքացման։ Այս անորոշությունն, ըստ նրա, հիմնական խնդիրներից մեկն է։

Օրմուզի նեղուց և Իրանի ազդեցության աճ

Քաղաքագետը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Օրմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ այն ցույց է տալիս՝ ԱՄՆ-ը չի կարողացել լիարժեք կանխատեսել իր քայլերի հետևանքները։ Արդյունքում ձևավորվել է նոր իրավիճակ, որտեղ Իրանը որոշակի առումով դարձել է ավելի ազդեցիկ, քան մինչ հակամարտությունը։

Քաղաքագետը նշում է, որ թեև իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն և հանգեցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տապալմանը։ Սակայն ներկա պահին, նրա գնահատմամբ, կարելի է արձանագրել մի քանի առանցքային հանգամանք․ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն հասել իրենց նպատակներին, Իրանի ազդեցությունը Պարսից ծոցում աճել է, իսկ ԱՄՆ-ի արաբ դաշնակիցները սկսել են նոր տարբերակներ որոնել։

Հատկանշական է նաև, որ տարածաշրջանում միջնորդի դեր է ստանձնել Պակիստանը, ինչը Զոլյանը բնութագրում է որպես որոշակիորեն աբսուրդային զարգացում՝ հաշվի առնելով այդ երկրի հնարավորություններն ու դիրքը։

Նա զուգահեռներ է անցկացնում նաև ռուս խաղաղապահների փորձի հետ՝ նշելով, որ նման «խաղաղարար» դերակատարների արդյունավետությունը հաճախ հարցականի տակ է, և այս դեպքում ևս արդյունքը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան չակերտավոր «դրական»։

Ինչ է սա նշանակում Հայաստանի համար

Անդրադառնալով Հայաստանի համար հետևանքներին՝ Զոլյանը ընդգծում է, որ Վաշինգտոնի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը ճիշտ քայլ չի լինի։ Նրա խոսքով՝ այդ գործընթացները հիմնականում ձևավորվել են դեռևս Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ և իրականացվել են ինստիտուցիոնալ մակարդակով։

Միևնույն ժամանակ, նա կարևոր է համարում հաշվի առնել, որ ԱՄՆ-ի հեղինակությունը թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում լուրջ ցնցումների է ենթարկվել։

👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top