Հայաստանում և Հայաստանի շուրջ ձևավորվող քաղաքական դիսկուրսը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական գործընթացները սեղմվում են մեկ շատ սահմանափակ հնարավորություններ ունեցոխ առանցքի շուրջ։
Երեք գործընթաց, մեկ կախվածություն
Ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Երևանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել է TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Անկարան նույն հարաբերությունները պայմանավորում է արդեն հայ-ադրբեջանական ուղղությամբ առաջընթացով։
Սարգսյանի խոսքով՝ արդյունքում ձևավորվել է փոխկապակցված գործընթացների ամբողջական շղթա՝ TRIPP նախագիծ, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններ։ Այս երեք ուղղությունները այլևս չեն գործում առանձին, այլ դարձել են մեկ փաթեթ, որտեղ յուրաքանչյուր օղակ կախված է մյուսից։ «Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա»,— ընդգծում է քաղաքագետը։ Նրա գնահատմամբ՝ այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ավտոմատ դանդաղեցնում է նաև հարակից գործընթացները։ Սակայն խնդիրը միայն տեղային չէ։
Սարգսյանը ուշադրություն է հրավիրում նաև արտաքին գործոնների վրա՝ նշելով, որ նախագծի հեռանկարները կախված են Իրան–ԱՄՆ հարաբերություններից։ Իրանի վարքագիծը վերջին լարվածությունների ընթացքում ցույց է տվել, որ Թեհրանը կարող է ազդել տարածաշրջանում ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնությունների վրա, այդ թվում՝ TRIPP-ի։
Եթե TRIPP չկա՝ օրակարգ է գալիս «միջանցքը»
Խոսելով հնարավոր զարգացումների մասին՝ Սարգսյանը փաստում է, որ նախագծի ձախողման դեպքում Ադրբեջանը, մեծ հավանականությամբ, կվերադառնա «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին։ «Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, պարզապես մոդերատորը կարող է փոխվել»,— նշում է նա։
Ամբողջ պատկերը, ըստ քաղաքագետի, բերում է մի հստակ եզրակացության․ եթե չկա TRIPP, դժվար է պատկերացնել ինչպես հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջընթացը, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Միևնույն ժամանակ, նախագծի չիրականացումը մեծացնում է այլընտրանքային՝ ավելի կոշտ և ռիսկային սցենարների հավանականությունը։
Սարգսյանի գնահատմամբ՝ հիմնական խնդիրը այլընտրանքների բացակայությունն է․
«Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»։

