Ռուսաստանի «Չեստնի զնակ» պիտակավորման համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի 338 հազար շշի վաճառքը։ Կասեցումը նախաձեռնվել է Ռոսպոտրեբնադզորի պահանջով՝ Ռուսաստանի քաղաքացիների առողջությանը հնարավոր վնասը կանխելու նպատակով։ Արգելափակվել են 2026 թվականի փետրվարի 17-ի և մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքի վաճառքը։
2024 թվականին Ռուսաստանում արդեն կասեցվել էր «Ջերմուկի» ավելի քան 2,5 մլն շշի վաճառքը Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած թունավորման դեպքից հետո, երբ մեկ շշում հայտնաբերվել էր քացախաթթու։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռևս պաշտոնական տեղեկություն չի ստացել ռուսական գերատեսչությունից և ձեռնարկում է միջոցներ իրավիճակը պարզաբանելու համար։
Տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը «Ջերմուկ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես հայկական բրենդին լուրջ հարված հասցնելու խնդիր։
««Ջերմուկը» պարզապես հանքային ջուր չէ, այլ ձևավորված հայկական լուրջ բրենդ է՝ կապված քաղաքի, առողջարանային համակարգի և ընդհանուր պատկերացման հետ։ Ասածս չի նշանակում մյուս հանքային ջրերի արժեզրկում, սակայն «Ջերմուկը» ունի առանձնահատուկ բրենդային նշանակություն Հայաստանի համար», — նշում է նա։
Միջգերատեսչական համագործակցության բացը
Միևնույն ժամանակ նա դեռ վաղ է համարում հստակ գնահատական տալ՝ խնդիրը օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ, քանի որ կարող են գոյություն ունենալ տարբեր հանգամանքներ, որոնք պետք է պարզվեն պաշտոնական քննարկումների շրջանակում։
Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կողմերի միջև արդյունավետ համագործակցության ձևաչափ չկա։ Թեև ընկերությունը հայտարարում է, որ խնդիր չկա, առանձին հայտարարություններ են հնչում հայկական ու ռուսական կողմերից, սակայն միասնական աշխատանքային հարթակի բացակայությունը թույլ չի տալիս արագ պարզաբանել իրավիճակը։
Նրա կարծիքով՝ եթե նման ձևաչափ լիներ, խնդիրները շատ ավելի արագ կլուծվեին։ Այդ պայմաններում նա չի բացառում, որ հարցը կարող է դիտարկվել ոչ միայն տնտեսական, այլ նաև այլ հարթություններում։
Կոռուպցիոն ռիսկեր և «ինքնագործունեություն»
Խաչիկյանը նշեց, որ այս պահի չէր պնդի, որ գործընթացը պետական նպատակային քաղաքականության արդյունք է։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ խնդիրը ձևավորվում է ավելի ցածր օղակներում՝ ոչ բավարար կարգավորման կամ կոռուպցիոն ռիսկերի պայմաններում։
Նա հիշեցնում է, որ մամուլում շրջանառվել են տեղեկություններ Պուտին–Փաշինյան հանդիպման բարդ լինելու մասին, ինչպես նաև փոխվարչապետների հայտարարությունները Հայաստանի տնտեսական ռիսկերի վերաբերյալ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ԵՄ-ին միանալու դեպքում։
Այսպիսի ֆոնին, ըստ նրա, որոշ գերատեսչություններ կամ դրանց ստորին օղակներ կարող են փորձել ինքնուրույն «վերլուծել» իրավիճակը և դիմել ինքնագործունեության, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նաև կոռուպցիոն սխեմաների ձևավորմանը։ Արդյունքում նման գործընթացները կարող են վերածվել միջպետական լուրջ սկանդալի։
Հանրային քննարկման անհրաժեշտությունը
Խաչիկյանը կարևորում է միջգերատեսչական համագործակցության ուժեղացումը և հարցի հրապարակային քննարկումը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ներկայացնել փորձագիտական գնահատականները բաց հարթակներում, որպեսզի ձևավորվի ճիշտ հանրային ընկալում։
Սա, նրա համոզմամբ, թույլ կտա խուսափել այնպիսի տպավորությունից, թե իրավիճակը մեկ պետության կողմից մյուսի վրա ազդեցություն գործադրելու լծակ է։ Հատկապես կարևոր է դա՝ հաշվի առնելով, որ մոտ մեկ ամսից սպասվում են ընտրություններ, և արդեն շրջանառվում են տարբեր գնահատականներ երրորդ երկրների կողմից Հայաստանի ընտրությունների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

