Ընտրություններ 2026․ Քաղաքական բազմազանությունը, որպես գործոն

Ընտրություններ 2026․ Քաղաքական բազմազանությունը, որպես գործոն

 19 քաղաքական ուժերի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին բխում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից, քանի որ փոշիացնում է ընտրողների ձայները։ Այս մասին հայտարարել է քաղաքտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ կուսակցությունների մեծ մասն իրականում խաղում է իշխանությունների օգտին և ներգրավվել է ընտրապայքարին հենց ձայները փոշիացումը ապահովելու համար։

Նրա դիտարկմամբ՝ իշխող ուժի ընտրազանգվածը նույնպես միատարր չէ, սակայն ունի մի քանի կայուն հենարաններ։ Դրանք են այն քաղաքացիները, որոնք ուղղակիորեն աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև այն ընտրողները, որոնք հակված են քվեարկելու գործող իշխանության օգտին՝ անկախ քաղաքական կոնկրետ ուժից։ Բացի այդ, ըստ Բադալյանի, որոշ դեպքերում նաև արևմտամետ ընտրազանգվածի մի հատված կարող է ընտրություն կատարել գործող իշխանության օգտին՝ այլընտրանքների բացակայության կամ չկոնսոլիդացված լինելու պատճառով։ «Սակայն  միևնույնն է Հայաստանի իշխող քաղաքական ուժը չունի այն վարկանիշը, որպեսզի վերընտրվի առանց որևիցե «նկարչության»,  արդար ընտրություններով», — նշեց նա։

Իշխանությունները շատ լավ հասկանում են, թե որն է ընդդիմության իրական սցենարը՝ օգտվելով իշխանության ցածր վարկանիշից և ձևավորելով երեքից չորս հստակ բևեռ, որոնք կկարողանային համախմբել ընտրազանգվածը և մրցունակ լինել իշխող ուժի նկատմամբ, իրականացնել «Գյումրիի սցենարը»։ Սակայն, քաղաքտեխնոլոգի գնահատմամբ, այս սցենարը փաստացի չեզոքացվեց՝ ընտրապայքարում մեծ թվով ուժերի ներգրավմամբ։ 

«Երբ ընտրողը կանգնած է ոչ թե երեք-չորս, այլ մոտ քսան տարբերակի առաջ, նրա ընտրությունը դառնում է ավելի ցրված, և ձայները բաշխվում են բազմաթիվ ուղղություններով», — նշում է Բադալյանը՝ ընդգծելով, որ այդ պայմաններում համախմբված ընդդիմադիր քվեարկություն ապահովելը գրեթե անհնար է դառնում։

Քաղաքտեխնոլոգը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընտրություններին մասնակցող բազմաթիվ ուժեր իրականում չեն ունենում խորհրդարան անցնելու շոշափելի շանսեր։ Նրա գնահատմամբ՝ այդ ուժերի զգալի մասը հավաքում է փոքր տոկոսներ՝ 0,5-ից մինչև 2-3 տոկոսի սահմաններում, սակայն հենց այդ «փոշիացած» ձայներն են, որ ընդհանուր հաշվարկում կարող են վճռորոշ դեր խաղա 1-ին տեղը գրաված ուժի համարլ։

«Եթե այդ փոքր տոկոսները գումարվում են, ստացվում է բավականին մեծ ծավալ, որը, պայմանականորեն, վերադառնում է առաջին տեղ զբաղեցնող ուժին՝ տոկոսային հարաբերակցության հաշվարկի արդյունքում», — նշում է Բադալյանը։

Միևնույն ժամանակ նա չի բացառում, որ որոշ քաղաքական ուժերի մասնակցությունը պայմանավորված է ոչ թե քաղաքական, այլև գործնական շահերով։ Նրա խոսքով՝ ընտրական գործընթացը որոշ դեպքերում դիտարկվում է նաև որպես ֆինանսական հնարավորություն՝ կապված քարոզարշավների, վստահված անձանց, դիտորդների և այլ մեխանիզմների միջոցով ձևավորվող ռեսուրսների հետ։

Այսպիսով, ըստ քաղաքտեխնոլոգի, ընտրություններին մեծ թվով մասնակիցների ներգրավումը փոխում է խաղի կանոնները՝ նվազեցնելով համախմբված ընդդիմության ձևավորման հնարավորությունը և միաժամանակ բարձրացնելով ձայների բաշխման հավանականությունը։ Այդ պայմաններում առավելություն է ստանում այն ուժը, որը կարողանում է պահպանել հարաբերականորեն կայուն ընտրազանգված և զբաղեցնել առաջին տեղը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top