Զարգացման օրակարգ, թե՞ ենթակառուցվածքային վերահսկողության վերաձևում

Զարգացման օրակարգ, թե՞ ենթակառուցվածքային վերահսկողության վերաձևում

Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը առաջին հայացքից ներկայացվում է որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» նոր փուլ։ Սակայն քաղաքագետ Վահե Դավթյանի գնահատմամբ՝ ձևակերպումների խորքում առկա է ավելի համակարգային խնդիր՝ Հայաստանի ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։
Էներգետիկա․ դիվերսիֆիկացիա՞, թե կախվածության փոփոխություն

Հռչակագրի էներգետիկ հատվածում շեշտվում են դիվերսիֆիկացիան, էներգետիկ անցումը, ցանցերի ամրապնդումն ու եվրոպական շուկաների հետ ինտեգրումը։ Սակայն, ըստ Դավթյանի, առանցքային հարցը ոչ թե զարգացման փաստն է, այլ այն, թե ինչ տրամաբանությամբ և ում կանոններով է այն իրականացվելու։

Դիվերսիֆիկացիան ներկայացվում է որպես կախվածության նվազեցում, բայց գործնականում այն կարող է հանգեցնել կախվածության ձևափոխման՝ տեղափոխելով այն դեպի եվրոպական կարգավորիչ և տեխնոլոգիական համակարգեր։

Առանձնահատուկ զգայուն թեմա է միջուկային էներգետիկան։ ԵՄ աջակցությունը հայկական ատոմակայանի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզին ներկայացվում է որպես տեխնիկական և անվտանգային համագործակցություն, սակայն փաստացի դա նշանակում է գործող էներգաբլոկի փակման գործընթացի ամրագրում։ Միևնույն ժամանակ հստակ պատասխան չկա՝ ինչով է այն փոխարինվելու։ Սա, ըստ փորձագետի, Հայաստանի էներգետիկ համակարգի բազային կայունության հարցը դնում է անորոշության մեջ։

Դավթյանը հիշեցնում է Լիտվայի փորձը, որտեղ Իգնալինի ատոմակայանի փակումը ԵՄ անդամակցությունից հետո չուղեկցվեց համարժեք նոր հզորությունների ստեղծմամբ, ինչի հետևանքով երկիրը մինչ օրս կախված է թանկ ներմուծումներից։

Բացի այդ, հռչակագրում նշվում է Սևծովյան էլեկտրամալուխին Հայաստանի հնարավոր միացումը։ Սա ԵՄ–Ադրբեջան համատեղ նախագիծ է, որի նպատակն է ադրբեջանական «կանաչ» էներգիայի արտահանումը Եվրոպա։ Սակայն առանց սեփական կայուն գեներացնող հզորությունների, Հայաստանի մասնակցությունը նման նախագծին դառնում է խիստ կասկածելի։ Ավելին՝ առկա քաղաքական պայմաններում Բաքուն, ըստ Դավթյանի, ամենայն հավանականությամբ կխոչընդոտի Երևանի ներգրավմանը։

Տրանսպորտ․ ինտեգրում, թե միջանցքային դեր

Ըստ Նրա՝ տրանսպորտային հատվածում ևս նույն տրամաբանությունն է։ Խոսվում է Անդրեվրոպական ցանցերին ինտեգրման, հաղորդակցությունների բացման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին։ Սակայն այստեղ ևս, նշում է քաղաքագետը, Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն քաղաքականություն ձևավորող սուբյեկտ, այլ որպես միջանցք։

Այս համատեքստում առանձնահատուկ դեր ունի ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը, որի շրջանակում Հայաստանում նախատեսվող ներդրումները գնահատվում են մինչև 2,5 միլիարդ եվրո։ Թեև այն ներկայացվում է որպես զարգացման խթան, իրականում ուղղակիորեն կապվում է Միջին միջանցքի ձևավորման և Եվրոպա–Կովկաս–Ասիա լոգիստիկ շղթաների վերակառուցման հետ, կարշում է նա։

Նույն շարքում դիտարկվում է նաև TRIPP ծրագիրը, որը ներկայացվում է որպես տարածաշրջանային կապակցվածության խթանող նախաձեռնություն։ Սակայն այն, ըստ Դավթյանի, միաժամանակ ամրապնդում է ԱՄՆ դերակատարությունը Միջին միջանցքում՝ վերահսկելով Եվրոպա–Ասիա կապերը։ Արդյունքում առաջանում է հակասություն․ հայտարարվում է եվրոպական ինտեգրման նպատակ, բայց ենթակառուցվածքային ճարտարապետությունը ձևավորվում է նաև ամերիկյան ռազմավարական շահերի շրջանակում։

Նման պայմաններում Հայաստանը, ըստ Վահե Դավթյանի, հանդես է գալիս ոչ թե որպես գործընթացների համահեղինակ, այլ որպես դրանց կիրառման տարածք՝ արտաքին կենտրոնների կողմից նախագծվող լոգիստիկ համակարգում։ Քաղաքագետի եզրահանգմամբ՝ այս փաստաթուղթը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզ է։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top