Հայաստանը երբեք չի անցնի 100% պրոֆեսիոնալ բանակի, առնվազն առաջիկա 20 տարիների ընթացքում երիտասարդները կշարունակեն զորակոչվել միգուցե 6 ամսով։ Նման տեսակետ ունի հարում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը
«Պրոֆեսիոնալ բանակի գաղափարը Հայաստանում չպետք է ընկալվի որպես ամբողջական անցում միայն պայմանագրային զինծառայության համակարգի», — նշեց փորձագոտը։ Նրա խոսքով՝ առավել իրատեսական և արդյունավետ մոդելը համակցված տարբերակն է, որտեղ պահպանվում են ինչպես պարտադիր զինծառայությունը, այնպես էլ պայմանագրային բաղադրիչը։
Ներսիսյանի գնահատմամբ՝ առաջիկա տարիներին հնարավոր են ծառայության ժամկետների կրճատումներ․ օրինակ՝ 18 ամիսը կարող է մի քանի տարուց դառնալ 12 ամիս, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ նույնիսկ 6 ամիս։ Սակայն, նրա համոզմամբ, ներկայիս աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային անվտանգության պայմաններում ծառայության ժամկետը 6 ամսից պակաս դարձնելը կամ ամբողջությամբ հրաժարվել պարտադիր զորակոչից իրատեսական չէ՝ առնվազն առաջիկա 20 տարիների կտրվածքով։
Փորձագետը նաև ընդգծում է, որ նույնիսկ կարճաժամկետ ծառայությունը կարևոր դեր ունի պահեստազորի ձևավորման գործում։ Նրա խոսքով՝ 6 ամսից մեկ տարվա ծառայությունը թույլ է տալիս պատրաստել անհրաժեշտ ռեզերվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ընտրել այն զինծառայողներին, որոնք հետագայում կարող են անցնել պայմանագրային ծառայության։
Այս համատեքստում պարտադիր զինծառայությունը շարունակում է մնալ պայմանագրային բանակի համալրման հիմնական աղբյուրներից մեկը։ Ներսիսյանը հիշեցնում է, որ արդեն այժմ գործում են ծրագրեր, որոնց շրջանակում ժամկետային զինծառայողները կարող են ծառայության մի հատվածից հետո անցնել պայմանագրային համակարգի՝ կնքելով երկարաժամկետ պայմանագիր։
Այսպիսով, նրա եզրակացությամբ, Հայաստանի համար առավել իրատեսական սցենարը մոտակա տասնամյակներում մնում է հիբրիդային՝ համակցված բանակի մոդելը, որը միաժամանակ ապահովում է թե՛ բավարար մարդկային ռեսուրս, թե՛ պրոֆեսիոնալացման աստիճանական աճ։

