Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը որպես նախապայման ներկայացնելը ցույց է տալիս, որ Բաքուն դեռևս ձգտում է երկարաձգել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ջոննի Մելիքյանը։
«Սահմանադրության փոփոխությունը՝ նախապայման է, հստակ իրենք դրա մասին խոսում են։ Երևանից արձագանքը տրվում է, որ ներքին գործընթացների մի մասն է»,– նշել է Մելիքյանը։ Քաղաքագետի կարծիքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Սահմանադրության փոփոխության պահանջը, ամենայն հավանականությամբ, վերջին նախապայմանը չի լինելու։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը ներկայում փորձում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում ժամանակ շահել և հնարավորինս երկարաձգել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ «Երբ որ խաղաղության պայմանագիրը լինի ստորագրված, վավերացված, իրենց ձեռքերը կապված են լինելու միջազգային իրավունքով կամ միջազգային խաղացողների նաև ճնշումների հնարավորությամբ»,– ասել է նա։ Մելիքյանի խոսքով՝ որքան երկարաձգվի գործընթացը, այնքան ավելի շատ ժամանակ կունենա Ադրբեջանը հետևելու տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Իրանի շուրջ իրավիճակին և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին, այդ գործընթացներից առավելագույնս շահելու մտայնությամբ։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները խաղաղության վերաբերյալ դեռևս ամբողջությամբ չեն համընկնում։ Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս չի հրաժարվել պատերազմից ստացած իր առավելությունը Հայաստանի նկատմամբ որպես գործիք օգտագործելու քաղաքականությունից։ Մելիքյանը որպես դրա դրսևորումներ նշել է «Արևմտյան Ադրբեջանի» թեզի առաջմղումը և այսպես կոչված «ալբանացման» գործընթացը, այդ թվում՝ հայկական եկեղեցիների վերաբերյալ առաջ քաշվող թեզերը։
Նրա խոսքով՝ նման խնդիրներ արդեն ի հայտ են գալիս ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի հետ հարաբերություններում։«Ադրբեջանը, այո, ըստ հայտարարությունների, խոսում է խաղաղությունից, բայց մի բան է՝ մենք Հայաստանում ինչպես ենք տեսնում խաղաղությունը և մեր պատկերացրած խաղաղությունը, և մեկ այլ բան է, թե Ադրբեջանում նույն խաղաղություն ասելով ինչ են հասկանում»,– նշել է Մելիքյանը։
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ կողմերի պատկերացումները խաղաղության վերաբերյալ հնարավորինս մոտենան միմյանց։

