Արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի ոչ շուտ, քան մեկ տարի անց

Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի միայն հաջորդ տարվա հունիսին։ Սյս մասին հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետների հարցում կան սահմանափակումներ, և համապատասխան գործընթացը կարող է տեղի ունենալ նոր գումարման Ազգային Ժողովի մեկ տարի աշխատելուց հետո, այսինքն՝  հաջորդ տարվա հունիսին։

Մինասյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններն անցկացնելն ունի իր քաղաքական տրամաբանությունը, սակայն դրա հնարավոր արդյունքները պետք է գնահատել՝ հաշվի առնելով նաև երկրի ներքին իրավիճակի զարգացումները։

Եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի շուրջ գործընթացների պատճառով մինչև ընտրությունները բարդանա երկրի էներգետիկ, տնտեսական և սոցիալական իրավիճակը, իսկ ընտրական գործընթացում ակտիվ կիրարվեն հիբրիդային հարձակումներն ու տնտեսական ճնշումները, ապա իշխող կուսակցության ընտրական արդյունքը կարող է սպասվածից վատ լինել։

Հաշվի առնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումը կապվում է նոր Սահմանադրության ընդունման հետ՝  Մինասյանը նշում է, որ մինչև այդ բոլոր գործընթացների ավարտը Ադրբեջանը նոր նախապայմաններ կառաջադրի՝ անկախ Հայաստանի կողմից նախկին պայմանների կատարման հանգամանքից։

Ըստ նրա՝ Ադրբեջանի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու հնարավորություն է։  Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը լավ է հասկանում Հայաստանի համար տարածաշրջանում ձևավորված և դեռ երկար ժամանակ պահպանվելիք ռազմատեխնիկական ու աշխարհաքաղաքական ուժերի անհավասարակշռությունը։ Այս պայմաններում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի դանդաղ ընթացքը, երբեմն նույնիսկ ձևական բնույթ ստանալը, Ադրբեջանի ներկայիս ղեկավարության համար շատ  ավելի ձեռնտու է։

Մինասյանի խոսքով՝ հակամարտության շարունակականությունը՝ Ադրբեջանի ուժային գերակայության պայմաններում, երկրի ղեկավարությանը լրացուցիչ հնարավորություններ է տալիս նաև ներքին խնդիրներ լուծելու համար։ Այդ խնդիրները ժամանակ առ ժամանակ սրվում են, և արտաքին հակամարտության առկայությունը կարող է ծառայել որպես ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու գործիք։

👉 Քաղաքականություն

Scroll to Top