The U.S. Calculation and Iran’s Reality: Will a More Concessive or a More Hardline Leader Emerge?

ԱՄՆ-ի հաշվարկն ու Իրանի իրականությունը․ կգա՞ ավելի զիջող, թե՞ ավելի կոշտ առաջնորդ

Արդեն հաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանի հոգևոր առաջնորդը սպանվել է։ Ստեղծված իրավիճակում առանցքային հարց է դառնում, թե ինչպիսի կառավարման մոդել և քաղաքական վերադասավորումներ են սպասվում Իրանին առաջիկա փուլում։ Արդյոք ներկայիս լարվածությունը և զարգացումները կարող են հանգեցնել համակարգային փոփոխությունների, և կա՞ արդյոք արտաքին դերակատարների՝ մասնավորապես Միացյալ Նահանգների և Իսրայելի համար հնարավորություն Իրանում առավել կանխատեսելի կամ ցանկալի իշխանության ստանալ։
Ալի Լարիջանին նոր իշխանության ձևավորման առանցքում

Ըստ իրանագետ Ժաննա Վարդանյանի՝ Իրանում արդեն սկսել է գործել Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի մեջ են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էժեին և Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին։ Այն գործելու է մինչև նոր առաջնորդի ընտրությունը, որին պատրաստվում են ընտրել 1-2 օրում։ 

«Ոչ պաշտոնական մակարդակում երևում է, որ Իրանի նոր իշխանության ձևավորման ընթացքում կարևոր դեր ունի Ալի Լարիջանին, որ այս պահին ԱԽ քարտուղարն է, նախկինում եղել է նաև խորհրդարանի նախագահ, երկրի նախագահի թեկնածու և այլն։ Ընդ որում, Լարիջանին «չափավորական» գործիչ է, որ արևմտյան ձևակերպմամբ կարելի է անվանել կենտրոնամետ։ Սա մեծացնում է պահպանողական և բարեփոխական թևերի հետ միաժամանակ աշխատելու նրա հնարավորությունները»՞- նշում է Վարդանյանը։

Ըստ փորձագետի՝ ուժային հավասարակշռության մեջ կարևոր է նաև զինվորականների և հատկապես ԻՀՊԿ ղեկավարների դերը։ «ԻՀՊԿ-ն ոչ միայն ռազմական, այլև խոշոր տնտեսական խաղացող է։ Եվ ապագա գերագույն առաջնորդի համար մարտահրավերներից մեկը լինելու է այս ազդեցիկ կառույցը (և ոչ միայն) իրեն ենթարկելու հարցը», — ասաց նա։

Դրա հետ մեկտեղ, Վարդանյանն ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ շարունակում է ակտիվությունը Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին։ «Նա նշել է, որ հիմա իշխանության փոխարինման ժամանակը եկել է, և ինքն առաջնորդում է այդ փոխարինումը։ Ըստ Փահլավիի՝ դա տևելու է առավելագույնը 2 տարի, և առանցքային է լինելու առաջին 100 օրը։ Դրա հետ զուգահեռ, Թրամփը հայտարարեց, որ ունի իր պատկերացումը, թե ով / ովքեր են լինելու Իրանի նոր իշխանությունը, բայց որևէ անուն չէր բացահայտել։ Ենթադրում եմ, որ հիմա ազդակների են սպասում Իրանի ներսից, որպեսզի հասկանան՝ ներկայիս վարչակազմի հետ աշխատելու են, թե ոչ», — նշում է իրանագետը։

Իրանն ավելի արմատական առաջնորդ է ղեկավարելու

Ըստ քաղաքական մեկնաբան Արմեն Այվազյանի՝  եթե ԱՄՆ-ն և Իսրայելը, հաշվարկել էին, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունից հետո ԻԻՀ-ում իշխանության կգա ավելի զիջող և պայմանավորվող գործիչ, ապա նրանք չարաչար սխալվում են։ Զարգացումները կարող են ընթանալ ճիշտ հակառակ ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ առավել հավանական է, որ նոր առաջնորդը կդառնա ավելի կոշտ և արմատական դիրքորոշումներով գործիզ, ոչ թե ռեֆորմիստական գծի ներկայացուցիչ։

Այվազյանը կասկածի տակ է դնում այն գնահատականները, թե առաջնորդի հեռացումից հետո դիվանագիտության հնարավորությունները կավելանան։ Նրա կարծիքով՝ նման պայմաններում բանակցային գործընթացների նկատմամբ վստահությունը նվազում է, և հասարակական ու քաղաքական տրամադրությունները կարող են ավելի կոշտանալ։

Նա հիշեցնում է, որ նախկին գերագույն առաջնորդի կողմից տրված կրոնական հրովարտակով արգելված էր միջուկային զենքի արտադրությունը՝ այն գնահատելով անբարոյական և հակակրոնական։ Սակայն ստեղծված իրավիճակում, ըստ Այվազյանի, չի բացառվում այդ մոտեցման վերանայումը։ Նա օրինակ է բերում Հյուսիսային Կորեաի փորձը՝ նշելով, որ միջուկային զենքի և դրա կրող հրթիռային համակարգերի ստեղծումից հետո այդ երկրի նկատմամբ ռազմական գործողությունների մասին խոսույթը գործնականում դադարել է։

Այդ համատեքստում քաղաքագետը չի բացառում, որ Իրանում կարող է ուժեղանալ այն դիրքորոշումը, համաձայն որի՝ անվտանգության միակ արդյունավետ երաշխիքը սեփական զսպման հզոր կարողությունների ձևավորումն է, ներառյալ՝ հնարավոր միջուկային բաղադրիչը։

Scroll to Top