Կարմիր խաչը դադարեցնում է Բաքվում պահվող հայ գերիների այցելությունները

Աբսուրդի թատրոն. Երբ իրավունքը որակվում է հանցագործություն

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում կայացված 20 տարվա ազատազրկման դատավճիռը քաղաքականացված և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող գործընթաց է։ Այս մասին նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիանուշ Սահակյանը։
20 տարվա ազատազրկում․ Վճեռ առանց բովանդակության

Սահակյանի խոսքով՝ այս փուլում հայտնի է միայն պատժաչափը՝ 20 տարվա ազատազրկում, սակայն դատավճռի բովանդակային մասը դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ։

«Մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են 400-ը գերազանցող դրվագներ՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Նույնիսկ բարեգործական նախաձեռնությունները որակվել են որպես հանցավոր գործունեություն»,– նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ որոշ դրվագներ վերաորակվել են, սակայն վերջնականորեն որ արարքներն են հաստատված համարվել և ինչ համակցությամբ է կիրառվել պատիժը, պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ պաշտպանության կողմը հնարավորություն ունենա ծանոթանալու ամբողջական դատավճռին։ Այս պահին, ըստ Սահակյանի, ընտանիքը դեռևս չի ստացել դատավճռի ամբողջական տեքստը։

Նա նաև տեղեկացրել է, որ հաջողվել է ստանալ այլ՝ ընդհանուր առմամբ 15 դատավարություններով կայացված վճիռների քաղվածքներ, սակայն Վարդանյանի գործով տեղեկատվությունը դեռևս լրացման կարիք ունի։

Ինքնորոշման իրավունքը՝ որպես «հանցագործություն»

Սահակյանը շեշտում է, որ ընդհանուր մոտեցումը, որը դրված է այս և այլ գործերի հիմքում, հետևյալն է՝ Արցախի ինքնորոշված միավորի հովանու ներքո իրականացված ցանկացած գործողություն Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես «անօրինական ռեժիմի» գործունեություն և, հետևաբար, հանցագործություն։

«Սա էապես հակադրվում է միջազգային իրավունքին։ Արցախի ինքնորոշման իրավունքը մերժված չէ միջազգային իրավունքով։ Ավելին՝ Արցախի կողմից միակողմանի անկախության հռչակումը չի ճանաչվել որպես միջազգային իրավունքը խախտող գործողություն»,– ընդգծել է նա։

Փաստաբանի խոսքով՝ միջազգային պրակտիկայում չկա նախադեպ, երբ ինքնորոշման իրավունք իրացրած առաջնորդները ենթարկվեն քրեական պատասխանատվության ահաբեկչության կամ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով՝ միայն այն հիմքով, որ նրանք գործել են այդ կարգավիճակում։

Հավաքական պատասխանատվությո՞ւն

Սահակյանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ դատավճռի հիմքում դրված են անգամ 1990-ականներին տեղի ունեցած իրադարձություններ։ Նրա գնահատմամբ՝ սա խոսում է ոչ թե անհատականացված քրեական պատասխանատվության, այլ հավաքական պատասխանատվության վերագրում կոնկրետ անձանց։

«Քրեական իրավունքը պահանջում է հստակեցնել յուրաքանչյուր դրվագի շրջանակում անձի կոնկրետ գործողությունը և մեղավորությունը։ Այստեղ, սակայն, տեսնում ենք, որ տարբեր ժամանակաշրջանների գործողություններ ընդհանրացվում են և վերագրվում կոնկրետ անձի՝ առանց բավարար անհատականացման»,– նշել է նա։

Փաստաբանի համոզմամբ՝ ողջ գործընթացը քաղաքականացված է, և խորհրդանշական առումով դատապարտվում է ոչ միայն կոնկրետ անձը, այլև Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ի դեմս նրա ղեկավարների։

Չբողոքարկելու որոշումը

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու պաշտպանության կողմը չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը վերին ատյաններում, Սահակյանը նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է գործընթացի նկատմամբ անվստահությամբ։ Նրա խոսքով՝ պաշտպանական թիմը չի ցանկանում դառնալ մի գործընթացի մաս, որը, իրենց գնահատմամբ, ավելի շատ բեմականացում է, քան արդար դատաքննություն։

Սահակյանը հավելել է, որ պաշտպանական աշխատանքը շարունակվում է միջազգային հարթակներում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ ներկայացվում են հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ փաստարկները։

Scroll to Top