Պարսից ծոցի շուկաները՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի կարևոր ուղղությու՞ն

Պարսից ծոցի շուկաները՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի կարևոր ուղղությու՞ն

Պարսից ծոցի երկրների շուկաները Հայաստանի համար զգալի ներուժ են ներկայացնում, սակայն այդ ուղղությամբ արտահանման ընդլայնումը պահանջում է ժամանակ, ներդրումներ և լոգիստիկ խնդիրների լուծում։ Այս մասին նշում է քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, գիտաշխատող Հայկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ արաբական երկրների շուկաները բավականին մեծ են և տեսականորեն կարող են հետաքրքիր հնարավորություններ ստեղծել հայկական արտադրողների համար։ Սակայն ոչ բոլոր ապրանքներն են այդ շուկաներում մրցունակ, հատկապես գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ այստեղ կարևոր դեր են խաղում ինքնարժեքը, մատակարարման ծավալներն ու մրցակցային պայմանները։

«Եթե խոսենք ամենահասանելի շուկաների մասին, ապա այս պահին առավել իրատեսական տարբերակը մնում են Արաբական Միացյալ Էմիրությունները և որոշ չափով Կատարը։ Հատկապես էմիրաթական շուկան կարող է հետաքրքիր լինել Հայաստանի համար, քանի որ նախկինում այնտեղ ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը գալիս էր Իրանից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ պարզ պատճառով որոշ բարդություններ են առաջացել», — նշում է փորձագետը։

Միաժամանակ, նա ընդգծում է, որ հայկական արտադրանքը ստիպված է լինելու այնտեղ մրցակցել թուրքական արտադրանքի հետ։ Այդ պատճառով Պարսից ծոցի շուկաներում գործունեությունը պահանջում է մանրակրկիտ հաշվարկներ և լուրջ նախապատրաստական աշխատանք։

Քոչարյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն մրցակցությունը չէ։ Շատ դեպքերում հայկական արտադրողները չեն կարող ապահովել այն ծավալները, որոնք պահանջում են խոշոր շուկաները։ Բացի այդ, այդ երկրներում շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է զգալի շրջանառու կապիտալ, ինչը սահմանափակում է բազմաթիվ տնտեսվարողների հնարավորությունները։

«Կան ընկերություններ, որոնք արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Դա ժամանակ և համակարգված աշխատանք է պահանջում», — ասում է նա։

Փորձագետի կարծիքով՝  պետական աջակցության ծրագրերի ազդեցությամբ բազմաթիվ տնտեսվարողներ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում եվրոպական շուկաներին, սակայն Պարսից ծոցի երկրները նույնպես կարևոր ուղղություն են ոչ միայն գյուղատնտեսական, այլև այլ արտադրատեսակների արտահանման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, առանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ լոգիստիկան։ Քոչարյանը նշում է, որ ամենակարճ և հարմար ուղին անցնում է Իրանի տարածքով, ուստի կարևոր նշանակություն ունեն ինչպես Իրանի շուրջ զարգացումները, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցության կապերի հնարավոր բացումը։

Փորձագետի գնահատմամբ՝ այս պահին Պարսից ծոցի շուկաներով զբաղվելու նախաձեռնությունը հիմնականում մնում է մասնավոր հատվածի ուսերին, իսկ պետական մակարդակով դեռևս չի ձևավորվել հստակ ռազմավարություն, որը կսահմանի այդ ուղղությամբ զարգացման առաջնահերթությունները։

«Այս ուղղությունը կարևոր է արտահանման դիվերսիֆիկացիայի համար, սակայն դժվար է ասել՝ կդառնա՞ արդյոք հիմնական շուկաներից մեկը։ Դա կախված է թե՛ հայաստանյան տնտեսվարողների հնարավորություններից, թե՛ միջպետական հարաբերությունների զարգացումից», — եզրափակում է Քոչարյանը։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top