Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի համար

Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի համար

Իրանի շուրջ ընթացող գործընթացները դեռ չեն հասել իրենց առավելագույն սրացման կետին, և առաջիկայում պետք է սպասել ավելի թեժ զարգացումների։ Ներկայիս փուլը միայն նախերգանքն է այն լայնածավալ հակամարտության, որը կարող է ձևավորվել ԱՄՆ–Իրան–Իսրայել եռանկյունու շրջանակում։ Այս մասին նշել է ռազմական  փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ 
Իրանի նոր մարտավարությունը՝ անակնկալ Վաշինգտոնի համար

Փորձագետը նշում է, որ այս պահին խոսքը հիմնականում օդային մարտերի մասին է։ Իրանը շարունակում է օդային դիմակայությունը, մինչդեռ ցամաքային գործողություններ առայժմ չեն արձանագրվել։ Սակայն դա, նրա կարծիքով, չի նշանակում, որ ցամաքային բախումները բացառված են ապագայում։ «Եթե երկու կողմն էլ մտածում է հաղթելու մասին, նշանակում է՝ հակամարտությունը լինելու է ավելի երկար և, ցավոք, ավելի արյունալի»,– ընդգծում է նա։

Հովհաննիսյանը կարևորում է այն փաստը, որ այս անգամ Իրանը գործեց բոլորովին այլ աշխարհագրությամբ և մարտավարությամբ։ Նախկինում, երբ Իրանի դեմ հարվածներ էին իրականացվում, պատասխանները հիմնականում ուղղվում էին Իսրայելի դեմ։ Սակայն այժմ պատկերը փոխվել է։ Իրանը հարվածներ է հասցնում ոչ միայն իսրայելական թիրախներին, այլև ամբողջ Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի տարածքում տեղակայված ամերիկյան, իսրայելական և արևմտյան ռազմաբազաներին։ Սա, ըստ փորձագետի, որակապես նոր իրավիճակ է ստեղծում։

Նրա խոսքով՝ նույնիսկ ԱՄՆ պաշտպանության համակարգում չեն թաքցրել, որ նմանատիպ լայնածավալ և բազմակողմանի հակահարձակվողական գործողություններ չէին կանխատեսում։ Սպասվում էր, որ Իրանը կսահմանափակվի մի քանի հրթիռային արձակմամբ, ինչպես նախորդ դեպքերում, որոնց մի մասը չէր հասնում իր նպատակակետին։ Սակայն իրականությունը այլ էր. «Խաղաքարտերը խառնվել են»,– փաստում է փորձագետը։

Ռազմաբազաներ, ավիակիրներ և հաշվարկված դիմակայություն

Հովհաննիսյանը նշում է, որ ամերիկյան կողմը նախապես հաշվարկում է՝ որքան ժամանակ կարող են այդ ուժերը գործել, ինչ ծավալի գործողություններ կարող են իրականացնել և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ։ Նրա խոսքով՝ ներկայիս ռազմական տեղաշարժերը վկայում են, որ Վաշինգտոնը պատրաստվել է հնարավոր երկարատև դիմակայության։

Հովհաննիսյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն բանակցային գործընթացը օգտագործում էր ժամանակ շահելու նպատակով՝ հետախուզական տվյալները ճշգրտելու և առաջին ալիքի հարվածներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Նա հիշեցնում է, որ նախորդ, այսպես կոչված, «12-օրյա պատերազմի» ընթացքում ևս բանակցային փուլին հաջորդել էին հարձակողական գործողություններ։ «Ստացվում է, որ երկրորդ անգամ բանակցություններին հաջորդում է հարձակում»,– նշում է նա՝ ընդգծելով նման օրինաչափության վտանգավոր բնույթը։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելը այնքան էլ հակված չեն Իրանի ներկայիս իշխանությունների հետ երկարաժամկետ պայմանավորվածությունների։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկներում առկա է իշխանափոխության հարցը։

Փորձագետը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահը հրապարակային մակարդակով խոսել է Իրանի ապագա ղեկավարության հնարավոր թեկնածուների մասին և անգամ հայտարարել, որ կարող է կարճ ժամանակում նշանակել համապատասխան թեկնածուներ։ Սա, ըստ Հովհաննիսյանի, վկայում է այն մասին, որ խոսքը միայն ռազմական ճնշման մասին չէ, այլ նաև քաղաքական վերաձևակերպման փորձի։

Առանց միջնորդների՝ դեպի լայնամասշտաբ պատերազմ

Փորձագետը հատկապես մտահոգիչ է համարում այն, որ հակամարտության ընդլայնման դեպքում տուժելու է խաղաղ բնակչությունը։ Իրանի տարածքում արդեն իսկ առկա են քաղաքացիական կորուստներ, սակայն վտանգը սահմանափակված չէ միայն մեկ երկրի շրջանակներում։

Եթե Իրանը հարվածներ հասցնի այն երկրների տարածքներում գտնվող ռազմաբազաներին, որտեղ առկա է քաղաքացիական ենթակառուցվածք և բնակչություն, ապա զոհերի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։ Սա, ըստ փորձագետի, հակամարտությանը կտա առավել անկանխատեսելի բնույթ։

Հովհաննիսյանի համոզմամբ՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե միջնորդ երկրները չկարողանան կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ։ «Եթե չլինի քաղաքական կամք և արտաքին միջնորդների ակտիվ ներգրավվածություն, հակամարտությունը կարող է դառնալ ավելի խորքային, երկարատև և արյունալի»,– եզրափակում է ռազմական փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ առաջիկա օրերն ու շաբաթները վճռորոշ են լինելու ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի համար։

Scroll to Top