ԵՄ-ն աննկատ վերադառնում է վիզային համակարգին

ԵՄ-ն աննկատ վերադառնում է վիզային համակարգին

Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, որը պետք է նոր հնարավորություններ ստեղծեր  ՀՀ քաղաքացիների համար դեպի ԵՄ ճանապարհորդությունների համար, արդեն բախվել է առաջին խոչընդոտներին։ Կողմերին մերձեցնելու և ճանապարհորդությունները հեշտացնելու ընդհանուր մտադրություններից անկախ, ԵՄ որոշ անդամներ, մասնավորապես՝ Լեհաստանը, առաջարկում են խստացնել վերահսկողությունը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Պատճառաբանությունը՝ ԵՄ երրորդ երկրներից ժամանող քաղաքացիների հանցավոր և անօրինական գործունեությունն է։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ երկիրը խնդիր ունի վրացական խմբավորումների հետ կապված կազմակերպված հանցավորության հետ։ Հանցագործության վերաբերյալ մտահոգությունները շարունակում են մնալ տաք թեմա նաև ԵՄ-ի և այլ երկրների միջև հարաբերություններում։ Այս լարվածությունը ռիսկեր է ներկայացնում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև բանակցությունների հաջող ավարտի համար, քանի որ Լեհաստանի կառավարությունը մտադիր է վճռական միջոցներ ձեռնարկել միգրացիայի վերահսկողության ոլորտում։

Ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Չեսլավ Մրոժեկը հուլիսի 30-ին RMF FM-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեհաստանը պատրաստում է Շենգենյան երկրներին ուղղված դիմում՝  մուտքի նոր կանոններ մտցնելու վերաբերյալ այն երկրների քաղաքացիների համար, որոնց Լեհաստանում գտնվելը, ըստ նախարարության, նպաստում է սպառնալիքների աճին: Նոր կանոններին ենթակա երկրների նախնական ցանկն արդեն կազմվել է։

Չնայած նախարարությունը դեռևս չի հրապարակել այդ երկրների պաշտոնական ցանկը, ոչ պաշտոնապես հայտնի է, որ դիտարկվում են չորս կոնկրետ երկրներ՝ Վրաստանը, Հայաստանը, Վենեսուելան և Կոլումբիան։

Ինչպես պարզել է Wprost.pl-ը, Վրաստանը և Հայաստանը այն երկրների շարքում են, որոնք հատկապես հաճախ են հայտնվում ոստիկանական հաղորդագրություններում։ «Վերջին ամիսներին վրացական խմբավորումները շատ ակտիվացել են, այդ թվում՝ Վարշավայում», — հաղորդում է RMF FM-ը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրություններին։ Ըստ վիճակագրության, ՀՀ քաղաքացիների շրջանում նույնպես հանցագործությունների թիվը բարձր տոկոս է կազմում, ինչը նույնպես անհանգստացնում է իրավապահ մարմիններին։

Ինչ վերաբերում է Վենեսուելային, ապա, ըստ Մրոժեկի, դա «մեծ մասամբ ռուսների կողմից վերահսկվող երկիր է», ինչը, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում, լուրջ մտահոգություն է առաջացնում։

Վիզային ռեժիմ արդեն ներդրվել է Լեհաստանում աշխատել ցանկացող կոլումբիացիների համար։ Այժմ Ներքին գործերի նախարարությունը պատրաստում է վիզային ռեժիմ մտցնելու հարցում Կոլումբիայից եկած բոլոր քաղաքացիների համար, այդ թվում  զբոսաշրջիկների։ Սա կապված է մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի հետ. Ներքին անվտանգության գործակալության տվյալներով՝ կոլումբիացի քաղաքացին Վարշավայում և Ռադոմում հրկիզել է երկու շինարարական պահեստ, ինչը որակվել է որպես դիվերսիա։

Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Լեհաստանի կառավարության ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանը «1in TV»-ին մեկնաբանել է թեման։ 

«ՀՀ դեսպանատունը քննարկումներ է անցկացնում Լեհաստանի համապատասխան մարմինների հետ՝ նման որոշման պատճառը հասկանալու համար», — տեղեկացրել է Բոյաջյանը։ 

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ ոչ պաշտոնական խողովակներով հնարավոր է եղել պարզաբանել, որ վիզային ռեժիմի խստացումը իսկապես կապված է այն փաստի հետ, որ այդ երկրների քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների տոկոսը վիճակագրության մեջ շատ բարձր է։ 

«Նաև Հայաստանի քաղաքացիները… Նրանք ստանում են վիզաներ, գալիս և զբաղվում են անօրինական գործունեությամբ։ Եվ սա կարող է լինել պատճառը, որ Հայաստանը հայտնվել է այս ցուցակում։ Սակայն այստեղ քաղաքական ենթատեքստ փնտրելու կարիք չկա։ Լեհաստանը շատ բարյացակամ է Հայաստանի հետ համագործակցության հարցում։ Հենց ԵՄ-ում Լեհաստանի նախագահության ժամանակ էր, որ առաջընթաց նշվեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում», — ասել է նա։

Հայաստանը ԵՄ քաղաքացիների համար վիզաները վերացրեց դեռևս 2013 թվականին։ 2014 թվականի հունվարին ուժի մեջ մտան ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը։ Եվ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի և Եվրամիության միջև պաշտոնապես մեկնարկեց ՀՀ քաղաքացիների համար վիզայի ազատականացման երկխոսությունը։ Անկախ դրանից, ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալու գործընթացը զգալիորեն բարդացել է։

Իրավիճակը VECTORS.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Կրակովի միջազգային քննարկումների տարածաշրջանային կենտրոնի համակարգող, պատմաբան, թուրքագետ (Յագելոնյան համալսարան) դոկտոր Կարոլինա Վանդա Օլշովսկան.

«Շենգենյան գոտուց դուրս գտնվող շատ երկրներ բողոքում են վիզաներ ստանալու հետ կապված լուրջ խնդիրներից: Այստեղ առաջատարների թվում, մասնավորապես, Թուրքիան է, որը տարբեր հանգամանքներում առաջ է քաշում վիզաների ազատականացումը որպես հետագա համագործակցության պայման: Թուրքիան այժմ մեծ խնդիրներ ունի վիզաների հետ կապված, նույնիսկ ուսանողները դժվարանում են վիզա ստանալ Լեհաստանում սովորելու համար, մինչդեռ մի քանի տարի առաջ դա շատ ավելի հեշտ էր: Հաշվի առնելով վերջին տարիներին ԵՄ տարբեր երկրներում չկարգավորված միգրացիայի հետ կապված լուրջ խնդիրները, ինչպես նաև այն փաստը, որ Ռուսաստանի քաղաքացիները երրորդ երկրներն են օգտագործում ԵՄ մուտք գործելու համար, չեմ կարծում, որ վիզաների վերացումը կամ դրանց պարզեցումը մոտ ապագայում իրատեսական կլինի»:

Միևնույն ժամանակ, փորձագետը բացատրեց, որ վիզաների հարցը կարգավորվում է ԵՄ մակարդակով, ուստի Շենգենի և ԵՄ-ի մաս կազմող երկրները չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել վիզաների վերաբերյալ, նրանք կարող են միայն խստացնել սահմանային վերահսկողությունը, բայց չփոխել վիզա պահանջող երկրների ցանկը: Սա նշանակում է, որ վիզայի վերացումը կամ, ընդհակառակը, վիզային ռեժիմի խստացումը կախված չէ մեկ երկրում հանցագործության վիճակագրության բարելավումից կամ վատթարացումից, «սա պետք է լինի ամբողջ ԵՄ որոշումը»։

Թվում է, թե միգրացիան, ավելի ճիշտ՝ անվերահսկելի միգրացիան, և որպես հետևանք՝ հանցագործությունը, իրականում այն խնդիրն է, որի հետ Եվրամիության մինչ այժմ իրականացվող վիզային քաղաքականությունը չի կարողացել հաղթահարել։ Երրորդ երկրների համար վիզաների վերադարձը նշանակում է պարտության ընդունում, ինչը ԵՄ-ն չի անի ներկայիս պայմաններում։ Հետևաբար, որոշվեց ներդնել նոր էլեկտրոնային համակարգ, որը պարտադիր կդառնա Շենգենյան գոտու հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգը (ETIAS):

2026 թվականին դրա ներդրումից հետո 59 երկրների քաղաքացիներ պետք է ստանան մուտքի թույլտվություն։ Նման թույլտվության արժեքը նախատեսվում էր սահմանել 7 եվրո, բայց այժմ քննարկումներ են ընթանում այն մինչև 20 եվրո բարձրացնելու մասին։ Թույլտվությունը կտրվի 3 տարով։ Կենսաթոշակառուներն ու անչափահասները թույլտվությունը կստանան անվճար։

«Չնայած ETIAS-ը պաշտոնապես վիզա չէ, այն վիզային համակարգին մի տեսակ «փափուկ վերադարձ» է, միայն էլեկտրոնային և միասնական ձևաչափով։ Դրա հիմնական խնդիրն է ստուգել, թե ով և ինչու է հատում ԵՄ սահմանները։ Սա պայմանավորված է անօրինական միգրացիայի աճով, ինչպես նաև տարբեր հիբրիդային անվտանգության սպառնալիքներով։ ETIAS համակարգը շատ նման է Մեծ Բրիտանիայի կողմից վերջերս ներդրված համակարգին», — նշում է Կարոլինա Վանդա Օլշովսկան։

Միաժամանակ, Ռուսաստանը ներդնում է թվային գրանցում այն երկրների քաղաքացիների համար, որոնք իրավասու են առանց վիզայի մուտքի համար: Ժամանումից 72 ժամ առաջ անհրաժեշտ է գրանցվել Gosuslugi RuID հավելվածի միջոցով և ստանալ QR կոդ՝ սահմանին ներկայացնելու համար: Արտակարգ դեպքերում դիմումը կարող է ներկայացվել ժամանումից առնվազն 4 ժամ առաջ: Ճիշտ է, հավելվածը դեռևս աշխատում է ընդհատումներով, ուստի գրանցումը մնում է կամավոր:

Թվում է, թե այսօր էլեկտրոնային վերահսկողությունը միակ մեխանիզմն է, որը ապահովում է տեղաշարժի ազատության և հասարակության պաշտպանության միջև հավասարակշռությունը: Աճող մարտահրավերների և սպառնալիքների դարաշրջանում սահմանները պարզապես բաց թողնելը չափազանց ռիսկային կլիներ:

Նախապատրաստեց Մարինա Բրուտյանը

Scroll to Top