Մոտ ապագայում համաներում չի իրականացվելու․ Սրբուհի Գալյան

Մոտ ապագայում համաներում չի իրականացվելու․ Սրբուհի Գալյան

Հայաստանում մոտ ժամանակներում համաներում իրականացնելու քաղաքական որոշում չկա․ այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով քրեակատարողական համակարգում ձևավորված իրավիճակն ու նախարարության ընթացիկ առաջնահերթությունները։

Նախարարի խոսքով՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս պահին պահվում է շուրջ 2845 ազատազրկված անձ, և վերջին շրջանում խնդիր է դիտվում կալանավորման աճի միտումը։ Գալյանի խոսքով՝ որոշ պահերի եղել է նույնիսկ 60% կալանավորվածների առկայություն՝ դատապարտյալների 40%-ի դիմաց, սակայն այսօր այդ հարաբերակցությունը հավասարվել է։

Գալյանը հիշեցրել է, որ մոտ մեկ տասնամյակ առաջ, 2014–2016 թթ., ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը հասել էր մինչև 4000, իսկ այժմ նման ծանրաբեռնվածություն չկա։ Դա, ըստ նրա, պայմանավորված է 2021 թվականից ներդրված այլընտրանքային խափանման միջոցներով՝ տնային կալանքով և վարչական հսկողությամբ։

Կալանքի կիրառման չափանիշները կմշակվեն, բայց համաներում չի լինի

Նախարարի խոսքով՝ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է ինչպես կալանքի կիրառման միասնական չափանիշների մշակումը, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմների կատարելագործումը։ Վերջին օրերին արդեն ավարտվել են համապատասխան օրենսդրական փաթեթի քննարկումները, և մոտ ժամանակում այն շրջանառության մեջ կդրվի։

Սակայն Գալյանը հստակ ընդգծեց՝ համաներում չի սպասվում, և նման քաղաքական որոշում մոտ ապագայում չի նախատեսվում․

«2018 թվականից հետո համաներում չի կիրառվել, և մոտ ապագայում նման քայլ չի ակնկալվում։ Չեմ բացառում, որ ապագայում գուցե սուր անհրաժեշտություն ստեղծվի, բայց այս պահին դրա կարիքը շոշափելի չէ»,– նշել է նախարարը։

Գալյանը նաև ընդգծեց, որ համաներումը որպես գործիք ունի սահմանափակումներ․ համաներման արդյունքում ազատվող անձանց վերասոցիալականացման մակարդակը հստակ չափելի չէ, ինչն էլ բերում է հավելյալ ռիսկեր ու խնդիրներ։

Անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր դեպքի համար

Համաներում չկիրառելու որոշման կարևոր պատճառներից մեկը, ըստ Գալյանի, այն է, որ համաներման համակարգը չի ապահովում անհատական մոտեցում․

«Հասարակություն վերադարձող անձինք չեն գնահատվում այն տեսանկյունից, թե արդյոք իրականում վերասոցիալականացվել են։ Սա բերում է մի շարք խնդրային իրավիճակների»,– նշեց նա։

Նախարարությունը, իր խոսքով, փորձում է զարգացնել անհատական որոշումների համակարգ՝ յուրաքանչյուր ազատազրկվածի գնահատելով նրա վարքի, վերասոցիալականացման հնարավորությունների և ուղղման մակարդակի տեսանկյունից։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top