Դոնալդ Թրամփի վերադարձով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շեշտադրումները զգալիորեն փոխվել են։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այսօր ավելի հակված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի, ոչ թե ուղիղ հակազդեցության։ Նման պայմաններում եվրոպական երկրները փաստացի մնացել են միայնակ՝ Ռուսաստանի հետ դիմակայության ուղղությամբ, ինչի արդյունքում նկատվում է Եվրոպայի ակտիվության աճ այդ թվում նաև մեր տարածաշրջանում։
«Եվրոպան հասկանում է, որ Ռուսաստանի հետ մրցակցային դաշտում մնացել է առանց ամերիկյան մասնակցության, ուստի փորձելու է ինքնուրույն առաջ տանել իր օրակարգը»,— նշել է Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ ռուս-եվրոպական հակադրությունը նոր միտում չէ․ դեռևս ցարական Ռուսաստանի, ապա՝ ԽՍՀՄ ժամանակներից աշխարհը տեսել է «թեժ» ու «սառը» հակամարտությունների տարբեր ձևաչափեր։ Նույն տրամաբանությունն է գործում այսօր․ աշխարհաքաղաքական մրցակցությունը մշտական է, քանի դեռ գոյություն ունեն պետություններ և գլոբալ խաղացողներ։
Չինաստանի մտնելը մրցակցության նոր մակարդակ է ձևավորում
Սարգսյանի խոսքով՝ միջազգային համակարգի փոփոխության ամենախոշոր գործոնը Չինաստանի վերելքն է․
«Եթե մի ժամանակ աշխարհը երկբևեռ էր, հետո միաբևեռ, ապա այսօր Չինաստանն է մտնում խաղի մեջ՝ պահանջելով իր տեղն ու դերը։ Այսինքն՝ մրցակցությունն ընդլայնվել է, և այն տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում»,— ընդգծում է նա։
Այս համատեքստում Հարավային Կովկասը բացառություն չէ։ Այստեղ խոշոր խաղացողների մրցակցությունը ուժեղացել է՝ դառնալով առավել բազմաշերտ։ Ըստ Սարգսյանի՝ եթե գլոբալ նպատակը ազդեցությունների բաշխումն է, ապա տարածաշրջանի երկրները դիտարկվում են որպես այդ մրցակցության գործիք։
Հարավային Կովկասը՝ տարածաշրջանային ազդեցության գոտիների ձևավորման փուլում
Սարգսյանի գնահատմամբ, արտաքին դերակատարները Հարավային Կովկասը դիտարկում են ոչ թե որպես առանձին պետությունների, այլ որպես միասնական տարածաշրջանի վրա ազդեցություն ձեռք բերելու հարթակ։ Նա օրինակ է բերում Բալթյան երկրների մոդելը, որտեղ երեք պետությունները 1990-ականների սկզբից միասին են շարժվել ՆԱՏՕ-ի և ԵՄ ուղղությամբ։ Հարավային Կովկասում նման միասնություն չկա, ինչն էլ թույլ է տալիս արտաքին ուժերին մրցակցել առանձին երկրների վրա ազդելու ճանապարհով։
Չինաստանի հետ հարաբերությունների խորացման բացթողումը
Անդրադառնալով Չինաստանի դերին՝ Սարգսյանը ընդգծում է, որ Հայաստանը վերջին երկիրն էր տարածաշրջանում, որը ստորագրեց ռազմավարական համագործակցության փաստաթուղթ Պեկինի հետ․
«Եթե Չինաստանի հետ համագործակցության պոտենցիալը 100 է, ապա մենք այսօր գործում ենք հինգի շրջանակներում։ Սա լուրջ բացթողում է»,— ասում է նա։
Սարգսյանի համոզմամբ, Չինաստանը այնպիսի պետություն է, որի հետ հարաբերություններում պասիվություն ունենալը սխալ ռազմավարություն է․
«Ամբողջ աշխարհը խորացնում է կապերը Չինաստանի հետ՝ հասկանալով նրա դերակատարումն ու առաջատար դիրքերը։ Հայաստանը պետք է ակտիվացնի իր համագործակցությունը, այլընտրանք պարզապես չկա»,— ընդգծում է քաղաքագետը։

