Հայաստանի շուրջ լարվածության հետևում ավելի մեծ աշխարհաքաղաքական շահեր են

Հայաստանի հարցի սրումը ծառայում է Ռուսաստանի՝ ԵԱՏՄ մյուս երկրների, հատկապես Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հարաբերություններում իր դիրքերը պահպանելու և Եվրամիության հնարավորությունները սահմանափակելու նպատակին։ Նման կարծիքի է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարն ինքնին այնպիսի լուրջ և իրատեսական գործընթաց էր, որ պետք է առաջացներ  Մոսկվայի այդչափ կոշտ արձագանքը։ Բադալյանի կարծիքով՝ եվրոպական ուղղության շուրջ բարձրաձայնվող մտահոգությունների և Հայաստանին ներկայացվող վերջնագրային պահանջների հետևում կարող են լինել այլ քաղաքական խնդիրներ, որոնց լուծման համար օգտագործվում է հայկական թեման։

Ռուսաստանի համար առանցքային ուղղությունը Կենտրոնական Ասիան է

Բադալյանի գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամ պետություններն այսօր ունեն իրենց դիրքորոշումներն արտահայտելու հնարավորություն։ Թեև Ռուսաստանը կազմակերպությունում մեծ դեր ունի, նա չի կարծում, որ Մոսկվան պարզապես պարտադրում է իր դիրքորոշումը մյուս անդամներին։ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում, նրա կարծիքով, կարող է առկա լինել ընդհանուր դիրքորոշում, սակայն հարցի առանցքը պետք է փնտրել ավելի լայն քաղաքական համատեքստում։

Մեկնաբանը հատկապես կարևորում է Ռուսաստանի հարաբերությունները Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան Կենտրոնական Ասիայում լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած` այդ երկրների կապերը Եվրամիության հետ Հայաստանի կապերից պակաս սերտ չեն։ Ավելին՝ ԵՄ-ն Կենտրոնական Ասիայի երկրների հետ աշխատում է տարբեր ձևաչափերով, և այդ համագործակցությունն ավելի առարկայական է։

Հայաստանի պարագայում, Բադալյանի գնահատմամբ, եվրոպական ինտեգրման մասին հռետորաբանությունից այն կողմ առարկայական բովանդակությունը գրեթե բացակայում է։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հենց Հայաստանի եվրոպական հեռանկարը նման սուր արձագանքների և վերջնագրային պահանջների պատճառ դառնում։

Նրա վարկածով՝ Հայաստանի հարցի սրումը կարող է Ռուսաստանի համար նախապես ձևավորել քննարկումների այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որ գործընթացները զարգանան Մոսկվայի համար ավելի կարևոր ուղղություններում՝ հատկապես Կենտրոնական Ասիայում։ Այդ տարածաշրջանը կարևոր է նաև Եվրամիության համար, ուստի այնտեղ Ռուսաստանի և եվրոպական կառույցների շահերը բախվում են։

Այս հանատեքստում Հայաստանը կարող է դիտարկվել որպես միջանկյալ հատված՝ ճանապարհային օղակ, որի նշանակությունը կախված է ավելի մեծ տարածաշրջանային խնդիրների լուծումից։ Բադալյանի մեկնաբանությամբ՝ հիմնական պայքարը ծավալվում է Կենտրոնական Ասիայի շուրջ, իսկ Հայաստանի հարցը օգտագործվում է այդ ուղղությամբ քաղաքական միջավայր ձևավորելու համար։

Ռուսաստան–ԱՄՆ–Չինաստան ձևաչափը և Եվրոպայի մտահոգությունը

Բադալյանի ներկայացրած երկրորդ գործոնը աշխարհաքաղաքական ավելի լայն վերադասավորումներն են։ Նրա գնահատմամբ՝ ձևավորվում է Ռուսաստան–ԱՄՆ–Չինաստան եռյակ, որի շրջանակում քննարկվում են համաշխարհային նշանակության հարցեր։ Մեկնաբանը նշում է, որ նոյեմբերին Չինաստանում նման եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հնարավորության մասին արդեն բացահայտ խոսվում է, թեև դրա անցկացումը դեռ հաստատված չէ։

Նրա կարծիքով՝ նման ձևաչափը մտահոգիչ է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի համար, քանի որ Եվրոպան դուրս է մնում այդ շրջանակից։ Եթե Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան մտահոգված են համաշխարհային նշանակության հարցերի շուրջ ձևավորվող գործընթացներից դուրս մնալու հեռանկարով, ապա, Բադալյանի վարկածով, կարող են առաջանալ այդ ձևաչափի մասնակիցների շահերը այլ ուղղություններում խոչընդոտելու փորձեր։ Հարավային Կովկասը նման ուղղություններից մեկն է, իսկ հայ-ադրբեջանական գործընթացը կարող է դառնալ այն հարթություններից մեկը, որտեղ հնարավոր է խափանել կամ բարդացնել այդ շահերի իրագործումը։

Այս տրամաբանության մեջ Բադալյանը դիտարկում է նաև Ռուսաստանի և, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործոնի պայմաններում, Միացյալ Նահանգների հնարավոր շահագրգռվածությունը՝ սահմանափակելու Եվրամիության և Մեծ Բրիտանիայի գործողությունների ազատությունը Հարավային Կովկասում։

Նրա մեկնաբանությամբ՝ դրա համար կարող է անհրաժեշտ լինել, որ եվրոպական կողմը ստիպված լինի պատասխանատվություն կրել Երևանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Հայաստանին ներկայացվող փակուղային, առերևույթ վերջնագրային պահանջները կարող են այդ իմաստով կաշկանդել Եվրամիությանն ու Մեծ Բրիտանիային՝ սահմանափակելով նրանց հնարավորությունը՝ միջամտելու կամ խոչընդոտելու տարածաշրջանում ընթացող գործընթացներին։

Այսպիսով, Բադալյանի վարկածով, Հայաստանի շուրջ ստեղծվող լարվածությունը կարող է ունենալ ավելի լայն նշանակություն, քան ենթադրում է միայն Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստը։

Ադրբեջանի վարքագծի փոփոխությունը՝ ավելի լայն զարգացումների ֆոնին

Բադալյանը նշում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո վերջին շաբաթներին նկատելի փոփոխություններ են եղել Ադրբեջանի վարքագծում։ Նա առանձնացնում է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի սահման ներթափանցելու միջադեպը, ինչպես նաև ավելի ուշ տարածված տեղեկությունը մոլորված ադրբեջանցի քաղաքացու մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, եկել էր սպիտակ դրոշ պարզած։

Մեկնաբանի խոսքով՝ նման միջադեպերը կարող են փոխել իրավիճակը և դառնալ ավելի լայն՝ տարածաշրջանային զարգացումների մեկնարկային ազդակներ։ Հենց այդ պատճառով նա դրանք դիտարկում է ոչ միայն որպես առանձին սահմանային կամ տեղային իրադարձություններ, այլև ուշադրություն է հրավիրում դրանց ժամանակագրության վրա։

Բադալյանը չի պնդում, որ այդ միջադեպերը նախապես կազմակերպվել են որևէ ավելի մեծ ծրագրի շրջանակում։ Սակայն, նրա կարծիքով, երբ դրանք տեղի են ունենում աշխարհաքաղաքական ավելի լայն գործընթացներին զուգահեռ, այդ ժամանակագրական համընկնումը հիմք է տալիս ուսումնասիրելու հնարավոր կապերը և իրադարձությունները դիտարկելու ավելի լայն քաղաքական համատեքստում։

👉 Քաղաքականություն

Scroll to Top