Իրան, Ադրբեջան և Թուրքիա․ ԱԹՍ-ների միջադեպի շուրջ երեք հնարավոր սցենար

Իրան, Ադրբեջան և Թուրքիա․ ԱԹՍ-ների միջադեպի շուրջ երեք հնարավոր սցենար

Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները աստիճանաբար ներգրավում են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին Մերձավոր Արևելքում։  Հարավային Կովկասը, ըստ ամենայնի նույնպես անմասն չի մնա այդ գործընթացներից։ Վերջին օրերին տեղեկատվական դաշտում լայն արձագանք ստացավ Ադրբեջանից տարածված հաղորդագրությունը, ըստ որի՝ Նախիջևանի ուղղությամբ իրականացվել են դրոնային հարվածներ, որոնց հետևանքով վնասվել են քաղաքի օդանավակայանի տերմինալները և հարակից ենթակառուցվածքները։ 

Մի քանի օր անց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվեց հայտարարություն կամ ակնարկ, ըստ որի՝ Նախիջևանում հայտնաբերված ԱԹՍ-ները իրականում ադրբեջանական ծագում ունեն։ 

ԱԹՍ-ների շուրջ հարցեր և անորոշություններ

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի գնահատմամբ՝ վերջին օրերին շրջանառվող ԱԹՍ-ների հետ կապված տեղեկությունները կարող են ունենալ մի քանի տարբեր վարկածներ, սակայն այս փուլում վերջնական եզրակացություններ անել հնարավոր չէ։

Փորձագետը ընդգծում է, որ դեսպանատան հրապարակմանը նախորդող օրերին արդեն շրջանառվում էին որոշ տեղեկություններ և լուսանկարներ, որտեղ երևում էր, որ ԱԹՍ-ների վրա կամ դրանց դետալների վրա առկա են ադրբեջաներեն գրություններ։

Այս հանգամանքը միանգամից մի շարք հարցեր է առաջացնում՝ կապված սարքերի իրական ծագման, արտադրության վայրի և արձակման կետի հետ։ 

Հնարավոր սադրանքի վարկածը

Առաջին հնարավոր տարբերակը, ըստ Գեղամյանի, այն է, որ տեղի ունեցածը կարող է լինել իսրայելական սադրանք՝ ուղղված Ադրբեջանին հակամարտության մեջ ներքաշելու հիմնավորման։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում Ադրբեջանը հազիվ թե գործեր ամբողջովին ինքնուրույն․ ամենայն հավանականությամբ այն կգործեր Թուրքիայի հետ համադրելով իր քայլերը կամ առնվազն Թուրքիայի թույլտվությամբ։

Այս դեպքում, ինչպես նշում է փորձագետը, սադրանքի նպատակներից մեկը կարող էր լինել նաև Թուրքիային Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ ներքաշելը։ Գեղամյանը հիշեցնում է, որ դրանից մեկ օր առաջ Թուրքիայի տարածքում հայտնաբերվել և խոցվել էր անհայտ ծագման, սակայն իրանական վերագրվող հրթիռ։ Եթե այս երկու դեպքերը դիտարկվեն միասին, ապա կարող է ձևավորվել այնպիսի պատկեր, որը ցույց է տալիս Թուրքիային հակամարտության մեջ ներգրավելու փորձ։

Իրանական ներգրավվածության վարկածը

Երկրորդ հնարավոր տարբերակը, ըստ փորձագետի, այն է, որ ԱԹՍ-ները իրականում կարող էին արձակված լինել Իրանի կողմից։

Թեև իրանական պետությունը պաշտոնապես հերքում է նման մասնակցությունը, Գեղամյանը նշում է, որ այս վարկածը ամբողջովին բացառել չի կարելի։ Նրա խոսքով՝ նման ենթադրությունը կապված է Իրանում կառավարման ներկա կառուցվածքի հետ։

Փորձագետը հիշեցնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունից հետո երկրի կառավարման համակարգը որոշակիորեն անցել է «մոզայիկային» սկզբունքի։ Սա նշանակում է, որ տարբեր գերատեսչություններ և իշխանության ճյուղեր, այդ թվում նաև ռազմական կառույցները, որոշ հարցերում կարող են գործել հարաբերական ինքնավարությամբ։

Այս պայմաններում հնարավոր է, որ որոշ ռազմական ստորաբաժանումներ որոշումներ ընդունեն ինքնուրույն՝ առանց կենտրոնական իշխանության անմիջական հաստատման։ Գեղամյանի խոսքով՝ նման դեպքեր նախկինում արդեն արձանագրվել են։ Օրինակ՝ Օմանի ուղղությամբ հասցված հարվածից հետո Իրանի կենտրոնական իշխանությունները փաստացի ընդունեցին, որ այն ցանկալի զարգացում չէր, ինչը կարող է վկայել, որ գործողությունը իրականացվել էր առանձին ստորաբաժանման կողմից։

Նման տրամաբանությամբ հնարավոր է պատկերացնել, որ Նախիջևանի ուղղությամբ գործող որևէ զորամիավորման հրամանատար կարող էր որոշել նման քայլով նախազգուշացնել Բաքվին։

Գեղամյանը հիշեցնում է, որ Իրանում անօդաչու սարքերի ստորաբաժանումները հիմնականում ենթարկվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։ Այդ կառույցը, ըստ փորձագետի, ինքնին առանձին և ազդեցիկ ռազմական ուժ է, որի դերակատարությունը հաճախ առանձնանում է այլ պետական գերատեսչություններից։

Իսրայելական ակտիվության կանխարգելման հնարավոր փորձ

Հենց այս համատեքստում է, որ որոշ տեղեկատվական աղբյուրներ ակնարկում են, թե տեղի ունեցածը կարող էր լինել իրանական կանխարգելիչ հարված՝ ուղղված Նախիջևանում և հարակից սահմանային գոտիներում հնարավոր իսրայելական ակտիվության դեմ։

Այս ենթավարկածի համաձայն՝ Իրանը կարող էր փորձել ազդանշան ուղարկել Ադրբեջանին և Թուրքիային՝ ցույց տալով, որ տվյալ տարածքում չի հանդուրժի իսրայելական ռազմական կամ հետախուզական ներկայությունը։

Գեղամյանը նշում է, որ տարբեր անուղղակի տեղեկություններ արդեն վաղուց են մատնանշում, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հարավային հատվածներում՝ Արաքսի մերձակայքում, հնարավոր է իսրայելական որոշակի ակտիվություն՝ հետախուզական կամ ռադիոլոկացիոն բնույթի։

Եթե այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանեն, ապա ԱԹՍ-ների միջադեպը կարող էր լինել կանխարգելիչ բնույթի գործողություն՝ ուղղված այդ ակտիվության սահմանափակմանը։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top