Իրանի նոր առաջնորդ՝ Խամենեիի որդին․ Ի՞նչ ուղերձ է հղում Թեհրանն աշխարհին

Իրանի նոր առաջնորդ՝ Խամենեիի որդին․ հայրը դե՞մ էր նրա թեկնածությանը

Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ երկերի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի երկրորդ որդի՝ Մոջթաբա Խամենեին։
Ընտրությունն ունի ռազմաքաղաքական պատճառաբանություն

Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։ Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։

«Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն», — նշեց նա։ 

Եվ ի վերջո, ընդգծեց իրանագետը,  այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն։

Ալի Խամենեին դեմ է եղել

Իրանագետ Ժաննա Վարդանյանն իր հերթին նշում է․ «Հիմա շատ է խոսվում, որ նրան առաջնորդ են ընտրել ԻՀՊԿ ճնշմամբ։  Եթե լուրը ճիշտ է, Մոջթաբա Խամենեին, ըստ ամենայնի, շարունակելու է հոր գիծը և գուցե՝ ավելի կոշտ մոտեցում որդեգրի՝ հաշվի առնելով թե՛ իր նախկին գործունությունը, թե՛ ԻՀՊԿ հետ կապերը, թե՛ Իրանին համակած նոր պայմանները»։ Վարդանյանը ընդգծեց, որ  այս ամենի մեջ կարևոր ու խոցելի հարցերից է մնում հանրության արձագանքը՝ հաշվի առնելով նրա անձին նկատմամբ իրանական հասարակության որոշ շերտերի վերաբերմունքը։։ 

«Առաջնորդության նկատմամբ նրա հավակնությունների մասին դեռ խոսում են 2000-ականներից։  Այդ ժամանակ բարեփոխականների շրջանում կար կարծիք, որ նա կարողացել է անհրաժեշտ համաձայնություն ձեռք բերել ԻՀՊԿ հետ՝ հաջորդ առաջնորդ դառնալու համար։ 2005, 2009 թթ․ նախագահական ընտրություններում Մոջթաբան աջակցել է Մահմուդ Ահմադինեժադին։ Ավելին, նրան մեղադրում են նաև 2009թ․ ընտրությունների արդյունքները հօգուտ Ահմադինեժադի կեղծելու մեջ։

Այս առումով հատկանշական է, որ ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ հնչում էր նաև «Մոջթաբա, մեռնես, առաջնորդությունը չտեսնես» կարգախոսը», — պատվեց իրանագետը։ 

Ավելին՝ շրջանառվում է նաև, որ Ալի Խամենեին հենց ինքը դեմ է եղել, որ իր որդին լինի հաջորդ առաջնորդը կամ առհասարակ քննարկվի նրա թեկնածությունը։ «Նրա համար խնդիր էր իշխանության ժառանգական փոխանցումը, մոտեցում, որը հակասում է իսլամական հեղափոխության արժեքներին։ Փոխարենն Ալի Խամենեիի համար ցանկալի թեկնածու էր Էբրահիմ Ռայիսին։ 2010-ականների կեսերից հատկապես որպես գերագույն առաջնորդի հավանական ու առաջնային թեկնածու սկսվեց շրջանառվել Էբրահիմ Ռայիսիի անունը։ Կային մի շարք ցուցիչներ, որ համակարգը հենց նրա առաջնորդությանն էր պատրաստվում», — նշեց նա։ 

👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top