Վերջին օրերին տեղեկատվական դաշտում լայն արձագանք ստացավ Ադրբեջանից տարածված հաղորդագրությունը, ըստ որի՝ Նախիջևանի ուղղությամբ իրականացվել են դրոնային հարվածներ, որոնց հետևանքով վնասվել են քաղաքի օդանավակայանի տերմինալները և հարակից ենթակառուցվածքները։ Դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իրանի դեսպանը՝ բացատրություն տալու համար։
Նախիջևանի ուղղությամբ հարվածների մասին լուրերը
Ըստ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանի՝ Թեհրանը դեռևս չի հաստատել և չի հերքել այս հարվածների իրականացումը։
«Այժմ մենք չունենք Իրանի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք միայն ունենք տեղեկություն, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, և արդեն այդ քննարկումներից հետո հնարավոր կլինի ավելի հստակ հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչ նպատակներ կարող էին հետապնդվել», — նշում է Իսկանդարյանը։
Իրանագետը չի բացառում, որ տեղի ունեցածը կարող էր լինել Իրանի պատասխանը Բաովի որոշ գործողությունների, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվում։ Իսկանդարյանի խոսքով՝ Իրանի համար լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ ըստ առկա տեղեկատվության Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նրա համար անհրաժեշտ նավթային հումքը։
Այս վարկածի օգտին խոսում են նաև չճշտված տեղեկություններն այն մասին, որ իրանական կողմը փորձ է արել հարվածել նաև Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարին Թուրքիայի տարածքում։ Սակայն թուրքական կողմը, կրկին չճշտված տվյալների համաձայն, կարողացել է որսալ այդ հրթիռները։
Իսկանդարյանը հիշեցնում է, որ այս նավթատարը կարևոր դեր ունի տարածաշրջանային էներգետիկ համակարգում և ապահովում է նաև Իսրայելի կարիքների 30%։
«Այն հանգամանքը, որ փորձ է արվում վնասել այդ խողովակաշարը, որն ապահովում է նաև Իսրայելի պահանջների մի մասը, արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինչպիսի կարևորություն ունի այս ենթակառուցվածքը ներկայիս պատերազմական իրավիճակում», — նշում է նա։
Ապակայունացման ռիսկեր Հարավային Կովկասում
Իրանագետի գնահատմամբ՝ եթե նման զարգացումները շարունակական բնույթ ստանան, ապա տարածաշրջանային անվտանգության համակարգը կարող է լրջորեն խախտվել։
«Եթե նման քայլերը շարունակվեն, բնականաբար Կովկասը ևս կարող է ներգրավվել այս գործընթացների մեջ», — ասում է Իսկանդարյանը։
Միևնույն ժամանակ նա հույս է հայտնում, որ Իրանը կփորձի խուսափել իրավիճակի լայնամասշտաբ սրացումից տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ Իրանի ռեսուրսները սահմանափակ են, և երկիրը չի կարող միաժամանակ ներգրավված լինել մի քանի ուղղություններով լայնածավալ հակամարտություններում։
«Ի վերջո Իրանի ռեսուրսները անսահմանափակ չեն։ Նա չի կարող միաժամանակ հակամարտության մեջ լինել Պարսից ծոցի երկրների հետ, աշխարհի թիվ մեկ հզոր երկրի՝ Միացյալ Նահանգների հետ, Իսրայելի հետ, և հիմա էլ Կովկասում Ադրբեջանի հետ», — ընդգծում է նա։
Իսկանդարյանի գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում Իրանի համար կարող են առաջանալ շատ ավելի ծանր հետևանքներ։
«Ակնհայտ է, որ նման իրավիճակում նրա ռեսուրսները կարող են արագ սպառվել, և դա կարող է բերել շատ ավելի բարդ զարգացումների Իրանի Իսլամական Հանրապետության համար», — նշում է իրանագետը։
Միաժամանակ նա հույս է հայտնում, որ Թեհրանը կկարողանա գտնել ճիշտ քաղաքական և ռազմավարական լուծումները՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

